Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են՝ պնդում է Սյունիքի մարզպետը, մինչդեռ ՊՆ-ն այլ հայտարարություն է անում. «Փաստինֆո»

Մայիս 12,2021 16:44

Փաստինֆո. «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը և ասաց, որ այս պահին բարձրանում է Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

Մինչդեռ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարել էր, որ Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որեւէ կրակոցի։

«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին»,- «Փաստինֆո»-ին ասել է Մենուա Հովսեփյանը։ Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ հակառակորդը Քելբաջարի կողմից է առաջ եկել Իշխանասար 200-ից ավելի զորքով և կտրել են մեր դիրքերը Հայաստան բերող ճանապարհից:

ՀՀ ՊՆ-ն եւս հաստատել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն, ինչով հերքվում է փաստացի Սյունիքի մարզպետի հայտարարությունը, թե հակառակորդը մոլորվել է։ Եթե մոլորվել են, ապա ինչ բանակցություններ են ընթանում՝ կարելի էր ուղղակի իրենց դեպի Ադրբեջան տանող ճանապարհը ցույց տալ, որ վերադառնան կամ էլ պարզապես որպես դիվերսանտներ կալանավորվեին։

Ակներեւ է, որ պաշտոնական լրահոսը 44 օրյա պատերազմից դասեր չքաղելով շարունակում է կեղծ ու իրարամերժ տեղեկատվության տրամադրումը։

«Առավոտ». Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանը հերքում տարածեց. «Լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե իբր «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»․․․ 👇

Հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետը նման միտք որեւէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել, նա առավոտվանից գտնվել է Սեւ լճի տարածքում ու օրվա վերջում նաեւ հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետեւաբար Մ․Պողոսյանը  չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել եւս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է․․․ Հորդորում ենք Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31