ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ իրենց համատեղ հայտարարություններում հստակ արձանագրել են, թե իրենց համար անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ հիմա համանախագահները որևէ ծպտուն չեն հանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու իրագործվող հանցագործությունների առիթով։
Դա էլ բավարար չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ավարտից մոտ վեց ամիս հետո նոր հիշում են, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել հայ ռազմագերիներին ու հրաժարվում է նրանց վերադարձնել։ Բայց ուշագրավ է, որ համանախագահների՝ առանց այն էլ ուշացած հայտարարության մեջ տեղ չի գտնում անգամ «ռազմագերի» ձևակերպումը, նրանք կոչ են անում ընդամենը վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին։
Աչք է ծակում նաև այն հանգամանքը, որ միջնորդները գեթ մեկ անգամ չեն խոսել պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներ օգտագործելու մասին։
Չպետք է աչքաթող անել նաև մեկ այլ իրողություն, որ երբ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իշխանական քարոզչամեքենան փորձեց ներկայացնել, թե այն նաև իրենց աշխատանքի արդյունք է, սակայն իշխանությունները լռության ուխտ են պահում, երբ Բայդենի ուղերձից օրեր անց ԱՄՆ նախագահի վարչակազմը երկարաձգում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, այդ թվում՝ նաև ռազմական։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախից զավթված տարածքներում արդեն իսկ հավակնոտ նախագծեր է սկսել իրականացնել, ու ամենաուշագրավն այն է, որ փորձում են այդ ծրագրերին մասնակից դարձնել արտերկրյա բազմաթիվ գործընկերների՝ Հունգարիայով սկսած, Պակիստանով վերջացրած։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում