Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես համոզված եմ, որ ադրբեջանցիները ետ չեն քաշվելու». Լիլիթ Թումանյան

Մայիս 12,2021 15:44

«Ես համոզված եմ, որ ադրբեջանցիները ետ չեն քաշվելու, իրենք ամբողջական զորքով են եկել, ընդամենն առաջխաղացում չէ»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանն`անդրադառնալով այսօր Սյունիքում տեղի ունեցած զարգացումներին:

Ըստ Լիլիթ Թումանյանի, ընդդիմադիր գործիչների եւ ուժերի քանիցս հնչեցրած ահազանգը, որ ադրբեջանցիները չեն բավարարվելու իրենց ձեռքբերածով եւ հավակնելու են նորանոր տարածքների, այսպիսով, հաստատվում է: Ըստ նրա՝ ակնհայտ է դառնում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղությունը, որ այլեւս պատերազմ չի լինելու եւ հաշտ ու համերաշխ ենք ապրելու, կեղծ է եւ սուտ: Բանախոսը պատահական չի համարում, որ Ադրբեջանը հիմա է փորձում իրավիճակից օգտվել`հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը, Պաղեստինի եւ Իսրայելի հարաբերությունների սրումը:

«Սա դրսեւորումներից մեկն է, որը էլի է լինելու եւ լինելու է միշտ, քանի դեռ մենք ունենք իշխանություն, որը միշտ համաձայնելու է, որեւէ կերպ չի դիմադրելու: Սյունիքում լինելու է միշտ, բայց արդեն Վայոց Ձորի եւ Տավուշի բերանին են կանգնել»,- ասաց Լիլիթ Թումանյանը: Նա չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մեջ որեւէ ձեւով առկա է պայմանավորվածություն, որ ընտրություններում իր`Նիկոլ Փաշինյանի դիրքերը թույլ լինելու դեպքում, ռազմական իրավիճակի լարման տեսքով, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տան. «Եթե հանկարծ լինի ռազմական բախում, եւ ՀԱՊԿ-ն էլ միջամտի, ապա Հայաստանում ռազմական դրություն կհաստատվի եւ ընտրությունները հետին պլան կմղվեն»:

Լիլիթ Թումանյանը հիշեցնում է, որ վերջերս Կազանում, Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական պատվիրակության հետ գաղտնի հանդիպում է ունեցել, որը պաշտոնապես չարտացոլվեց: Տեղեկությունը ռուսական մամուլում հրապարակվեց`ոչ պաշտոնական աղբյուրներին հղումով: Նա տեսականորեն չի բացառում, որ հիմա էլ կրկնվի անցած տարվա հուլիսյան սցենարը, երբ փոքրիկ հաղթանակ է ապահովվում Նիկոլ Փաշինյանի համար, ինչը ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքբերում եւ նպաստում է նրա վարկանիշի բարձրացմանը:

Վարկածներից մեկն էլ, ըստ բանախոսի, այն է, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ իրենց «կարմիր գծերն» են ճշտում:

Լիլիթ Թումանյանը կարծում է, որ Ադրբեջանը մինչեւ ընտրությունները փորձելու է ստանալ իր համար բաղձալի ճանապարհը Սյունիքով:

Անդրադառնալով «Անտինիկոլ» նախաձեռնությանն էլ, բանախոսն ասաց, որ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն`անհրաժեշտ շեմը հաղթահարելուց հետո Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելո՞ւ են, թե՞ ոչ, որպեսզի քաղաքական դաշտը բյուրեղանա եւ հասկանալի լինի, թե ով` ով է: Ընտրազանգվածն էլ, ըստ այդմ, պիտի ցույց տա իր բյուրեղացումը. «Այս շարժումը տրամադրությունների եւ վերաբերմունքի պարզ արտահայտման միջոցներից մեկն է»: Ակցիային կարելի է մասնակցել այդ գրառմամբ շապիկներ կրելով, գրառումներ կատարելով`համացանցում եւ տարբեր վայրերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31