Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ 3 կմ, 5 կմ… Ընդամենը մի հատ դիրք է, ոչ մի առաջ չկա, մի հատ բարձունք է այդտեղ, ընդ որում, չպահպանվող բարձունք էր». Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքի մասին

Մայիս 12,2021 17:39

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սյունիքում ստեղծված իրավիճակի ու ադրբեջանցիների՝ առաջ գալու հետ կապված պարզաբանումներ ներկայացրեց: Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Իշխանասարի հատվածում ադրբեջանցիները նոր դիրքեր են վերցրել, նաեւ հայտարարել, որ Սեւ լիճն են ուզում:

Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Հիմա գնում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման եւ հստակեցման պրոցեսը»: Ըստ նրա, ԶԼՄ-ները այս խուճապը ստեղծեցին ու գործընթացների մեջ ներգրավեցին քաղաքական գործիչեր. «Օրինակ, Վահե Հակոբյանն ասում է, թե ինքը տեղեկություն ունի, որ Սյունիքում կան վիրավորներ եւ այլն: Բնականաբար, այստեղ ակնհայտ էր, որ ոնց որ թե առիթ լիներ, Սյունիքում լարվածության օջախ լիներ եւ մենք դա ճոխացնեինք, մեր երկիրը գցեինք աննկարագրելի լարվածության մեջ: Այսօրվա մեր ամենակարեւոր առաքելությունը հրադադարի ռեժիմը պահելն է, որ կարողանանք մեր կորուստները վերականգնենք ու մտածենք ապագայի, ԶՈՒ ռեֆորմների մասին»:

Իսկ թե ինչ է կատարվել իրականում՝ Անդրանիկ Քոչարյանը այսպես ներկայացրեց. «Ադրբեջանցիները 74 թվականի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել, ինչ-որ մի հատ բարձունքի մասին ասում են, որ սա մերն է: Տվյալ տարածքի մասին է խոսքը, որտեղ գրել են, թե մարտական գործողություններ են գնում եւ կան վիրավորներ: Եթե այսպես շարունակվեր ու ՊՆ-ն հանդես չգար պաշտոնական հերքումով, հաջորդ գրառումը կլիներ, որ զոհեր են, ֆեյքային լուրերի տարածման փուլ մտանք»:

Նա ասաց, որ ԶԼՄ-ներից մեկը գաղտնիք է փոխանցել հակառակորդին, տեղեկատվություն է տվել մեր զինված ուժերի տեղաշարժի մասին. «Էլ ադրբեջանցիներին ոչ մի բան պետք չի, մնում էր՝ կոորդինատներ տային»:

Ըստ Քոչարյանի, Զանգեզուրը քաղաքական գործընթացների մեջ ներգրաված ճոճանակի են վերածել՝ ընտրություններից առաջ, մինչդեռ այն չի կարող ճոճանակ լինել. «Ադրբեջանցիները, երեւի հաշվի են առնում, թե Զանգեզուրի հարցը մեր մոտ ոնց է շահարկվում, երեւի ասում են՝ մի քիչ էլ հլը փորձենք մի հատ դիրք նստենք: Բայց այդ դիրքն այնպիսի դիրք է, որ ընդամենը մեկ զինվորական գործողության արդյունքում իրենք նստած դիրքում կհայտնվեն շրջափակման մեջ: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետեւ հրադադարի ռեժիմը, պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են այլ փաստաթղթերի եւ այլ պայմանագրերի շրջանակներում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով: Իր մեջ, համոզված եմ, քաղաքական կոմպոնենտ ունի հակառակորդի կողմից, որը լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, Ռուսաստանի ներգրավվածությանը մեր անվտանգային համակարգում եւ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում: Գաղտնիք չի, որ Ադրբեջանը սկսել է կամաց-կամաց խնդիրն այլ ձեւաչափով բարձրացնել, որ ՌԴ-ի ներկայությունը այս հրադադարի պահպանման հարցում այնքան էլ ցանկալի չի»:

Հարցրեցինք՝ ՀԱՊԿ-ին դիմելո՞ւ ենք, կարիք չկա՞, որ միջամտեն՝ Քոչարյանը վստահեցրեց, որ ոչ, դրա անհրաժեշտությունը չեն տեսնում:

Մենք ճշտեցինք՝ հիմա ինչքա՞ն են առաջ եկել ադրբեջանցիները, ի՞նչ իրավիճակ է. «Ասում էին՝ 3 կմ, 5 կմ…Ընդամենը մի հատ դիրք է, ոչ մի առաջ չկա, մի հատ բարձունք է այդտեղ, ընդ որում, չպահպանվող բարձունք էր: Այդպիսի բարձունքներ դիրքային ամեն տեղ կա: Հիմա ես չասեմ, որ դիրքեր կան՝ մենք ենք գուցե…դեռ սահմանային խնդիրները հստակեցված չեն: Դա տեւական պրոցես է լինելու, մինչեւ որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված բոլոր հարցերը ինչ-որ պայմանագրով լուծվեն: Հիմա գնում են հստակեցումները, ճշտումները: Բայց այդ ճշտումների մեջ մենք այսպիսի գործողություններով կարող է հասնենք նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիրներ առաջացնենք: Ընդ որում, դա արվում է անթաքույց մեր երկրի դեմ տարածքով հաղորդագրությունով»:

Հարցրեցինք՝ այսինքն, առաջ են եկել պիտի ձայն չհանե՞նք, մենք ոչ մի գործողություն պիտի չանե՞նք՝ Քոչարյանը պատասխանեց. «Անում ենք, հենց հիմա անում ենք: Նախ, բանակցում են, հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրաված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը: Բանակցությունների փուլում ենք: Ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»:

Ճշտեցինք՝ ոնց որ առաջ են եկել, հե՞տ են գնալու՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այո, ես այդպես եմ կարծում: Հիմա դուք կասեք՝ բա ինչի՞ հենց հիմա չեն գնացել, բա ինչի՞ են բարձրացել, բա ո՞ւր են մեր զինված ուժերը: Դուք պատկերացնո՞ւմ եք սահմանի ամեն մի սանտիմետրի վրա մի զինվոր կանգնած չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Պաշտոնյա դարձած Անդրանիկ Քոչարյան, չես զգու՞մ, որ արդեն մտածելակերպդ նմանվում է նախկիններին, որոնց դու ժամանակին քննադատում էիր: Նախկին պաշտոնյաներից մեկի պես ես արդարանում, որը քառօրյա պատերազմում մեր դիրքերի կորուստի մասին ասում էր՝ դրանք ռազմավարական տեսանկյունից, մարտավարական տեսանկյունից…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31