«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված 10 տարի պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է գաղտնազերծվեն եւ համարվեն ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվեն սահմանված կարգով: Նաեւ գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, եւ տեղեկությունները ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել ՀՀ կառավարության որոշմամբ։
Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ԻԱԿ-ի, տեղեկություն ստանալու հարցումների պատասխանների պատկերն այլ է:
2020 թվականի ընթացքում գաղտնազերծման գործընթաց իրականացրել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը։ 37 պետական մարմին տեղեկացնում են, որ իրենց աշխատակազմի տնօրինության տակ գտնվող ոչ մի փաստաթուղթ չի գաղտնազերծվել։ ՊՆ-ն ընդհանրապես հարցմանը չի պատասխանել։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թվականի ապրիլի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել գերատեսչության աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2020 թվականի ընթացքում, ինչպես նաեւ տրամադրել պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ հրապարակվել են գաղտնազերծված փաստաթղթերը կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկությունները: e-request հարթակի համաձայն` 5.05.2021թ. դրությամբ պատասխան գրությունը ունի «ընթացքում է» կարգավիճակը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ապրիլի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել 39 պետական մարմին՝ խնդրելով տրամադրել կառույցի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2020 թվականի ընթացքում:
Կարդացեք նաև
Ըստ ԻԱԿ-ի, ընդհանուր առմամբ ուղարկվել է 39 հարցում.
ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմեր – 3 հարցում,
ՀՀ նախարարություններ – 12 հարցում,
ՀՀ Կառավարությանն առընթեր/վարչապետին ենթակա մարմիններ -14 հարցում,
ՀՀ մարզպետարաններ -10 հարցում։
Հարցմանը բոլոր մարմինները պատասխանել են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։ Հարցումն անպատասխան է թողել միայն պաշտպանության նախարարությունը (e-request հարթակի համաձայն` 5.05.2021թ. դրությամբ պատասխան գրությունը ունի «ընթացքում է» կարգավիճակը)։
Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում գաղտնազերծել էր որոշ փաստաթղթեր։ ԻԱԿ-ը տեղեկացնում է, որ «Վերջիններս ներառվել են քրեական գործերի նյութերում եւ հանձնվել նախաքննություն իրականացնող մարմինների կամ համապատասխան դատարանների տնօրինմանը»: Պահանջը դարձյալ նույնն էր. տրամադրել գերատեսչության աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2020 թվականի ընթացքում, ինչպես նաեւ տրամադրել պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ հրապարակվել են գաղտնազերծված փաստաթղթերը կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկությունները:
Սակայն դրանց բովանդակության եւ քանակի մասին տեղեկություններ չեն տրամադրվել, քանի որ. «Այդ փաստաթղթերի վերաբերյալ վիճակագրություն չի վարվում եւ վերջիններիս ցանկի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»։ Մի նույնաբովանդակ պատասխանը, որը ԻԱԿ-ը ստացել էր նաեւ նախորդ տարիներին ուղարկած հարցումների արդյունքում։
Նշեմ, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ-ում գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2019թ. փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 21 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018թ. ընթացքում:
Բոլոր կառույցները ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են օրենքով սահմանված ժամկետներում: 21 մարմնից 16-ը տեղեկացրել է, որ իրենց տնօրինության տակ գտնվող որեւէ փաստաթուղթ 2018-ի ընթացքում չի գաղտնազերծվել:
Գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկացրել է միայն 5 պետական մարմին: Այս պետական կառույցների պատասխանները, սակայն, հաստատում են, որ գաղտնազերծումը դեռեւս չի նշանակում, որ տվյալ փաստաթուղթն արդեն հրապարակային է եւ բաց հանրության համար. «Փաստաթուղթ գաղտնազերծած 5 մարմիններից 4-ը պաշտոնական պատասխաններով թեեւ տեղեկացրել են, որ տասնյակ փաստաթղթեր են գաղտնազերծել, սակայն չեն տրամադրել դրանք, նշելով՝ մի դեպքում, որ դրանք փոխանցվել են ազգային արխիվ (ՀՀ վարչապետի աշխատակազմ), մեկ այլ դեպքում (Ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն) նշելով, որ գաղտնազերծումն ինքնին չի նշանակում, որ փաստաթղթերն այլեւս գաղտնիք չեն պարունակում (օրինակ՝ անձնական տվյալներ), երրորդ դեպքում (պաշտպանության նախարարություն) նշվում է, որ գաղտնազերծած միակ փաստաթուղթը՝ հայտնի 0038 որոշումը, առգրավվել է քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից, հետեւաբար մերժել են դրա տրամադրումը»,-հայտնում է ԻԱԿ-ը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պատասխանը լիարժեք է համարում կազմակերպությունը: Ըստ ԻԱԿ-ի, գերատեսչությունը 2018թ.-ի ընթացքում գաղտնազերծել է 2 էջանոց մեկ փաստաթուղթ՝ նախարարության եւ նրա համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը։:
Հիշեցնեմ, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020 թվականի փետրվարի 28-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել Գերատեսչության աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2019 թվականի ընթացքում, ինչպես նաեւ պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ հրապարակվել են գաղտնազերծված փաստաթղթերը կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկությունները:
Ըստ ԻԱԿ-ի՝ 2019թ.-ին ամփոփելով նախորդ տարվա գաղտնազերծված փաստաթուղթը, հրապարակայնացվել է միայն մեկը: Իսկ 2020թ. մայիսին ամփոփելով նախորդ տարվանը, պարզվել էր, որ գաղտնազերծվել է 2 պետական մարմնի կողմից փաստաթղթեր: 2019 թվականի ընթացքում ՀՀ-ում գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2020թ. փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 40 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018թ.-ի ընթացքում, ինչպես նաեւ պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ տեղադրված են այդ փաստաթղթերի կամ դրանց բացակայության մասին տեղեկություններ:
Հարցումները բաշխվել էին հետեւյալ կերպ.
ՀՀ վարչապետի, նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմեր -3 հարցում
Նախարարություններ-12 հարցում
Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմիններ-14 հարցում
Մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան-10 հարցում:
ԻԱԿ-ի հարցմանը օրենքով սահմանված ժամկետներում պատասխանել է 38 մարմին (2-ի դեպքում հարցմանը պատասխանելու գործընթացը ընթացքի մեջ է): 38 մարմինների տրամադրած տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում միայն երկու մարմին է իրականացրել փաստաթղթերի գաղտնազերծման գործընթաց՝ վարչապետի աշխատակազմն ու ՊՆ-ն: Հարցմանը պատասխանած մարմիններից միայն 14-ը կամ 37%-ն է տրամադրել նաեւ պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ հրապարակվել է գաղտնազերծված փաստաթղթերի կամ դրանց բացակայության մասին տեղեկությունները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2021