Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆրանսիական շունչը» «Զանգակ» գրատնից՝ մինչեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահ

Մայիս 13,2021 13:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական կամերային երեկոն զուտ ֆրանսիական էր: Այն կազմված էր բացառապես ֆրանսիացի կոմպոզիտորների նրբաճաշակ ստեղծագործություններից:

«Ֆրանսիական շունչ» խորագրով համերգը տեղի ունեցավ օրերս, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Սա հերթական նվերն էր ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) առաջատար երաժիշտների կողմից երեւանյան հանդիսատեսին: Ողջ աշխարհում եւ Հայաստանում այժմ ընթացքի մեջ են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերը, ֆիլհարմոնիկի երաժիշտներն այս համերգով ցանկացան ընդգծել ֆրանսիական երաժշտության գեղեցկությունն ու կարեւորությունը համաշխարհային դասական երաժշտության երկացանկում:

Իսկ ծրագիրը յուրահատուկ էր, քանի որ կատարվեցին Հայաստանում հազվադեպ հնչող ստեղծագործություններ՝ Կլոդ Դեբյուսիի «Ֆավնուսի հետկեսօրյա հանգիստը» պրելյուդը՝ գրված ֆլեյտայի եւ դաշնամուրի համար, Կլարնետի եւ դաշնամուրի համար գրված թիվ 1 Ռապսոդիան, Մորիս Ռավելի «Նավակը օվկիանոսում» դաշնամուրային պիեսը «Արտացոլանքներ» սյուիտից եւ Ֆրանսիս Պուլենկի Փողային սեքստետը:

Տեղի ունեցավ նաեւ հայաստանյան փոքրիկ պրեմիերա մի հետաքրքիր ու անսովոր ստեղծագործության, որը կոչվում է «Սիրինքս»: Այն հատված է Կլոդ Դեբյուսիի կողմից թատրոնի համար գրված եզակի ստեղծագործությունից: Դեբյուսին «Սիրինքս»-ը գրել է Գաբրիել Մուրիի «Փսիխեա» թատերական պիեսի համար: Ֆլեյտահարը՝ Նարեկ Ավագյանը, որը ներկայացնում է Ֆավնուսին՝ սրինգով նվագելիս գերում է խստաբարո Ջրային նիմֆին, որը ֆլեյտայի հնչյունների ներքո մենախոսում է Ֆավնուսի հանդեպ իր սիրո ու անզուսպ կրքի պայքարի մասին: Գեղեցիկ ու եթերային Ջրային նիմֆի մենախոսությունը հնչեց տաղանդավոր դերասանուհի Անի Խաչիկյանի կատարմամբ, որի հետ զրուցեցինք համերգից հետո:

– Որպես ունկնդիր ձեզ հաճախ ենք տեսնում ֆիլհարմոնիկի համերգներին։ Ի՞նչ տեղ է գրավում երաժշտությունը, հատկապես դասական երաժշտությունը, Անի Խաչիկյանի կյանքում:

– Դասական երաժշտությունը շատ մեծ տեղ ունի իմ կյանքում, թե՛ առօրյայում, թե՛ աշխատանքիս մեջ: Այն ինձ օգնում է ժամանակ առ ժամանակ վերարժեւորել շատ բաներ կյանքում, նորոգվել եւ, ինչու ոչ, հանգստանալ եւ կազդուրվել:

– Առաջին անգա՞մ եք համագործակցում դասական երաժիշտների հետ: Կոնկրետ այս ստեղծագործության մեջ ի՞նչը ձեզ գրավեց։

– Այո, առաջին անգամ է: Որպես ստեղծագործող մարդու, ինձ գրավեց երաժշտության հետ իմ մասնագիտական կարողությունների համադրումը: Թե ինչպե՞ս կստացվի այդ համագործակցությունը, կարծում եմ, հանդիսատեսը կտա դրա գնահատականը: Փորձել եմ հնարավորինս պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին: Ստեղծագործությունը շատ գեղեցիկ է, ներդաշնակ ու բնությանը մոտ:

– Ի՞նչ զգացողություններ ունեք «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմ բարձրանալիս։

– Այս բեմ բարձրանալը շատ միստիկ, պատասխանատու ու նոր շունչ տվող զգացողություններ բերեց: Արվեստի, մշակույթի մեջ գտնվող ցանկացած մարդու համար «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմ բարձրանալը մեծ պատիվ է:

Ինչպես նշեցինք՝ համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտները՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա), Հարություն Շախկյան (հոբոյ), Արսեն Գրիգորյան (կլարնետ), Անդրանիկ Քոչար (ֆագոտ), Արշավիր Իսահակյան (գալարափող) եւ հրավիրյալ դաշնակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյան 15-րդ մրցույթի առաջին մրցանակակիր (2019թ.) Հռիփսիմե Աղաքարյան: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ղեկավար Աստղիկ Դալլաքյանը հայտնեց, որ համերգին ընդառաջ կայացել է Ֆրանսիական պոեզիայի եւ երաժշտության երեկո՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Զանգակ» գրատան հետ համատեղ, որն իր ձեւաչափով առաջինն էր եւ միավորում էր ֆրանսիական երաժշտությունն ու պոեզիան։

Գրատանը հավաքված ունկնդիրների առջեւ Ֆրանսիական գրականության գաղտնիքները բացահայտեցին բացառիկ մասնագետներ, բանախոսներ Շուշանիկ Թամրազյանը, Անուշ Սեդրակայնը եւ Անուշ Քոչարյանը: Իսկ Ֆիլհարմոնիկի ֆլեյտահար Նարեկ Ավագյանի մասնակցությամբ հանդիպումը, որտեղ նա ներկայացրեց Դեբյուսիի արվեստը, ասես մի յուրօրինակ նախաբան լիներ՝ մայիսին կայանալիք համերգին ընդառաջ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները` գլխավոր փորձից:
Գլխավոր լուսանկարում՝ դերասանուհի Անի Խաչիկյանն ու ֆլեյտահար Նարեկ Ավագյանը

«Առավոտ» օրաթերթ
12.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31