Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստուգե՞լ եք իրենց պահեստները, այնտեղ վառելիք չկա՞ր». ընկերությունը կդիմի դատարան, եթե «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարտքը չվճարի. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2021 11:52

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն չի ընդունում իրեն վառելիք մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունները, պարտքը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունից:

«Հաշվապահորեն գոյություն ունի փոխադարձ հաշվարկման արձանագրություններ, բայց տվյալ ընկերությունը չի համաձայնում ստորագրել»,-ասաց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչը՝ չցանկանալով հրապարակել անունը: Նա հավելեց, որ խոսքը 3 ամսվա ընթացքում կուտակված պարտքի մասին է:

Հիշեցնենք՝ այսօր այն երթուղիներում, որոնք սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, քաղաքացիները չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք չունեն:

«Դուք ստուգե՞լ եք իրենց պահեստները: Այնտեղ վառելիք չկա՞ր»,- հարցադրում արեց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ի ներկայացուցիչը՝ հավելելով՝ բոլորս էլ շատ լավ ենք հասկանում խոսքի ուժը: Վերջինս նաեւ նշեց, որ այսօր, օրվա երկրորդ կեսից հետո «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին արդեն վառելիք է մատակարարվել:

«Մենք մեր պարտավորությունները շարունակելու ենք կատարել: Այսօր մատակարարել ենք, վաղն էլ ենք մատակարարելու, բայց եթե բանակցությունների ընթացքով չգանք որոշակի համաձայնության, դիմելու ենք դատարան»,- փոխանցեց «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչը:

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը սպասարկում է ինչպես Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այնպես էլ «Երեւանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երեւանի վարչական շրջանները եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունները, սակայն, ընկերության աշխատակցի վստահեցմամբ՝ վերոնշյալ խնդիրը միայն «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ է:

«Հիմա ստացվեց, թե մենք չարամտորեն խոչընդոտել ենք հանրային տրանսպորտի աշխատանքին: Եկեք նաեւ չբացառենք, որ սա կարող էր դիտավորությամբ կազմակերպված լինել»,-շեշտեց ընկերության ներկայացուցիչը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31