«Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերը 3կմ առաջ են եկել`Սոթքում եւ Սյունիքի հատվածում`Իշխանասարում: Այս պահին իրենք գրավել են Սեւ լիճը, որտեղից Գորիս քաղաքը ջուր է ստանում: Այս պահին Գորիս քաղաքում ջուր կա, բայց դա ադրբեջանցիների ողորմածության արդյունք է, ցանկացած պահի կարող են փակել»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն`անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին:
Հրանտ Բագրատյանին վրդովվեցնում է այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմը չի հստակեցրել, թե որտե՞ղ են կանգնելու հայկական զորքերը. «Դու սկզբից պետք է պայմանավորվեիր`որտեղ ես կանգնում: Գոնե նոյեմբերի 9-ի թղթով իրենք կճանաչեին Հայաստանի սահմանը: Հայաստանի սահմանները ճշտված չկա, եթե մի բան ճշտված չի`հայտնի չէ`դա կա, թե`չկա: Դու որ թուղթ ես ստորագրում`չե՞ս ասում`Լադիմիր Լադիմիրի`ո՞րն է մեր սահմանը: Այսօր, հենց հիմա, Արմեն Սարգսյանը պետք է լիներ Սեւ լճում: ՀՀ տարածքի երաշխավորն ըստ Սահմանադրության, ինքն է»:
Թե ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ տարածքում Ադրբեջանը կարողացավ երեք կիլոմետր առաջ գալ`Հրանտ Բագրատյանը պարզաբանում է. «Ասում են`հենակետ: Խրամատ չկա: Դրոշակ է դրած, անվադողեր: Բանակում վեց ամիս է արդեն խրամատ չեն փորում: Կանոնակարգով դրա համար 24 ժամ է տրամադրվում: Դա Նիկոլի կոնցեպցիան է, Ղարաբաղում էլ են այդպես անում: Իլհամի հետ ոչ մի թուղթ էլ չի ստորագրվի, մենք չունենք հայ-ադրբեջանական սահման, ինչքան եկան առաջ`եկան: Վաղարշակ Հարությունյանը մի գնդակի մասին լսում է`ասում է`ետ եկեք: Ամենավախկոտ մարդիկ եկել են մեզ պաշտպանելու, էդպես ո՞նց կլինի: Մի բանակ էլ պետք է`իրենց պաշտպանելու համար, սրանք ո՞նց մեզ կպաշտպանեն»:
Հրանտ Բագրատյանի կարծիքով, Սյունիքի մարզպետը պիտի այսօր ձերբակալվի, որովհետեւ «սուտ է խոսել»` ասելով, որ որեւէ խնդիր այդ հատվածում չկա:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ վերիշենցիները ջոկատ են ստեղծել`«փայտեր-մայտերով. ինձ հետ կապվեցին, ասացի գնացեք`դիրքերը պահեք, ադրբեջանցիները ձեզ տեսնեն`կվախենան`կփախնեն»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ