Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Հայաստանի վճռաբեկ դատարանի՝ խորհրդատվական եզրակացության հայցը

Մայիս 13,2021 11:48

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է 2021 թ. մարտի 11-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացության հարցումը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով:

Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ դիտավորությամբ բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և որոնց հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին: Միաժամանակ, նույն դատական ակտով Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Դիմումը կքննի ՄԻԵԴ Մեծ պալատը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31