Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կգլխավորի ՔՊ-ի Շիրակի մարզի շտաբը․ մարզպետի 100 օրը

Մայիս 12,2021 19:22

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ամփոփեց իր պաշտոնավարման հարյուր օրը՝ ոլորտ առ ոլորտ մանրամասն ներկայացնելով կատարած աշխատանքները, նախատեսած ծրագրերը, խոսեց նաև առկա խնդիրներից։

Շիրակի մարզպետը պատասխանեց նաև քաղաքական հարցերի։ Հարցին, թե արդյո՞ք ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, մարզպետն ասաց, որ վաղ է այդ մասին ասելը, որովհետև ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կդառնա՝ ովքեր կլինեն ու ինչ դիրքեր կզբաղեցնեն ցուցակում։

Նա նաև ասաց, որ ինքը՝ որպես ՔՊ-ի Շիրակի մարզի շտաբի պետ, պարտավոր է կազմակերպել ՔՊ-ի մասնակցությունը ընտրություններին։

«Հետևելու եմ, որ նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների, այսպես ասած, ռեյտինգը և արդեն՝ որպես Շիրակի մարզպետ՝ հետընտրական պրոցեսներում կհետևեմ պահպանելու նախընտրական պրոցեսների ժամանակ ստեղծված լավ մթնոլորտը»։

Մարզպետը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում լինելու է արձակուրդում՝ անկախ նրանից՝ կընդգրկվի՞ նախընտրական ցուցակում, թե՞ ոչ։

Հովհաննես Հարությունյանը վստահեցրեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը բացառելու է Շիրակի մարզում՝ անկախ նրանից, թե դա ում օգտին է ծառայելու։

«Ավանդական կոչված ընտրությունները մնացել են պատմության մեջ, եթե կան ուժեր, որոնք ունեն նման տեսակի մտավախություններ, դա ընդամենը գալիս է իրենց փորձից, որ իրենք միայն այդ ձևով են կարողացել կամ նման ձևով են անցկացրել ընտրությունները։ Մենք բացառում ենք, դա կարող է բացառել նաև ընտրությունների բովանդակային փոփոխությունը, այսինքն՝ համամասնական ընտրակարգով գնալը, որովհետև քաղաքական ուժերը պիտի մաքսիմալ աշխատեն և իրենց ծրագրերից խոսեն։

Եթե ռեյտինգային ընտրակարգի ժամանակ կամ համամասնական, մեծամասնական ընտրակարգերի ժամանակ ձեր կողմից նշված վարչական ռեսուրսի կիրառումը կարելի էր նաև չափելի դարձնել հետո, դարձրել են արդեն չափելի գործիք, և վարչական ռեսուրսի չկիրառումը կլիներ, այսպես ասած, մեծ սխալ, որովհետև իրենք դրանով պիտի չափեին հետագա իրենց կողմնորոշվածությունը, թե ում հետ, ինչպես, չափելի գործիք է, այսօր բացառվում է։

Այսօր համամասնական ընտրակարգով վարչական ռեսուրսի կիրառումը համարյա թե բացառվում է, որովհետև դա անհնար է, չափելիությունը դեռ չկա, մենք, ի վերջո, որպես պետություն, որպես քաղաքացիներ՝ պիտի հասկանանք, որ պետք է ընտրեն այնպիսի քաղաքական ուժ, որն ունի հստակ և՛ տեսլական, և՛ գրված ծրագրերն այնպիսի բովանդակություն ունեն, որոնց մենք կհավատանք։ Մեծ-մեծ խոսելն այլ բան է, կատարել կոնկրետ աշխատանք և այդ աշխատանքով սկիզբ դնել համակարգային փոփոխությունների, այլ բան է», -ասաց մարզպետը։

Նա ասաց, որ ինքն անձամբ որոշումներ կայացնելիս՝ այնպես է անում, որ դրանք բերեն համակարգային փոփոխություններ, որովհետև, ըստ նրա, ոչ մի պաշտոն հավերժ չէ, և պետք է այնպես աշխատել, որ պաշտոնավարումից հետո ստեղծած լավ գործը չփլուզվի։

Թե ինչպես է կատարելու վերահսկողությունը ընտրությունների ժամանակ, Շիրակի մարզպետն ասաց. «Վերահսկողությունն իրականացնելու են իրավապահ մարմինները և դուք՝ լրագրողներդ, ես ձեր հետ մեծ հույս եմ կապում։ Եթե կտեսնեք, որ որևէ մի պաշտոնյա ընդգրկված կլինի նման պրոցեսի մեջ, անկախ կուսակցության պատկանելությունից քրեորեն պատժելի է։ էլ չասեմ մյուս պատժամիջոցները, որ մենք այնտեղ կարող ենք օգտագործել»։

Թաղային հեղինակությունների՝ ընտրական պրոցեսում ներգրավելու հետ կապված էլ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ չի կարող այդ տվյալները հաստատել։

«Չեմ ուզենա, որ նման շրջանակների ակտիվությունը , անպայման, բերենք և համարենք այսպես ասած ընտրական պրոցեսների ևս մեկ գործիք, որը օգտագործում են տարբեր քաղաքական ուժեր։ Մարդիկ ազատ են, միգուցե սեփական ցանկությունները դարձրել են այս պահին ակտիվություն, դա չպետք է դիտարկել ինչ-որ մի քաղաքական ուժի, այսպես ասած, ստեղծած գործիք, որը պետք է օգտագործել ընտրությունների ժամանակ։ Պետք է այդ տեղեկատվությունը հստակեցնել և տեսնել, եթե այնպիսի քայլեր են, որոնք կհակասեն օրենքին, և ես կհանդիսանամ այն երախշավորը, ով կհետևի օրենք խախտող մարդկանց, որպեսզի կիրառվեն օրենքով նախատեսված բոլոր սանկցիաները»։

Հովհաննես Հարությունյանը հույս է դնում քաղաքացիների իրավագիտակցության վրա, որոնք կբացառեն ընտրակաշառքը ու չեն դառնա որևէ մի քաղաքական ուժի «նպատակի ճանապարհին»՝ որպես գործիք։

Ըստ նրա, դա թասիբի հարց է, իսկ ընտրակաշառքը ոչ մեկին չի հարստացնում, ոչ էլ իրենց սոցիալական խնդիրն է լուծելու, այն փոքր հարցի րոպեանոց լուծում է։

«Դա թասիբի հարց պետք է դառնա մեր քաղաքացիների համար, վերջիվերջո մենք պետք է հասկանանք, որ փակել ենք այդ էջը։ Ազնիվ խոսք, ես չեմ ուզում հավատալ, որ կլինի մի քաղաքացի, որը գումար կվերցնի ու գումարի դիմաց կընտրի ինչ-որ մեկին, անկախ նրանից՝ ով կլինի»,- ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31