Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե Ադրբեջանը հայ ռազմագերիներին չի վերադարձրել միմիայն ականապատ գոտիների քարտեզները չստանալու պատճառով»․ քաղաքագետ

Մայիս 12,2021 15:04

«Նախեւառաջ, չեմ կարծում, որ մինչեւ օրս Ադրբեջանը հայ ռազմագերիներին չի վերադարձրել միայն ականապատ գոտիների քարտեզները չունենալու կամ հայկական կողմից դրանք չտրամադրելու պատճառով։ Այսինքն, կան ավելի խորքային եւ լուրջ դրդապատճառներ, որոնց հետեւանքով Ադրբեջանը չի ցանկանում լիարժեք կատարել իր ստանձնած պարտավորությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմից ականապատ քարտեզների առնչությամբ հնչեցրած հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհել է, թե հայկական կողմը չի տրամադրում Արցախի ականապատ տարածքների քարտեզները, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ ասել է, որ Երևանի հետ քննարկել է զոհերի և անհետ կորածների մարմինների վերադարձի, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը․«Նախնական քայլեր են ձեռնարկվել, և ակնկալում ենք, որ հարցը շուտով կլուծվի»։

Նարեկ Մինասյան

Նարեկ Մինասյանը նշեց․ «Այլ հարց է, որ ռուսական կողմը փորձում է այս իրավիճակում անել հնարավորը, որպեսզի ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը չկասեցվի, չկանգնի, եւ հնարավոր լինի դեռեւս նոյեմբերից հետո մեկնարկած գործընթացում որոշակի առաջընթաց արձանագրել։ Պատահական չէ, որ ռուսական կողմն այս փուլում առավել առաջնահերթ է համարում հումանիտար խնդիրների լուծումը, որովհետեւ քանի դեռ լուծված չեն հումանիտար բնույթի խնդիրները, ավելի լուրջ եւ ծանրակշիռ հարցերի լուծումն այդքան էլ իրատեսական չէ։ Իսկ այդ հարցերի շարքում նախեւառաջ պետք է դիտարկել հայ ռազմագերիների հայրենադարձման խնդիրը, ինչը բավականին զգայուն հարց է հայկական կողմի համար, ինչպես նաեւ Արցախի հայկական մշակութային կոթողների պաշտպանությունը։ Այս երկու հարցին էլ, ըստ էության, Լավրովն անդրադարձավ, ինչը բավականին կարեւոր է։

Լավրովի եւ Բայրամովի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական կողմը պնդեց իր հռետորաբանությունը, թե Բաքուն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, իսկ ռուսական կողմը, որն ինչ-որ առումով ստանձնել է եռակողմ հայտարարության կյանքի կոչման միջնորդի եւ երաշխավորի առաքելությունը, փաստացի արձանագրեց, որ խնդիրը լուծված չէ, ավելին՝ ընդգծեց, որ պատմական հուշարձանների պահպանությունն ու ռազմագերիների վերադարձը պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։ Սա կարեւոր է արձանագրել»։

Դառնալով Արցախի ականապատված գոտիների քարտեզների հարցին՝ քաղաքագետը շեշտեց․ «Նախ պետք է արձանագրել, որ այս թեման ինչ-որ առումով մասամբ կեղծ օրակարգ է։ Ադրբեջանական կողմը պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Բաքուն մտադիր չէ կատարել հայ գերիների վերադարձի իր ստանձնած պարտավորությունը, եւ երբ միջազգային ճնշումն այդ հարցում Բաքվի վրա ավելացավ, վերջինս փորձեց ձեւավորել դրան հակակշռող օրակարգ։ Տարբեր մակարդակներով հայտարարվում էր, որ հայկական կողմը չի տրամադրում ականապատ գոտիների քարտեզները։

Այս իրավիճակում պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա։ Նախ, հայկական կողմը պաշտոնապես ասել է, որ Բաքվից Երեւանին ուղղված նման պաշտոնական դիմում երբեւէ չի եղել։ Բացի դա, խնդիրները դիտարկենք գործնականում։ Մասնավորապես, Արցախի նախկին շփման գծի մի շարք շրջաններ, ըստ էության, ադրբեջանական վերահսկողության տակ են։ Թե որքանով է հայկական կողմին հաջողվել հրամանատարական կետերից դուրս բերել ականապատ գոտիների քարտեզները, միանշանակ չենք կարող ասել։ Բացի այդ, երբ Արցախի հարավային շրջաններում պատերազմի ընթացքում հայկական ստորաբաժանումները ստիպած էին նահանջել, շատ վայրերում տեղի է ունեցել տարերային ականապատման գործընթաց, եւ, հետեւաբար, որեւէ քարտեզի պատրաստում հնարավոր չէր եւ իրատեսական չէր։ Ուստի ինչ-որ առումով կարող եք արձանագրել, որ այս թեման կեղծ օրակարգի մասն է, իսկ ռուսական կողմն ինչ-որ առումով փաստացի փորձում է երկու կողմի համար առնվազն հանրային դաշտում հնչեղություն ստացած այդ խնդիրները կարգավորել եւ կարծես թե փորձում է առաջարկել ինչ-որ փոխզիջումային տարբերակ, որպեսզի ադրբեջանական կողմը, վերադարձնելով հայ ռազմագերիներին, որոնց փորձում է այլ կարգավիճակներ տալ, ինչ-որ կերպ կարողանա դա բացատրել սեփական հանրությանը։ Գաղտնիք չէ, որ ռազմագերիների հարցում ադրբեջանական քարոզչությունը լուրջ արշավ է տանում երկրի ներսում՝ նրանց պիտակավորելով որպես ահաբեկիչների։ Հետեւաբար, ռուսական կողմը կարծես փորձում է ինչ-որ բան ապահովել նաեւ ադրբեջանական կողմի համար, որպեսզի վերջինս սեփական հանրությանը մատուցելու բան ունենա։ Սակայն ինչպես խոսքի սկզբում ասացի՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին մինչեւ օրս չի վերադարձրել միմիայն ականապատ գոտիների քարտեզների համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31