Ադրբեջանի և Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված՝ փոխադարձ բողոքները կքննի Մեծ պալատը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ:
Բողոքները վերաբերում են Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատարած խախտումներին, այդ թվում հարձակումներ քաղաքացիական անձանց, քաղաքացիական գույքի և ենթակառուցվածքների վրա, մահապատիժներ, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունք, մարմնի մասնատում, ռազմագերիների գերեվարում և շարունակական պահում, քաղաքացիական բնակչության հարկադիր տեղահանում:
Ադրբեջանը նաև պնդում է, որ 1992 թվականից ի վեր Հայաստանը պատասխանատու է Կոնվենցիայի մի շարք խախտումների համար, ներառյալ հարյուր հազարավոր ադրբեջանցիների շարունակական տեղահանում իրենց տներից և ունեզրկում, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքն ու անհետացում՝ առանց պատշաճ քննության, մշակութային և կրոնական ունեցվածքի ոչնչացում:
Բողոքները ներկայացվել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2020 թ. սեպտեմբերի 27-ին (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) և 2020 թ. հոկտեմբերի 27-ին (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի):
Կարդացեք նաև
Նշված գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն կարծիքը, որ իրավիճակը հանգեցրել է Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկի, Դատարանը ժամանակավոր միջոց էր կիրառել ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և կոչ էր արել Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիայի իրավունքների ոտնահարման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ