Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Վերահաստատվեց փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծեց, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
ՀՀ ԱԳՆ