Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ քաղաքի մուտքը` օրհնանքով

Մայիս 13,2021 12:30

Օրերս Տավուշի մարզի Բերդ համայնքի մուտքում «Անառիկ բերդ» ՌՀԿ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված «Աստված պահապան Տավուշի սահմաններին» անունը կրող խաչի օծման եւ տեղադրման արարողությունն էր։

«Խաչն առաջին հերթին սիրո արտահայտությունն է, որովհետեւ առանց խաչելության սեր չկա: Այսինքն, առանց ծառայության, առանց զոհաբերության, առանց նվիրումի սեր չկա: -Սերը ծառայություն է, նվիրում եւ, մեծ հաշվով, զոհաբերություն: Այս խաչը դնելով սահմանագլխին` մենք վերահաստատում ենք այն փաստը, որ այս տարածաշրջանում ապրում են քրիստոնյաներ՝ աշխարհի առաջին քրիստոնյաները: Սա տարածաշրջան է, որն ունի դեմք եւ դիմագիծ, որն իր սրբությունների, իր տեսակի, նկարագրի համար պատրաստ է նվիրվել, ծառայել, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ զոհաբերվել: Հարկ եղած դեպքում խաչը դառնում է սուր։ Ինչքան էլ մենք այսօր դժվարությունների մեջ ենք եւ ապրում ենք մեր պատմության ամենադժնդակ ժամանակահատվածը, ամեն դեպքում հռչակում ենք, որ մեր ճանապարհը պայքարի ու հաղթանակի ճանապարհ է»,-ասել է տ. Արամ քահանա Միրզոյանը։

Ռազմահայրենասիրական հ/կ-ի նախագահ Շուշիկ Մելիքբեկյանը, որը զինծառայող լինելով բարձր է գնահատում գիտակցաբար զինվորականի արժանապատիվ համազգեստը կրողի պատասխանատվությունն ու անձնազոհությունը, նվիրումն ու հայրենասիրությունը, որոշեց այսօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ։

«Աստված պահապան Տավուշի սահմաններին» խորագիրն է կրում խաչը, իսկ Տավուշում սահմանապահ են բոլորը, եւ այն վեհանալով անառիկ տավշո բարձրունքում իր ուժն ու զորությունը կտարածի ինչպես Տավուշ, այնպես էլ Հայաստան եւ Արցախ աշխարհների սահմաններին։ Այս ճանապարհը մեր տունդարձի ճանապարհն է,- նշեց Մելիքբեկյանը` շարունակելով,- ճանապարհ, որով անցնում ենք բոլորս, գիտակցելով, որ այստեղ սահման է, եւ մենք ենք այդ սահմանի տերը, եւ մենք պարտավոր ենք այն պահել անսասան ու հավերժ անառիկ։ Հիմա, երբ թշնամին նենգաբար պղծում է մեր սրբավայրերն ու փորձում է վերացնի մեր ազգային արժեքները, մենք այլեւս իրավունք չունենք ծնկելու, մենք առավել պիտի համախմբվենք, Աստծուն ապավինելով, այո, հարկ եղած ժամանակ էլ խաչը սուր դարձնենք ու լինենք մեր սահմանի, մեր հողի ու մեր հայրենիքի պաշտպանն ու տերը»։

Մեզ հետ զրույցում Շուշանիկ Մելիքբեկյանն ասաց, որ խաչը պատրաստել են դարբիններ Վահե եւ Արսեն Միրզոյանները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31