Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ նա կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել: Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ու տուժածների ընտանիքներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա եւ հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները:
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը:
Կարդացեք նաև
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին:
Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ Լիտվան պատրաստակամ է շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին կարեւորել է Լիտվայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափում, թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում, ինչում մեծ դեր ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, որը եվրոպական երկրներից առաջինների թվում վավերացրել է հենց Լիտվան:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին, ռազմագերիների վերադարձի խնդրին, երկու երկրների փոխգործակցությանը նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
ՀՀ Ազգային ժողով