«Արտաշատի շուրջ զարգացումներն ընթանում են երկու ուղղությամբ` 1970-ից արվող ուսումնասիրություններ, որոնք հաշվի առնելով հուշարձանի չափերը եւ կարեւորությունը` աստված գիտի, թե դեռ որքան կշարունակվեն, եւ հուշարձանի պահպանություն, որը քանի գնում, ավելի հրատապ է դառնում»,- «Տեսակետ» ակումբում նշեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը:
Հնագետի խոսքով. «Արտաշատը հիմնադրվել է մթա 2-րդ դարում` Արտաշես Առաջինի օրոք եւ որպես մայրաքաղաք` հարատեւել է մինչեւ մթա 5-րդ դարի կեսերը, ինչն ընդամենը նրա տարիքն է որպես մայրաքաղաք: Ինչ վերաբերում է հնագիտական հուշարձանին, այդ տեսակետից Արտաշատ հնավայրի պատմությունը մայրաքաղաք Արտաշատի պատմության համեմատ ավելի տեւական է: Բնակությունն այս տարածքում (խոսքը Խոր Վիրապի բլրաշարքի եւ հարակից դաշտավայրի մասին է), սկսում է մթա 5-րդ հազարամյակից եւ հարատեւում է Միջին բրոնզի, Ուշ բրոնզի դարաշրջաններում, Վաղ երկաթում: Արտաշատի տարածքում գործել է ուրարտական խոշոր քաղաքներից մեկը, որի հետքերը պեղումների ընթացքում բացահայտվել են, ու հուշարձանն էլ աչքի է ընկնում որպես անտիկ Հայաստանի ծաղկուն մայրաքաղաքներից մեկը»:
Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավարը նշում է, որ պեղումները սկսվել են 1970 թվականից եւ գրեթե անընդմեջ քաղաքի ուսումնասիրությունն ընթանում է երկու տարածքներում. «Մեկը այսպես կոչված գետամերձ թաղամասն է, Արաքսի անմիջական հարեւանությամբ, Արաքսի ափից մոտ 140 մետրի վրա, որտեղ բացվում է մեր թվարկության 1-ին դարի կեսերին Տրդատյան ժամանակաշրջանում հիմնադրված թաղամաս: Ուսումնասիրություններն այս տարածքում ընթանում են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից: Եվ երկրորդը, այսպես կոչված ստորին քաղաքի տարածքում է` Խոր Վիրապի բլրաշարքի ստորոտում տեղակայված փոքր բլրակի վրա: Այստեղ էլ ուսումնասիրություններն ընթանում են հայ-գերմանական համատեղ արշավախմբի շրջանակներում:
Առաջին ծրագրի վերաբերյալ պետք է նշեմ, որ բացվող թաղամասը արտակարգ հետաքրքիր տարածք է, որտեղ արդեն իսկ ուսումնասիրվել են մեծ հռոմեական բաղնիք իր խճանկարներով, տաքացվող կրկնակի հատակով, ջրամատակարարման եւ ջրահեռացման բարդ համակարգով: Բացի բաղնիքից՝ բացահայտվել է մեծ սրահ, տաճարական հարթակ, քաղաքային ճեմատարածք, տարբեր կառույցներ, այդ թվում` գունազարդ որմնանկարներով զարդարված:
Կարդացեք նաև
Նյութերն արտակարգ հետաքրքիր են, այս թաղամասը բացահայտում է Արտաշատի կյանքի մի շատ հետաքրքիր շրջան, երբ նշանակալի ներգործություն է ունենում տեղական մշակույթի վրա հռոմեական մշակույթը: Դա զուգորդվում էր նաեւ քաղաքական եւ տնտեսական փոխգործակցությամբ` Հայաստանի եւ Հռոմի միջեւ»:
Ինչ վերաբերում է երկրորդ` հայ-գերմանական ծրագրին, այս մասին էլ Մկրտիչ Զարդարյանը նշեց, որ ուսումնասիրություններն ընթանում են մի քանի ուղղությամբ` բուն հնագիտական պեղումներ եւ Արտաշատի ստորին քաղաքի գեոֆիզիկական ուսումնասիրություններ: Վերջինիս շնորհիվ, մասնագետի խոսքով հնարավոր է նախապես պարզել, թե հողի տակ ինչ կառույցներ կան: Նա հավելեց, որ 2 տարվա ընթացքում ուսումնասիրվել է գրեթե 40 հա տարածք Արտաշատի դաշտավայրային հատվածում: Հնագետի ձեւակերպմամբ, արդյունքներն ուղղակի շլացուցիչ են. «Դեռ 70-ականներին սկսած պեղումներից գիտեինք, որ Արտաշատի բոլոր 15 բլուրները շատ խիտ կառուցապատված են եղել: Բլուրների վրա տեղակայված են եղել ինչպես բնակելի կառույցներ, այնպես էլ հանրային: Միայն բլուրները շրջապատող պարիսպների երկարությունը շուրջ 10 կմ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ