Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օրենքով չեն լինելու հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր

Մայիս 12,2021 14:34

ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ այլ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացրեց, թե նոր օրենսդրությունն ինչ է սահմանում եւ ինչ փոփոխություններ են լինելու ոլորտում։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կատարվել է սահմանումների փոփոխություն, նախկինում հաշմանդամություն ունեցող անձը սահմանվում էր որպես անձ, որն առողջական վիճակի պատճառով ունի սոցիալական պաշտպանության կարիք, իսկ ներկայիս օրենքով պետք է գնահատվի անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական, մտավոր, զգայական, միջավայրային արգելքների փոխազդեցությունը, որպեսզի հնարավոր լինի նրան ապահովել տվյալ միջավայրում հնարավորինս լայն ներառում, ըստ իր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակման։

Ներկայումս կան բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խմբեր, որոնք հաստատուն խմբեր են, բաղկացած են հիմնականում բժիշկներից, եւ անձին հաշմանդամություն է սահմանվում՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես ասաց փոխնախարարը, լինելու է մասնագետների ռեեստր, որտեղ ներգրավված են լինելու բացի բժշկական մասնագետներից, նաեւ հարբժշկական մասնագետներ․«Ռեեստրում ձեւավորվելու է փորձաքննող խումբը՝ մեկ օր առաջ, ըստ քաղաքացու լրացրած բողոքների համակարգի, որոշակի տվյալներ ենք հավաքելու։ Սա կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար է»։

Նոր օրենսդրությամբ այլեւս չեն լինելու հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր, լինելու է ֆունկցիոնալության աստիճան՝ թույլ, միջին, ծանր, խորը։

«Ըստ այդ ֆունկցիոնալության աստիճանի, ունենալու ենք ծառայությունների ամբողջական փաթեթ։ Լինելու է անհատական օգնականի ծառայություն, համայնքահեն ծառայություն եւ այլն։ Անհատական օգնականի ծառայությունը պետության հաշվին է լինելու։ Գործող արտոնությունները պահպանվելու են, գումարած նոր արտոնությունները։ Մարդիկ, որոնք ունեն սահմանված անժամկետ հաշմանդամություն, իրենք փորձաքննվելու են՝ ելնելով իրենց ցանկությունից»,-ասաց փոխնախարարը։

Օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո պարտավորություն կա ապահովելու մատչելի կամ խելամիտ հարմարեցումների միջոցով հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց, եթե սա չիրականացվի, ապա նոր օրենքով սահմանվում է տույժ եւ տուգանքներ, այսօր նման դեպքում տուգանք սահմանված չէ։

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31