Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւը ռուս խաղաղապահներին «Ադրբեջանի տարածքում ժամանակավոր» է համարում

Մայիս 13,2021 12:00

Ադրբեջանցի փորձագետն առաջարկել էր՝ «գրադներով հարվածել Ստեփանակերտում գտնվող ռուս խաղաղապահներին», իսկ թուրքական ընկերությունը ցուցադրում է անիմացիոն տեսահոլովակ, թե ինչպես է թուրքական անօդաչուն MAM-T կառավարվող ռումբով խոցում ռուսական արտադրության «Պանցիր-Ս1»-ը:

Մայիսի 9-ին «անդամահատված» եռատոնի կապակցությամբ բոլորն իրենց «պարտքը» կատարեցին. պաթոսախառը արտահայտվեցին, տեքստեր տարածեցին, ցուցադրեցին իրենց լուսանկարները՝ Շուշիից, իրենց ցավի մասին հիշեցրեցին:

ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել է. «…Թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ մեր թշնամին չի: Այո՛, դա որեւէ մեկի հայտարարությամբ չի որոշվում, դա պատմական իրողություն է: Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի: Մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով: Այդ թշնամանքը չի կարելի թույլ տալ, որ անընդհատ անկառավարելիության դրսեւորումներով արտահայտվի»:

Վեց ամիս է անցել, ինչ ստորագրվել է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը, ու ոչ միայն իշխանությունը հասարակության հետ անկեղծ չի, թե ինչ ուղղությամբ է Հայաստանը տանում, այլեւ՝ ընդդիմադիրները:

Հայաստանի թիվ մեկ խնդրի՝ անվտանգության ապահովման ու տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերը պետք է հստակ տեսակետ արտահայտեն՝ Հայաստանն ի՞նչ ուղղությամբ է առաջ շարժվելու: Հարցերը շատ կոնկրետ են՝ եռակողմ հայտարարության կետերի իրականացման ճանապարհին որո՞նք ենք մեր կորուստները, որո՞նք մեր ակնկալիքները:

Հայաստանյան քաղաքական դաշտի անորոշ կեցվածքը որպես անհասկանալի դիրքորոշում եւս դիտարկվում է մեր գործընկերների ու մեր հակառակորդ պետությունների կողմից: Մինչդեռ հակառակորդ երկրների քայլերը պետք է ուսումնասիրվեն, վերլուծվեն, որպեսզի հասկանանք՝ մեր նոր հնարավոր մարտահրավերները եւ չսահմանափակվեն ստանդարտ հայտարարություններով:

Այսօրվա դրությամբ իրողությունը հետեւյալն է. ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում եւս վեց նոր զորամաս կստեղծի, այս մասին Բաքվում օրերս հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը։ «Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի եւ մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության եւ պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։ Վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչեւ մայիսի վերջն էլ շինարարական եւ վերանորոգման աշխատանքները կավարտվեն եւս վեց զորամասերում», -նշել է Գուլիեւը։

Վերջին օրերին հրապարակվեց Ադրբեջանի կողմից հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից կատարված գնումների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ այդ տվյալները բավական խոսուն են: Պարզվում է, 2021թ. հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով՝ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնման հարցում: Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է. «Ըստ Թուրքիայի առեւտրի նախարարության եւ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլին Թուրքիայից պաշտպանական եւ ավիացիոն ապրանքների արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47,7% -ով՝ մինչեւ 949,744 մլն դոլար:

Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին Միացյալ Նահանգներն էր՝ 386.113 միլիոն դոլար (56% աճ)»: Ադրբեջանը երկրորդ տեղում է: Հունվար-ապրիլ ամիսներին այդ երկիրը Թուրքիայից 117,315 միլիոն դոլարի ռազմական արտադրանք է գնել, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ:

Չորս ամսում Ադրբեջանը Թուրքիայից 117.3 մլն դոլարի սպառազինություն ինչո՞ւ է գնում… Որպեսզի Հայաստանի հետ հաշտ ու համերաշխ ապրի՞…

Նկատենք, որ անցյալ ամսվա սկզբներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրեց ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017թ. հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։ Այդ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։ Բաքվի եւ Անկարայի միջեւ կնքված ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների եւ ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի եւ սարքավորումների բաղադրիչների, գործիքների եւ նյութերի համատեղ հետազոտության, արտադրության եւ արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման ոլորտում համատեղ ծրագրերի ստեղծման պայմանների ապահովում եւ այլն։

Իսկ թե Թուրքիայում ինչ բարձունքներ է գրավում տեղական անօդաչու ռազմական ինքնաթիռի ստեղծման ոլորտը՝ սա էլ առանձին քննարկման թեմա է: 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն թուրքական անօդաչուների վաճառքի համար Թուրքիայի համար նոր հորիզոններ բացվեցին ու հիմա նոր գործարքներ են նշմարվում տարբեր երկրների հետ, այլեւ Թուրքիան լրջորեն զարգացնում է այս ոլորտը: Օրինակ, թուրք ինժեներները սկսել են «ակտիվորեն աշխատել» տեղական անօդաչու ռազմական ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ: Թուրքական «Բայքար» ընկերության տնօրեն, Էրդողանի փեսա՝ Սելջուկ Բայրաքթարի խոսքով՝ նախատեսվում է 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ, ներկայացնել դրանց առաջին նախատիպը։

Թուրքական կառավարությունն այնքան համոզիչ է առաջ շարժվում այս ոլորտում, որ վերջերս թուրքական Roketstan ռազմարդյունաբերական ընկերությունը թվիթերում հրապարակել էր տեսանյութ, որում անիմացիայի տարբերակով պատկերված էր, թե ինչպես էր թուրքական Աքընջը անօդաչուն MAM-T կառավարվող ռումբով խոցում ռուսական արտադրության «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրի նման թիրախ։ Իր հերթին ռուսական «Россия 1» հեռուստաալիքն էլ անիմացիոն տարբերակով ցուցադրեց թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցումը ռուսական «Լանցետ-3» մահապարտ ԱԹՍ-ով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկիրը բացի Թուրքիայի հետ ունեցած «եղբայրական» հարաբերություններից, շարունակում է փոխգործակցությունն այն պետությունների հետ, որոնք աջակցել են Բաքվին ռազմական տեսանկյունից: Անցյալ ամիս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունեց Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել էին Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը, զարգացման հեռանկարները։ Այս բանակցությունները կայացել էին մեկօրյա այցով Բաքու ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցություններից անմիջապես հետո: Իսկ ավելի վաղ, անցյալ ամսվա սկզբին, Ադրբեջան էին ժամանել թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ասելսան» եւ «Հավելսան» ընկերություններից, Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից, նրանք հանդիպել էին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս հանդիպմանը քննարկվել էր ադրբեջանական բանակի նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցումը, կապի համակարգերի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա համագործակցությունը:

Մարտի վերջին Ադրբեջան էր ժամանել Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակությունը, որը բանակցություններ վարեց Ադրբեջանի Պնախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ: Հայտնի է, որ կողմերը քննարկել էին Ադրբեջանի եւ Պակիստանի ռազմաօդային ուժերի միջեւ ռազմական, ուսումնառազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Հիշեցնենք նաեւ, որ մարտի 3-6-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, նրանք հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաեւ ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիեւի հետ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններն, իսկապես, անհանգստացնող են, եւ առավել մտահոգիչ է՝ Հայաստանի քաղաքական դաշտի ոչ համահունչ կեցվածքը: Առհասարակ, անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները գործընկեր պետությունների, եւ մասնավորապես՝ Ռուսաստանի հետ այս հարցերը քննարկո՞ւմ են, վերլուծո՞ւմ են:

Ի դեպ, մայիսի 8-ին Ադրբեջանի ՊՆ-ն մի ուշագրավ մամլո հաղորդագրություն տարածեց, որում ներկայացնում էր մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ երկրում կատարվելիք միջոցառումները: Ահա, Ադրբեջանի ՊՆ-ի տարածած պաշտոնական մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ Ստեփանակերտում «նախատեսված է՝ Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների հանդիսավոր զորաշարք»՝ «համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության»:

Այսինքն, նախ պաշտոնական Բաքուն հստակ հասկացնել է տալիս, թե Ադրբեջանի ՊՆ-ն նախօրոք թույլ է տվել ռուս խաղաղապահներին նման միջոցառում անցկացնել Ստեփանակերտում մայիսի 9-ին: Բացի այդ, ուշագրավ էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության այս հատվածը՝ «Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված» ձեւակերպումը: Այսինքն, պաշտոնական Բաքուն այլեւս չի էլ թաքցնում, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում «ժամանակավոր են տեղակայված»:

Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում այս մասին Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Պուտինը, պաշտպանության նախարար Շոյգուն ու ԱԳ նախարար Լավրովը:

Ի դեպ, մայիսի 9-ի նախօրեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց նախկինում Ռուսաստանից արտաքսված ադրբեջանցի փորձագետ Ֆուադ Աբբասովի առաջարկը՝ «գրադներով հարվածել Ստեփանակերտում գտնվող ռուս խաղաղապահներին»: Ռուս խաղաղապահների ուղղությամբ «հրթիռային հարվածի համար» նա նույնիսկ նախընտրելի ժամկետ էր նշել՝ «մայիսի 9-ին՝ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, երբ Ստեփանակերտում ռուսական ստորաբաժանումը զորահանդեսի էր դուրս գալու»:

Ահա, այս մթնոլորտում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Բաքու:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31