Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերեցին Մարտունի քաղաքի թիվ 1, 2 հիմնական և ավագ դպրոցների սաներ, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Եղոյանը, Արեգ Մկրտչյանը, Ռուբեն Գուլեյանը, Շանթ Թովմասյանը, Էդմոն Հովհաննսյանը, Դերենիկ Օհանյանը, Արամ Աբրահամյանը եւ Հայկ Մկրտչյանը: Հերոսացած տղաների հիշատակի առթիվ մայիսի 11-ին Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում բացվեց նրանց հիշատակն հավերժացնող հուշանկյուն:
Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ուժային կառույցների աշխատակիցներ, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ, անհատ քաղաքացիներ:
Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Խանում Ղազարյան. «Մենք այսօր հավաքվել ենք՝ մեր խոնարհումը բերելու մեր սիրելի սաների ծնողներին, որ նման հերոս որդիներ են ծնել: Այս հուշապատը լինելու է մեր սրբավայրը, որի առաջ աղոթելու ենք հոգով ու սրտով: Այսուհետ մեր հերոսներն են լինելու հայրենասիրության դաս տվողները, նրանցով են ոգեշնչվելու մեր աշակերտները, գալիք սերունդները: Այս հուշապատը խորհրդանշում է Կենաց ծառը, նրա վրա պատկերված նռան պտուղները՝ մեր ութ հերոսներին, կանաչ տերեւները՝ բողբոջող սերունդներին
Ապա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան դպրոցի շնորհալի աշակերտները: Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, աշակերտների կողմից հերոսները ներկայացվեցին ու փառաբանվեցին անուն առ անուն:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան. «Մեր հերոսները հայրենիքի համար արեցին առավելագույնը՝ սուրբ պարտավորություն թողնելով մեզ վրա: Իսկ այդ պարտավորությունը շատ պարզ է՝ հանուն նրանց շենացնել ու հզորացնել մեր հայրենիքը, ապաքինել մեր վերքերը եւ հավատով նայել գալիքին: Մեր հերոսացած տղաները իրենց հիանալի են դրսեւորել ուսման մեջ, աչքի ընկել տարբեր բնագավառներում, եղել կիրթ, համեստ ու խելացի, պատերազմի դաշտում՝ անձնազոհ: Սիրելի ծնողներ, երբեք չընկճվեք, քանի որ ձեր զավակները, հանուն հայրենիքի, գիտակցաբար ու իմացյալ մահվան են գնացել: Նրանց սխրանքների շնորհիվ էր, որ մեր դիրքերի զգալի մասը մնաց անառիկ: Սիրելի ուսուցիչներ, շարունակեք հայրենասեր սերունդ դաստիարակելու ձեր ազգանվեր գործը, սերմանեք ազգային ու հայրենասիրական արժեքներ»:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան