Այսօր կառավարությունը որոշեց 2022 թվականից սահմանել գիտաշխատողների եւ գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ: Մինչեւ 2025 թվականը նախատեսվում է գիտաշխատողների եւ գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի աստիճանական աճ, որը կհամապատասխանի ՀՀ-ում այսօրվա համար որոշակիորեն մրցունակ աշխատավարձային սանդղակին: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը. «Աշխատավարձի բարձրացումը կատարվելու է ատեստավորման հիման վրա եւ հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշներին համապատասխան պահանջների սահմանման համար: Այժմ գիտաշխատողի միջին աշխատավարձը կազմում է 90,4 հազար դրամ, իսկ այս որոշման ընդունումից հետո 2025 թվականին այդ 90 400 դրամը կդառնա 276 000 դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր կազմում է 141 400 դրամ, 2025-ին կկազմի 477 200 դրամ»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց՝ այսօրվա 4 միլիարդ դրամի փոխարեն բազային աշխատավարձի չափաքանակը կլինի 7,7-7,8 մլրդ դրամ, իսկ 2025-ին այն դառնալու է 14,4 մլրդ դրամ. «Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն այսօր 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ 553 հազար դրամ: Նաեւ ծրագրային ֆինանսավորումն է ավելացել»:
Տիգրան Ավինյանի պարզաբանմամբ, նշած թվերը վերաբերում են միայն բազային աշխատավարձին եւ ոչ թե ծրագրային ֆինանսավորմանը, թեեւ այն եւս այս տարի ավելացել է. «Գիտության ոլորտում Հայաստանի նման երկիրն ունեցել է Ալիխանյաններ, Մերգելյաններ եւ Համբարձումյաններ, որեւէ բան մեզ չպետք է խոչընդոտի նման գիտնականներ ունենալ նաեւ տեսանելի ապագայում»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով, ըստ էության առաջիկա 3 տարիներին գիտաշխատողներին բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: Բացի այդ, թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են գիտաշխատողները. «Այսինքն` գիտնականի աշխատավարձը ՀՀ-ում դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ. Աշխատավարձերի բարձրացման մեխանիզմ է ձեռնարկվել եւ գիտությամբ զբաղվելը ավելի գրավիչ դարձնելու մեխանիզմ է գործարկվում, որը իր բարերար ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլ նաեւ ամբողջ տնտեսության վրա»:
Կարդացեք նաև
Փաշինյանը նշեց, որ այս փոփոխությունները մեկնարկեցին 2019-2020 թվականներից եւ այս որոշումները շղթայի մի մասն են օրենսդրական փոփոխություններից հետո: Ըստ Նիկոլ Փաշինյանի, պատահական չէ, որ մի կողմից ընդունում են նախակրթության չափորոշիչը, մյուս կողմից գիտական ֆինանսավորման ավելացման որոշում. «Շղթայի հիմքում ժողովրդագրությունն է, նաեւ չլուծված խնդիր ունենք կապված ընդունելության տեղերի հետ, քանի որ բուհական տեղերի բաշխումը եւ միջին մասնագիտական համակարգի տեղերի բաշխումը եւ բանաձեւային կապը աշխատաշուկայի եւ տնտեսության հետ չենք կարողացել ձեւակերպել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ