Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն շահագրգիռ չէ մտնել որեւէ ռազմական բախման մեջ․ խայծեր են գցվում նրա առաջ»․ քաղաքագետը՝ Լավրով-Բայրամով հանդիպման մասին

Մայիս 12,2021 19:44

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն այդ թվում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից եւ ասել․ «Հիմա, երբ Ադրբեջանն իրագործել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ ազատագրել իր հողերը, վերադարձրել պետական սահմանի հսկողությունը, կարելի է խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին։ Ադրբեջանը հետաքրքրված է»։

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը մեկնաբանեց հարցադրումն այն մասին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմից նման ակնարկ հնչում Լավրովի հետ հանդիպմանը։ «Որքան էլ փորձագետի ձեւակերպման տեսանկյունից կոռեկտ չլինի, բայց Հայաստանն անհրաժեշտ չափով իր իսկ սեփական քայլերի զորու ներգրավված չէ այս գործընթացներում որպես սուբյեկտ։ Պետք է հասկանալ, որ անգամ սահմանային միջադեպերը եւ դրանց հետ կապված դեմարկացիոն գործողություններն այս կամ այն կերպ միջնորդ  կողմի միջոցով են արվել, չնայած մինչեւ այդ եղել են բանավոր՝ ուղղակի պայմանավորվածություններ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի ղեկավարի միջեւ»,-նախ նշեց Ալեն Ղեւոնդյանը։  Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարի բուն ձեւակերպումներին, նրա խոսքով․ «Պետք է արձանագրել, որ իրենք մեծ հաշվով իրենց առաջ դրած խնդիրը լուծել են՝ Հայաստանի արկածախնդիր արտաքին քաղաքականության զորու։

ՀՀ գործող  ղեկավարը գնացել է առավելագույն զիջումների, որոնք հնարավոր էր պատկերացնել եւ որոնք ՀՀ ազգային շահերի սպասարկման հետ, մեծ հաշվով, կապ չունեն։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ Ռուսաստանն այս հարցում ոչ թե կողմերից մեկի կամ գուցե երկուսի դաշնակիցն է, այլ միջնորդ կողմն է։ Ռուսաստանի համար խնդիրը ոչ այնքան հայ-ադրբեջանական է, որքան՝ տարածաշրջանային, իսկ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում անկայունության հերթական օջախի եւ կանխատեսելի իրավիճակի զսպումը բխում են առաջնահերթ իր իսկ շահերից, եւ դա շատ տրամաբանական է։

Եթե ռետրոսպեկտիվ նայենք վերջին ամիսների գործընթացները եւ շատ ավելի ուշադիր հետեւենք իրադարձություններին եվրասիական մայրցամաքի որեւէ շրջագծում, ապա կարձանագրենք, որ Ռուսաստանի սահմանակից տարածաշրջաններում հետեւողականորեն ձեւավորվում են անկախության օջախներ, որոնք այս կամ կերպ հայտ են ներկայացնում եւ պայման են ստեղծում, որպեսզի Ռուսաստանը մասնակցի տեղի ունեցող գործընթացներին։ Անգամ Կազանում տեղի ունեցող ողբերգությունը, իսրայելապաղեստինյան օրակարգը, ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ լարումները ջրային հարցի շուրջ հանդիսանում են անկայունության դրսեւորումներ։ Ռուսաստանը շահագրգիռ չէ մտնել որեւէ ռազմական բախման մեջ, իսկ ռազմական բախման օրակարգեր, իհարկե, կան։ Կան խայծեր, որոնք գցվում են ՌԴ-ի առաջ եւ առաջին հերթին Ուկրաինայում՝ Դոնբասում։ Նման խայծերը ՌԴ-ն ձգտում է առավելագույնս զսպել։ Հետեւաբար, հասկանանք, որ ՌԴ-ն միջնորդի գործառույթ է վերցրել, որպեսզի նաեւ Հարավային Կովկասում իրենց ներգրավվածության լեգիտիմությունը կարողանան ապահովել։ Միայն ուժի էլեմենտն այլեւս բավարար չէ, որովհետեւ պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի բուն տարածաշրջան է թափանցել Թուրքիան եւ Ռուսաստանի հետ գրեթե հավասարը հավասարին շահերի սպասարկում է իրականացնում»։

Ալեն Ղեւոնդյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հայտարարությունները եւ Ռուսաստանի արձագանքն այս գործընթացներին, Լավրովի ձեւակերպումներն ուղղակի կապված են նշյալ հանգամանքների հետ․ «Հայաստանն ունի մի քանի հարյուր ռազմագերիներ, Ադրբեջանը նրանց իրավական այլ կարգավիճակ է տալիս՝ «վարձկան», դիվերսանտ», որպեսզի բանակցությունների օրակարգում ավելի «թանկ գնով» նրանց «վաճառի» Հայաստանի վրա։ Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը շեշտեց, որ եթե խոսում ենք Արցախի ականապատ տարածքների քարտեզների մասին, դրան զուգահեռ առանց նախապայմանների պետք է քննարկում լինի նաեւ Ադրբեջանում պահվող անձանց առնչությամբ։

Դա էլ է դիվանագիտություն։ Եթե ինքն օգտագործեր «ռազմագերի» բառը, Ադրբեջանի կողմից դա կլիներ անընդունելի, որովհետեւ վերջինիս համար դա կարմիր գիծ է։ Այնպես որ, Լավրովը փորձում է բանակցությունների եւ հավասարակշռության միջոցով երկու կողմերի համար կարեւոր տարրերի ապահովում իրականացնել, որպեսզի իրենց ներգրավվածությունն այս տարածաշրջանում լինի լեգիտիմ եւ փոխընդունելի։ Մյուս կողմից, քանի որ Արցախը միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչված չէ անգամ ՀՀ-ի կողմից, իրավունքի տեսանկյունից ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հենց սա նկատի ունի Ադրբեջանը, երբ խոսում է խնդրի լիարժեք եւ համապարփակ լուծման մասին։ Այսինքն, իրավունքի տեսանկյունից չկա մի անգամ կիսաբաց պատուհան, որպեսզի հակամարտության այդ բաղադրիչը կարողանանք մտցնել բանակցային օրակարգ։ Եթե հայկական կողմը կամ այն իշխանությունը, որը գուցե հունիսի քսանից հետո կգա, միակողմանիորեն ճանաչի Արցախի անկախությունը, միջազգային իրավունքի տեսանկյունից կունենանք լիովին այլ վիճակ։ Բայց դա ունի իհարկե ռիսկայնության եւ տարածաշրջանային անկայունության խթանման ներուժ, որովհետեւ այդ գործընթացի հանդեպ հստակ եւ սուր վերաբերմունք կդրսեւորի մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ Թուրքիան։ Հետեւաբար, այնպիսի քաղաքականություն է պետք մշակել, որը հավասարակշռության մեջ է, բայց եւ սպասարկում է ՀՀ-ի ազգային շահերը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31