Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նախագահը հող էր նախապատրաստում Սյունիքի դեմ այսօրվա ագրեսիվ գործողությունների համար»․ քաղաքագետ

Մայիս 12,2021 16:49

«Հայկական ազգայնականության» թեման դուրս չմնաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակից։ Նախ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանին մեղադրեց Մոնթեին ու Նժդեհին հերոսացնելու համար, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասաց, որ ներհայաստանյան ռեւանշիստական փորձերը եւ կորցրած տարածքները վերադարձնելու հայտարարությունները վտանգավոր են ՀՀ-ի համար։ Լավրովն էլ Բայրամովի հետ հանդիպմանն ասել էր, թե Ռուսաստանը դատապարտում է ազգայնամոլության դրսեւորումները։

Սուրեն Սարգսյան

Թե ինչու այս թեման Լավրովի հետ հանդիպումներում շոշափեցին Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը, Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախ հիշեցրեց հակամարտությունում Ռուսաստանի ունեցած դերակատարումն այն տեսանկյունից, որ վերջինս կանգնեցրել է ռազմական գործողությունները․ «Եռակողմ հայտարարությունը ստորագրվեց ՌԴ միջնորդությամբ։ Սա, բնականաբար, նշանակում է, որ Ռուսաստանն ամենամեծ ազդեցությունն ունի այս տարածաշրջանում եւ Հայաստանի վրա։ Բնական է, որ ադրբեջանցիները նաեւ փորձում են այդ ազդեցությունն իրենց օգտին ծառայեցնել եւ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել այնպես, ինչպես անում են դա վերջին տարիներին։ Խոսքը Նժդեհի արձանի մասին է։ Այդ թեման բավականին սուր է ընդունվում եւ ընկալվում Ռուսաստանում։ Ադրբեջանն էլ օգտվում է հնարավորությունից եւ փորձում ձեւավորել հենց այդ հակասությունները հայ-ռուսական հարաբերություններում։ Ուստի սա շատ սպասելի է»։

Ինչ վերաբերում է Հայաստանին ուղղված ակնարկներին, Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե հայերն են իրականում համաձայնագրի ոգին խախտում․ «Այսօր Ադրբեջանը սադրիչ գործողություններ իրականացրեց Սյունիքի ուղղությամբ, եւ դրանց նրանք նախապատրաստվում էին Լավրովի այցի ժամանակ։ Ցույց են տալիս, թե հայերը չեն կատարում իրենց պարտավորությունները, թե հայերը ռեւանշիստական ձգտումներ ունեն։ Դրանով իրենց համար հիմք ստեղծեցին, որպեսզի այսօր իրականացնեն այն, ինչ անում են Սյունիքում»։

Սուրեն Սարգսյանը պատահական չի համարում այն փաստը, որ Լավրովի այցից ժամեր առաջ Ալիեւը պնդեց, թե Արցախի խնդիրը լուծված է, եւ որ Նախիջեւանը միջանցքով կապվելու է «ադրբեջանական պատմական տարածք Զանգեզուրի» հետ։ «Ադրբեջանի նախագահը հող էր նախապատրաստում այսօրվա ագրեսիվ գործողությունների համար, որոնց Հայաստանն ի վիճակի չէ պատասխանել ոչ ռազմական, ոչ դիվանագիտական առումով, որովհետեւ տապալել ենք մեր արտաքին-ներքին քաղաքականությունը։ Ուստի Ալիեւը հստակ հաշվարկներով է առաջնորդվում»,-եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31