Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արվեստը միշտ գնում է խաղաղության հետեւից»

Մայիս 13,2021 13:30

Ասում է երիտասարդ ու շնորհալի նկարիչ Արմեն Հակոբջանյանը

Նկարիչ Արմեն Հակոբջանյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց Վահագնի թաղամասին կից գտնվող «Լաթիթյուդ» ցուցասրահում, եւ ցուցադրվեցին արվեստագետի «0 պանորամա» շարքի որոշ գործեր, որոնք տեխնիկական լուծումների շնորհիվ հատուկ հարթություն են ստեղծում կտավի վրա՝ դարձնելով այն սարի մակերեւույթի պես։

«Առավոտի» հետ զրույցում Արմենն ասում է, որ նկարելիս երբեք չի մտածում, թե գործը կամ շարքն ընդհանրապես ինչ վերնագիր է ունենալու. «Եթե ինձ մնար, ես վերնագիր չէի դնի, չնայած վերնագիր չունենալն էլ ինքնին վերնագիր է: Ինչ վերաբերում է ցուցահանդեսիս, «սահմանա-գիծը» խորագիրը որոշել ենք համադրողների հետ»:

Խոսելով իր յուրահատուկ աշխատանքների մասին, նկարիչը նշում է. «Այնպես չի, որ սարեր եմ նկարել, բայց նաեւ այնպես չի, որ սրանք սարեր չեն, իսկ մակերեւույթների հանդեպ հակումը Սիսիանից է գալիս, տպավորություններս գալիս են Ուխտասարից, որն այսօր ըստ էության սահմանագիծ է: Մի խոսքով, ավելի շատ «Ուխտասարից» եմ «սնվել»:

Նկարիչ-արվեստի գործ եւ դիտող հարաբերության մասին խոսելիս, մեր զրուցակիցը նշում է, որ նկարիչը չի կարող պարտադրել, որ իր գործերի հետ առնչվողը դրանք ընկալի այնպես, ինչպես ինքն է ուզում, ինչն իր համար ամենաընդունելի մոտեցումն է. «Նկարը նկարչինն է արվեստանոցում: Ես իրեն նկարում եմ, ինչքան խնդիր ունեմ, իր հետ լուծում եմ եւ վերջ… Իսկ երբ նկարը «բաց եմ թողել» ցուցահանդես, այն արդեն իմ տիրույթից դուրս է եւ դիտողի տիրույթում է: Գուցե դիտողն ասի սա սար է, բայց ես չեմ կարող ասել սար չէ… կարճ ասած, ինչ-որ մի իմաստով, նկարիչը ցուցադրվելիս «մեռած» է»:

Արմեն Հակոբջանյանը ծնվել է Սիսիանում, հայրը ճարտարապետ է, մայրը դաշնակահար, սովորել է Սիսիանի նկարչական դպրոցում: «Այն ժամանակ չգիտեի, որ լավ դպրոց է, հետո երբ եկա Երեւան, հասկացա, որ շատ մրցունակ դպրոց է: Վերջին երկու-երեք տարին Աշոտ Ավագյանի արվեստանոցում եմ սովորել… Այ հենց այդտեղ էլ սկսվում է կինոն»,-պատկերավոր ասում է Արմենը, ու հավելում, որ դա ֆանտաստիկ շրջան էր: Նա ճարտարապետական կրթություն է ստացել, ասում է` արվեստն ու ճարտարապետությունը նույն ծառի տարբեր ճյուղերն են, ու ճարտարապետի կրթությունն ու դաստիարակությունն իրեն ավելի է մոտեցրել արվեստին. «Բազմաթիվ հարցեր կային, որ ինձ համար ճարտարապետության մեջ էին տեսանելի, եւ անկախ ինձանից, դրանք բացում էի նաեւ նկարչության մեջ»:

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, դրանցից մեկը Տաթեւում` «Ավրորայի» շրջանակներում. «Այնպես էր ստացվել, որ Աշոտ Ավագյանն էր իր սաներով: Հենց այդ ժամանակ սկսեցի մտածել ցուցահանդեսի մասին, որովհետեւ մինչ այդ ցուցադրվելու իմաստը չէի հասկանում, որովհետեւ առանց դրա էլ նկարներս վաճառվում էին: Հասա մի շարքի ու հասկացա, որ իրոք ցույց տալու բան ունեմ, ուզում եմ, որ գան նայեն»: «սահմանա-գիծը» 2020 թվականին սկսած շարքն է, երբ ամեն ինչ դեռ խաղաղ էր, չկար պատերազմ:

«Արվեստը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ փախավ Ամերիկա, արվեստը միշտ գնում է խաղաղության հետեւից, իսկ այն, ինչ հիմա կա Հայաստանում, խաղաղություն չէ, պատերազմը չի ավարտվել: Եթե որպես արվեստի առաջին օրինակներ ժայռապատկերները նայենք, կհասկանանք, որ երբ առյուծն ընկած է լինում մարդու հետեւից, ինքը ժայռապատկեր չի նկարում, նկարում է, երբ հանգիստ է, կրակ է վառել, փորը կուշտ է»,-ընդգծում է արվեստագետը: Հավելում է, որ պատերազմից հետո համարյա չի նկարել, գույների ու ամեն ինչի վրա է անդրադառնում հոգեվիճակը, թեեւ գույնն իր համար առանձնապես մեծ խնդիր չէ:

Ցուցահանդեսի համադրողներից Սոնա Հովհաննիսյանը` խոսելով «սահմանա-գիծ» նախագծի մասին, շեշտում է, որ գաղափարը ծնվել է Արմենի հավաքածուի շուրջ. «Այնպես չէր, որ պետք էր ցուցահանդես անել, հետո նկարներ նկարել, որովհետեւ գործերը կային, ինչն ավելի հեշտ է դարձնում ցուցահանդեսի գաղափարը: Երկու համադրող է աշխատել: Սկզբում Արմենն ու Էլլան են աշխատել, կային գործերը, կար գործերի շուրջ խոսակցություն, հետո միացա ես եւ ամեն ինչ շատ արագ ստացվեց: «սահմանա-գիծը» ինչպես ծնվեց, մի քիչ հարաբերական է ասված, քանի որ այն կար, ուղղակի անհրաժեշտ էր ձեւակերպել: Որոշեցինք տեքստերի վրա աշխատել, որովհետեւ համադրողի, արվեստաբանի գործը խոսելով, գրելով է, քանի որ գիրն ուժեղ առաջնորդող գործառույթ ունի իր մեջ: Տեքստերը սկսեցինք գրել, եւ հաշվի առնելով Արմենի էսթետիկան, մոտեցումները, փիլիսոփայությունը, տեխնիկան, Էլլայի առաջարկած տարբերակներից ընտրեցինք հենց «սահմանա-գիծը»:

Ցուցահանդեսի մյուս համադրող Էլլա Կանեգարիան ասում է. «Այն, ինչ տեսնում ես, կա ինքնին։ Բայց այն կա՞, երբ դու չես նայում։ Քո տեսադաշտից դուրս իրերն ու երեւույթները կա՞ն, թե դրանք կան, երբ սահմանվում են ու ձեւակերպվում որպես այդպիսին հենց քո տեսադաշտում հայտնվելով։

Նայիր՝ հիմա, այն, ինչ դու տեսնում ես կտավներին ու բնորոշում որպես սարեր կամ ջրեր, ընդամենը մակերեւույթներ են։ Երկուսն էլ որոշակի ընթացքի արդյունք են։

Այդ ընթացքը սկսում է սահմանումից՝ պայմանական բաժանումից մակերեւույթի մի մասը մյուսից, որն էլ հետագայում դառնում է այն, ինչ աչքն ընկալում է որպես երկինք կամ սարի գագաթ։ Ամեն ինչ սկսում է սահմանագծի ձեւակերպումից։

Գծի, որը բաժանում է տարածությունը պայմանական երկու կողմի՝ տալով դրանց անկախ ձեւակերպվելու ու հոսելու հնարավորություն, բայց միեւնույն է՝ նախապես դնելով այդ հնարավորությունների ու հոսքի սահմանը։

Այդ սահմանը կոմպրոմիսային գիծն է՝ արվեստագետի ցանկության ու նրա նյութերի ֆունկցիոնալ հատկությունների միջեւ։ Արդյունքում ստացվում է սահմանված, բայց սահմանումներից ազատ հարթություն, որն անպայման չէ լցնել պատումով։

Դու կարող ես տեսնել սար կամ երկինք, սառը կամ տաք, քոնը կամ ուրիշինը, բայց կարող ես նաեւ ազատվել բացատրելու պարտավորվածությունից ու թույլ տալ քեզ ուղղակի տեսնել այն, ինչ տեսնում ես»:

Հավելենք, որ «Լաթիթյուդ» ցուցասրահը բացվել է 2019-ից, սակայն քովիդյան լոքդաունի պատճառով եւ հետագայում, արդեն պատերազմի՝ ժամանակավոր փակվել։ Պատերազմի ընթացքում տարածքը վերածվել էր ապաստարանի, որտեղ բազմաթիվ Արցախյան ընտանիքներ ժամանակավոր ապաստան էին գտել: Ներկայումս, տարածքը կրկին դարձել է բազմաֆունկցիոնալ արվեստային տարածության, որի դռները բաց են տարատեսակ կրթամշակութային նախագծերի համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` «Լաթիթյուդ» ցուցասրահի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
12.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31