Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկատվությունը, որ հակառակորդը հարձակվել է Սյունիքի սահմանամերձ համայնքների վրա։ Մասնավորապես հրապարակումներ եղան, որ հակառակորդը գրոհել է Իշխանասարի ուղղությամբ, կան վիրավորներ։
«Պարզապես գիշերը իրենց ելման դիրքերից առաջ են եկել։ Մեր հովվին տեսան, վերջինս իմացավ ռուսներ են, բայց երբ ասացին՝ սալամ, հասկացավ, որ ադրբեջանցիներ են։ Հիմա հայկական կողմը բանակցում է նրանց հետ, որ հետ գնան իրենց դիրքերը ու պիտի գնան։ Քարտեզով նախատեսված տեղ պիտի գնան։ »,–ասաց Մենուա Հովսեփյանը՝ նշելով, որ ինքը այս տեղեկատվությանն է տիրապետում։
«Եթե այլ իրադարձություն լիներ, կիմանայի, հարձակում որպես այդպիսին չի եղել՝ նորից եմ ասում, պարզապես առաջ են եկել»,–նշում է Հովսեփյանը։ Վերջինիս նաեւ ասաց, որ վիրավորներ չկան։
Կարդացեք նաև
Քիչ առաջ նա իր ՖԲ էջում հայտնել էր, որ հակառակորդը «Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով: Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը բանակային կորպուսներում տվել է թիվ 1 պատրաստություն եւ տագնապ է հայտարարվել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ