Հայաստանում կայանալիք ընտրությունների, ներկա ներքաղաքական անցուդարձի և Արցախյան հարցի շուրջ զրուցել ենք «Իրավական պետություն» կուսակցության նախագահ, իրավաբան, տնտեսագետ, «5165» շարժման համահիմնադիր Վարդան Քալանթարյանի հետ:
-Հայաստանում քաղաքական ուժերը պատրաստվում են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանային ընտրություններին, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական անցուդարձը:
-Ներկայիս նախընտրական վիճակը խիստ մտահոգիչ է ինձ համար: Պատերազմից հետո ժողովուրդը դեռ չի կարողացել ազատվել էմոցիոնալ դաշտից, իսկ մեդիադաշտը կեղծ տեղեկություններով ողողված է, իսկ մեր հասարակական-քաղաքական գիտակցությունը՝ ցածր: Վախենում եմ, որ այս ընտրությունները ևս չկարողանան հաղթահարել քաղաքական ճգնաժամը, և կարճ ժամանակ հետո, եթե որևէ հրաշք տեղի չունենա, ապա նորից բախվելու ենք արտահերթ ընտրություններին: Հասարակության գիտակից հատվածի համար էլ հեշտ չէ, քանի որ տրված չէ ընտրություն կատարելու լավի և լավագույնի մեջ, ինչպես միշտ պարտադրվել է վատի և վատագույնի միջև կատարել ընտրություն: Այսինքն, ճիշտ ընտրություն կատարելու հնարավորությունից զրկված է գիտակից քաղաքացին: Ընտրություններին հայտ ներկայացրած քաղական ուժերը բավական ժամանակ ունեցել են ցույց տալու համար իրենց դիմագիծը, խոսքս բոլորի մասին է՝ նախկին, ներկա: Փաստացի քաղաքացին գնում է ընտրությունների, որտեղ գերակշռում են այդպիսի ուժերը, բայց նաև կան ուժեր՝ ի դեմս «5165» շարժման, որ նոր են հայտ ներկայացրել, ու դեռևս մարդկանց համար մեր ասելիքը անհասանելի է: Ժամանակ է հարկավոր, որ մեր ծրագրային դրույթները և գաղափարախոսությունները ներկայացնենք, և դա հնարավորություն կտար ճիշտ ընտրություն կատարելու: Ժամանակի սղություն կա, իսկ քաղաքացին հնարավորություն չունի նորաստեղծ քաղաքական, մաքուր, ազգայնական ուժերի հետ կապի մեջ լինելու, ուստի նաև քաղաքացիների համար դժվար է լինելու ընտրություն կատարելը:
-Խոսեցիք «5165» շարժման մասին, որտեղ Դուք հիմնադիր անդամներից եք, կներկայացնեք ո՞րն է շարժման տեսլականը, որո՞նք են առաջնահերթությունները:
Կարդացեք նաև
– Մի անհանգստություն ունեմ, որ «5165» շարժումը պետք է կարողանա հաղթահարել ժողովրդի մեջ առկա ապատիան, արթնացնի հավատ, առանց որի դժվար կլինի որևէ բանի հասնել: Շարժման հիմնադիրները շատ տարբեր ճանապարհ անցած, տարբեր ոլորտի մարդիկ են, որոնք դեռևս չեն բավարարում այն հսկա ընտրազանգվածի առաջնահերթությունները, որը մենք կանխատեսում ենք ապագայում: Առաջին հերթին պետք է հավատ արթնացնենք մարդկանց մեջ, որ ժողովուրդը հավատա այն ուժին, որն անկեղծ է իր նպատակների և երկրի ապագայի հարցում, որից հետո կարող ենք ցույց տալ մեր անելիքը: Այս պահին մենք կարող ենք ունենալ հարուստ բովանդակությամբ, ընդգրկուն ռազմավարական ծրագիր, բայց ժողովուրդը պատրաստ չէ լսել, քանի որ չկա վստահություն ոչ մեկի նկատմամբ: Ամիսներ շարունակ, առավել ևս հիմա, մշակում ենք ոչ միայն ինստիտուցիոնալ ազգային պետություն ստեղծելու ռազմավարություն, այլ նաև նեղ ոլորտային քննարկումներ ենք անում, որտեղ բարձրաձայնվում են տարբեր ոլորտների բացերը, ուսումնասիրվում են առկա հիմնախնդիրները, և փորձում ենք տալ գիտական և իրատեսական լուծումներ: Մեր շարժման հիմքը ազգային պահպանողական գաղափարախոսությունն է, ինչը, իհարկե, չի ենթադրում միայն ավանդականի շուրջ փակվել: Մենք կողմ ենք նորարարական ծրագրերին, հավակնոտ ստարտափների ձևավորմանը, որոնց փորձն ունենք: Հիմա նաև ժամանակակից տեխնոլոգիաների դար է, բայց ազգայինի առումով մենք պետք է լինենք բացառապես պահպանողական, քանի որ ազգային արժեքներն են պահել մեզ որպես հայ: Ժամանակն է, որ մենք ունենանք ինստիտուցիոնալ ազգային պետություն:
-Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում նշեց, որ որևէ մեկը հույս թող չունենա, որ իրենք իշխանությունը կտան ուրիշին: Ինչպե՞ս կգնահատեք նրա նմանատիպ հայտարարությունները:
– Այդպիսի լկտի հայտարարություն, ինչպիսին կատարել է Նիկոլ Փաշինյանը, որևէ բարոյական արժեհամակարգում չի տեղավորվում: Ես գիտակցում եմ, որ Նիկոլ Փաշինյան անձը չունի կարմիր գծեր և ընդունակ է շատ անբարոյական քայլերի: Այն, որ պետական ռեսուրսները և հնարավոր բոլոր միջոցները նա կգործադրի, որ նորից վերարտադրվի՝ դրանում ես կասկած չունեմ, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում կասկածել իմ ազգի սթափության վրա: Նիկոլ Փաշինյանն ընտրական կեղծարարությունից մինչև կաշառքներ, որի մասին միշտ ինքն է թմբկահարել, օգտագործելու է: Պատմությունից դեռևս հայտնի չէ մի դեպք, երբ պարտություն կրած առաջնորդը շարունակի ղեկավարել կամ հավակնի ղեկավարել երկիրը: Կան բազմաթիվ դեպքեր պատմության մեջ, երբ պարտությունից հետո առաջնորդները ինքնասպանություն են գործել կամ հրաժարական տվել: Դա արվել է ոչ թե նրա համար, որ տվյալ անձն է միայն մեղավոր եղել ամբողջ կորստի և պարտության համար, այլ կարևոր բովանդակություն կա՝ այդ քայլով նա պարտության մեղքը վերցնում է իր վրա և ժողովրդին ազատում պարտվածի հոգեբանությունից, բարդույթից, որ ազգը նորովի սկսի գեներացնել հաղթելու գաղափարներ, գնա պայքարի: Եթե դա չի արվում, ապա ազգը ղեկավարի հետ մտնում է պարտվածի բարդույթի մեջ, և այլևս նրանց մեջ հաղթանակ տանելու գաղափարներ չեն լինում: Նիկոլ Փաշինյանը, եթե գոնե լիներ մի քիչ հայրենասեր մարդ, ապա պետք է հրաժարական տար: Ժողովուրդը ընտրելով նոր ղեկավար՝ նրան կդարձներ մոտիվացիա հաղթանակների և պայքարի համար:
– Պարոն Քալանթարյան, Դուք էլ նշեցիք, որ հասարակության մեջ դեռ կա էմոցիոնալ դաշտ, և եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել իր բոլոր ռեսուրսները և նորից դառնալ վարչապետ, ապա ի՞նչ կկատարվի դրանից հետո: Նա ի՞նչ ճանապարհով կտանի Արցախի հարցի լուծումը:
– Ես չեմ ուզում անգամ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյան կոչված անձը կարող է վերարտադրվել ստեղծված իրավիճակում, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց տխրահռչակ այդ համաձայնագիրը, որով Ադրբեջանին անցան ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված, այլ նաև Հայաստանի տիրապետության տակ գտնվող այլ տարածքներ: Պատերազմի ընթացքում հազարավոր մարդկային կորուստ ունեցանք, շատ վիրավորներ, ունենք հարյուրավոր գերիներ: Եթե ժողովուրդը այսքանից հետո ընտրությունների ժամանակ կքվեարկի Նիկոլի օգտին, ապա դրանով ոչ թե նրան հնարավորություն է տալիս կրկին վարչապետ լինելու, այլ ուղղակի լեգիտիմացնում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Այսինքն` տալիս է իր համաձայնությունը:
Երկրորդ վտանգը, որ հիմա կա այն է, որ արդեն բազմաթիվ հավաստի աղբյուրներով քննարկվում է այն, որ Փաշինյանը ներկա պահին բանակցում է հաշտության պայմանագիր կնքելու հարցի շուրջ, ինչը ենթադրում է, որ մենք ամբողջությամբ իրավաբանորեն համաձայնվում ենք նոյեմբերի 9-ի համաձայնագրի բովանդակության հետ, և մենք այլևս չենք հավակնում որևէ հարցի քննարկում Ադրբեջանի հետ, այսինքն` օրակարգից դուրս է գալիս մեր պահանջատիրությունը:Մենք այդ քայլով դրանից հետո եկող որևէ բանակցողի հնարավորություն չենք տալիս հայկական հողերի նկատմամբ դրսևորի պահանջատիրական մոտեցում: Կստացվի, որ մենք համակերպվում ենք նրա հետ, որ Շուշին Շուշա է, և մենք այնտեղ անելիք չունենք: Եթե Նիկոլին թույլ տանք կնքել այդ հաշտության պայմանագիրը, ապա դրանից հետո մեր կողմից արված քայլերը միջազգային հանրությունը կդիտարկի որպես ագրեսիայի դրսևորում:
Ի դեպ, իրավաբանական տեսանկյունից նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կարող է ճանաչվել ոչ իրավաչափ, և մենք համաձայն չլինելով դրույթների հետ՝ շարունակենք պայքարը: Դա կլինի պատերազմով, թե տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկրների հետ համաձայնության գալով, ամեն դեպքում հարցը չի փակվի ի վնաս մեզ: 90-ականներին Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում էր կրած պարտությունից հետո, բայց անգամ այդ ժամանակ նրանք չհամաձայնեցին հաշտության պայմանագիր կնքելուն, կնքվեց զինադադար: Նա բազմիցս խախտեց զինադադարը, տարիները օգտագործեց մինչև, որ հասկացավ՝ կարող է պատերազմի մեջ մտնել հաղթելու հավանականությամբ: Բոլոր նրանք, ովքեր իրենց ձայնը կտան Նիկոլին, կլեգիտիմացնեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու Նիկոլին կլիազորեն հաշտություն այդ պայմանագիրը ստորագրել Ադրբեջանի հետ՝ մեր պայքարը տանելով փակուղի: Բացի այդ մենք աշխարհին մեսիջ կուղարկենք առ այն, որ հայն այն ազգն է, ումից կարելի է տարածք զավթել, և մենք դա հանդուրժում ենք, բացի այդ՝ մեր մոտ հողի խնդիր չէ, մերն անվտանգության հարց է:
-Օրերս Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ սա իր և Փաշինյանի պայքարն է։ Կան նաև շատ այլ գնահատականներ, որ քաղաքական դաշտում այս պահին այդ երկու բևեռն է, ի՞նչ կասեք այս մասին:
-Ես բացարձակ համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե քաղաքական դաշտում այս պահին կա երկու բևեռ: Հանրահայտ սևեր և սպիտակներ տարբերակն է գալիս, և հենց իրենք ժողովրդի մեջ էլ փորձում են ստեղծել այն տպավորությունը, թե նրանք ընտրության այլ տարբերակ չունեն: «5165» շարժումը երբեք չպետք է լինի որևէ ուժի այլընտրանք, այսինքն՝ գաղափարական և նպատակային, մարտավարական առումով մենք մեր առաջ դրել ենք այնպիսի վեհ գաղափարներ, որ մեր հակառակ կողմը ոչ թե տվյալ օրվա իշխանությունը կամ ընդդիմությունն է, այլ հզոր ազգային պետություն ստեղծելն ու դրա ճանապարհին եղած խոչընդոտները հաղթահարելը: Սև ու սպիտակ անելը քաղաքական դալտոնիզմի է նման: Արհեստականորեն փորձում են տանել նրան, որ չկան այլ դեմքեր և գույներ քաղաքականության մեջ, բայց այդպես չէ: Սա ներքին պայքար չէ, սա պետություն ունենալու կամ չունենալու հարց է, մենք պետք է լինենք համախմբված , քանի որ հայի ուժը միասնության մեջ է:
Հարցազրույցը վարեց՝ Դավիթ Գրիգորյանը