Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը․ ՄԻՊ աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ

Մայիս 13,2021 13:08

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:

Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում:

Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացառապես իր իրավասության սահմաններում և աշխատելու է հնարավորինս հրապարակային:

Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը:

Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին ։

Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

Անհրաժեշտ համագործակցություն կապահովվի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31