ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դիվանագետ Աշոտ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նրանք, ովքեր հայտարարում են, որ առաջին Նախագահի՝ մյուս երկուսին ուղղված միավորման առաջարկն իբր «հին արժեհամակարգը» վերականգնելու մղումով էր թելադրված, թյուրիմացության մեջ են կամ գիտակցաբար կեղծում են իրողությունները, չնկատելու տալով, որ խոսքը ոչ թե հնին վերադառնալու մասին է, այլ՝ համատեղ ջանքերով քաղաքական ասպարեզը նոր ուժերի համար մաքրելու։
Քաղաքական դաշտի կերպափոխման այս եղանակը երկու կարևոր կետով տարբերվում է 2018-ի «Սերժին մերժելու» հախուռն շարժումից։ Այն ենթադրում է ինստիտուցիոնալ հիմքի վրա ստեղծված լայն կոալիցիա, այլ ոչ էմոցիոնալ «ընտանեկան» ընդվզում։ Հենց այդ կոալիցիայի ձևավորման արդյունքում և դրա շնորհիվ է նախատեսվում երեք նախկին նախագահների հրաժարումն ապագա իշխանությունից։
Այսօր արդեն պարզ է, որ նշված առաջարկությունը քաղաքական խաղացողների հավանությանը չի արժանացել։ Սակայն, նախագահը և նրա ղեկավարած ՀԱԿ-ը սխալված կլինեն, եթե այդ առաջարկի մերժումը (որում, կարծում եմ, ԼՏՊ-ը չի էլ կասկածել) ընտրություններին չմասնակցելու հիմք համարեն։ Դրանով նրանք ընտրազանգվածի մի կարևոր հատվածի կզրկեն խղճով քվեարկելու հնարավորությունից կամ ընդհանրապես կմղեն հրաժարվելու ընտրություններին մասնակցելուց։ Վերջինս կնվազեցնի բալանսավորված խորհրդարան ձևավորելու հնարավորությունը, մշուշոտ թողնելով Հայաստանի ապագան»։
Կարդացեք նաև