Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե միայն ձնհալն է պատճառը, ինչո՞ւ են զորքեր հանում, բանակային կորպուսները թիվ 1 պատրաստության բերում». Թևան Պողոսյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

Մայիս 12,2021 16:28

«Ստեփանակերտը մարդաշատ է, բայց մարդաշատության խնդիրն այլ կերպ պետք է դիտարկել: Շուշիի ու Հադրութի շրջանների փախստականների խնդիրն է: Նրանք են նաև Ստեփանակերտում, իրենց բարեկամների մոտ են, քանի որ իրենց տները կորցրել են»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ստեփանակերտից իր տպավորություններն այսպես ներկայացրեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝ միայն մեքենաների թվով չպետք է որոշել քաղաքում իրավիճակը, այլ թե ինչ գաղափարներ ու հոգեբանական վիճակ ունի բնակչությունը: Նա փաստեց. «Ամենացավալի հետպատերազմական փուլում ենք, երբ հոգեբանական սինդրոմները սկսում են գլուխ բարձրացնել: Ապագայի անկանխատեսելիությունն է ամենակարևոր հարցը»:

Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ցավում է, որ արտաքին միջազգային հարաբերություններում կարծես չկա Արցախի խնդիր, ավելի շատ լսում ենք ադրբեջանական կողմին. հայկական կողմից չկա նախաձեռնողականություն: Թևան Պողոսյանը քննադատեց նաև, որ հայկական կողմն անգամ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին շատ դժվարությամբ է արձագանքում, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից արձագանքը միանգամից գրանցվում է:

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ ՀՀ նոր ԱԺ-ի ձևավորումից հետո այդ նորընտիր խորհրդարանը պետք է ձեռնամուխ լինի Արցախի անկախության ճանաչմանը: Նա պարզաբանեց. «Խոսում են դեօկուպացիայի մասին, էն տարածքների, որոնք դեռ չե՞ն ճանաչել: Մեր հանրությանը պետք չէ վախեցնել, որ ճանաչումից հետո պատերազմ է սկսվելու: 44-օրյա պատերազմն եղավ և դեռ չի դադարել»:

Թևան Պողոսյանը ցավով փաստեց, որ այսօր Արցախը Հայաստանին կապվում է իր բնորոշմամբ՝ «փոքրիկ պորտալարի նման 5 կիլոմետրանոց երևույթով»: Նա շարունակեց. «Այն էլ շատ դեպքերում չի պահպանվում, երբեմն քեզ կկանգնեցնեն ճանապարհին, որ ադրբեջանական մի մեքենա անցնի կամ ռուս խաղաղապահների շարասյունն անցնի: Դա սկսում է մարդկանց վրա հոգեբանորեն ազդել: Եթե առաջ կար Քարվաճառի և Բերձորի հնարավորությունը. մի քանի ճանապարհ Արցախը Հայաստանի հետ կապելու, մարդիկ կարող էին հասցնել իրենց կանանց, երեխաներին տարհանել, հիմա որ վաղը պատերազմը սկսվի, այդ հնարավորությունը չենք ունենալու»:

Խոսելով Սյունիքում տեղի ունեցած դեպքերի՝ մասնավորապես ադրբեջանական զորքի առաջխաղացման և պարզաբանումների մասին, թե պատճառը ձնհալն է եղել, Թևան Պողոսյանն ասաց. «Եթե միայն ձնհալն է պատճառը, ինչո՞ւ են զորքեր հանում, բանակային կորպուսները թիվ 1 պատրաստության բերում: Ինչո՞ւ չենք կարողանում նախօրոք հաղորդակցվել հանրության հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31