Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողականներում COVID-19-ի պայմաններում պատշաճ չեն ջերմաչափել, ռիսկային խմբի անձանց չեն հաշվառել

Մայիս 13,2021 14:30

Քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չեն: Սա պարզել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները՝ այցեր կատարելով նշյալ հիմնարկներ: Պաշտպանի հրապարակած զեկույցից տեղեկանում ենք, որ մասնավորապես, «Արմավիր» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների վարչական մասում աշխատակիցները դիմակներ չեն կրել կամ կրել են սահմանված կարգի խախտմամբ՝ անցկացրել են բազուկներին, դիմակը չի ծածկել քիթը կամ բերանը, չեն պահպանվել հակահամաճարակային այլ կանոնները՝ ծառայողները պարբերաբար ձեռքերով դիպչել են դիմակների մակերեւույթին, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ Նույն իրավիճակն է արձանագրվել նաեւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտում: Պաշտպանի ներկայացուցիչները նաեւ պարզել են, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում միջանցքներում առկա չեն եղել դիմակների եւ ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններ, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներ: Նրանք մտահոգիչ են համարում նաեւ այն, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մաքրման աշխատանքներն իրականացվել են օրական մեկ անգամ՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, ինչը համաճարակի պայմաններում անթույլատրելի է:

ՄԻՊ ներկայացուցիչները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օդափոխության համակարգի բացակայությունը նույնպես լուրջ խնդիր են համարում՝ նշելով, որ այս խնդիրը բարձրացրել են տարիներ շարունակ: «Օդափոխության համակարգի բացակայության պատճառով քրեակատարողական հիմնարկի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը եղել է շատ բարձր: Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ օդափոխության համակարգի ներդրման համար արդեն իսկ նախատեսվել է բյուջետային հատկացում»,-նշում են նրանք:
Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համատեքստում քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացվել են մարմնի ջերմաստիճանի ջերմաչափումներ, սակայն, դրանք չեն իրականացվել սահմանված կարգով եւ պարբերական բնույթ չեն կրել: Պատշաճ չեն ջերմաչափվել նաեւ Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները, որոնք էլ անցկացրել են հետազոտությունը: Ըստ նրանց, տվյալ պահին ջերմաչափումը պարտադիր պայման է եղել կորոնավիրուսային վարակի կանխարգելման համատեքստում:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ստացիոնար բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց շրջանում ջերմաչափումն իրականացվել է ըստ անհրաժեշտության: Զեկույցի հեղինակները նաեւ պարզել են, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ազատությունից զրկված անձինք ջերմաչափվել են այն դեպքում, երբ այցելել են բժշկին եւ երբ գտնվել են կարանտինում: Ընդ որում, եթե ազատությունից զրկված անձը կարանտինում գտնվելու ժամանակ գանգատներ չի ունեցել, ապա 14 օր կարանտինում պահվելու ընթացքում ջերմաչափվել է ըստ անհրաժեշտության։

«Մտահոգիչ է եղել հատկապես ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում վերջիններիս եւ նրանց ուղեկցող անձնակազմին անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով եւ ձեռնոցներով ապահովումը: Այսպես, Կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրել են, որ առողջապահական մարմնի բուժական հիմնարկից վերադարձող դատապարտյալը կարանտինային բաժանմունք մուտք է գործել առանց դիմակի եւ նրա նկատմամբ որեւէ կանխարգելիչ միջոցառում՝ ձեռքերի ախտահանում, ջերմաչափում եւ այլն չի իրականացվել: Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս հակահամաճարակային կանոններին չհետեւելը՝ դիմակներ չկրելը կամ ձեռքերը չախտահանելը նպաստում են նոր կորոնավիրուսային վարակի տարածմանը: Չնայած, որ քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերի ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների դեղատներում առկա են եղել դիմակներ եւ ախտահանիչ նյութեր, այնուամենայնիվ՝ ծառայողները դրանք հիմնականում ձեռք են բերել իրենց միջոցներով: Մեկ այլ խնդիր է արձանագրվել բժշկական ծառայությունների մատուցման համար նախատեսված սենյակներում սոցիալական հեռավորության պահպանման հետ կապված»,-փաստում են պաշտպանի ներկայացուցիչները:

Նրանք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում արձանագրել են, որ ազատությունից զրկված անձանց շրջանակում ռիսկային խմբի հաշվառում չի իրականացվել, եւ բժշկական անձնակազմը հիմնականում չի տիրապետել տեղեկությունների՝ 60 եւ ավել տարիք ունեցող, ինչպես նաեւ քրոնիկ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային եւ այլ հիվանդություններ ունեցող անձանց վերաբերյալ: Ըստ զեկույցի հեղինակների. «Այս հարցը մտահոգիչ է այն հաշվառմամբ, որ Արդարադատության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվել են 60 եւ բարձր տարիքային խմբին պատկանող 21 կալանավորված անձ եւ 55 դատապարտյալ՝ ընդհանուր՝ 76 անձ: Ավելին, 2020 թվականի ընթացքում դիսպանսեր հաշվառման մեջ են գտնվել 782 ազատազրկված անձ: Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման տեսանկյունից ռիսկային խմբերի վերաբերյալ պարբերաբար թարմացվող վիճակագրական տվյալների եւ նրանց նկատմամբ բժշկական հսկողության բացակայությունն անընդունելի է»:

Պաշտպանի աշխատակազմը գտնում է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազատությունից զրկված անձանց առանձնահատուկ կարիքներին, հատկապես՝ խոցելի խմբերին՝ ծերերին եւ նախկինում հիվանդություններ ձեռք բերած անձանց: Դա ներառում է նաեւ COVID-19-ի առկայությունը ստուգելու համար սքրինինգային հետազոտությունների իրականացումը եւ անհրաժեշտության դեպքում ինտենսիվ խնամքի ապահովումը. «Բացի այդ, ազատությունից զրկված անձինք այս ընթացքում պետք է ստանան լրացուցիչ հոգեբանական աջակցություն»:

Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչները նաեւ պարզել են, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում նոր կորոնավիրուսային վարակի կասկածելի դեպքերի մեկուսացման համար առանձնացված է եղել 3 խուց, որոնք չունեն պատուհաններ՝ բնական լուսավորություն եւ օդափոխություն: Մեկուսարանի նշված պայմանները չեն նպաստում պացիենտների առողջության պահպանման պատշաճ կազմակերպմանը:

Այս բոլոր թերությունները պաշտպանի ներկայացուցիչները պայմանավորում են նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ռազմավարության կամ գործողությունների ծրագրի բացակայությամբ եւ գործառույթների հստակ տարանջատմամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31