Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաշինյանի գինն է, որ ադրբեջանական բիրժայում մի փոքր փորձեց թանկացնել, բայց չի թանկացրել, նույն էժանն է». Սոֆյա Հովսեփյան

Մայիս 12,2021 14:30

Փաշինյանի նախկին թիմակիցը կորցրել է նրա հանդեպ վերջին նշույլը ու ահազանգում է՝ Փաշինյանը դավաճանել է բոլորին, հովանավորչություն էլ կա, կոռուպցիա էլ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 7-րդ գումարման ԱԺ-ն արձակվելուց առաջ իր եզրափակիչ ելույթում խոսեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած եւ չլքած պատգամավորների մասին: Նա ասաց, որ նոյեմբերին, հոկտեմբերին եւ նույնիսկ սեպտեմբերին, արդեն խոսակցություն կար, որ, 5 մլն, 10 մլն, 50 մլն դոլար կդնեն եւ «Իմ քայլը» խմբակցությունից 20, 23 հոգու կգնեն. «Չգիտեմ՝ որտեղ են դրել, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ, եւ մենք տեսանք եւ կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն: Ես կարծում եմ, որ նրանք հասել են արդեն… Ամենադաժան փորձությանը դիմացել են այն մարդիկ, ում հենց դա չի ներվում։ Ձեզ, մեզ դա չի ներվում, որովհետեւ մարդիկ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է չծախվել այն ժամանակ, երբ բորսայում ամենամեծ եւ ամենաբարձր գներն են: Հենց դա չի ձեզ ներվում, մեզ ներվում, ուրիշ որեւէ բան չմտածեք: Ինչպե՞ս կարելի է չծախվել, չէ՞ որ միլիոններ են»:

Այս խոսքերը շատ են բարկացրել «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին: Նա «Առավոտի» հետ զրույցում հորդորեց Նիկոլ Փաշինյանին հասնել այնտեղ, որտեղ ինքն է հասել. «Դա ազնվության այն բարձր շեմն է, որտեղ երբեք ո՛չ ինքը, ո՛չ իր թիմը չեն հասնելու: Որեւէ մեկը չի կարող նման բան արտահայտել իմ անձի մասին, որովհետեւ չկարողացան լինել ազնիվ, չկարողացան լինել արդար, այն սկզբունքներին, որով իրենք փորձում էին գալ, չկարողացան պահել, որովհետեւ դա իրենց ներաշխարհային արժեքը չի»:

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ «Իմ քայլի» թիմում կան մարդիկ, որոնք ափսոս են, իրենց «Իմ քայլից» դուրս է տեսնում. «Իսկ այն մարդկանց, որոնք ծափահարում կամ ուրախանում են Նիկոլ Փաշինյանի այդ ասածից, նախ թող գտնեն իրենց ազնվությունը եւ լինեն այնքան արդար, այնքան չծախվող ու արդարադատ, որքան Սոֆյա Հովսեփյանն է: Դեռ իրենք շատ ունեն հասնելու այդտեղ»:

Ինչ վերաբերում է «բորսայի գներին»՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Շատ կոպիտ արտահայտություն արեց՝ ասելով, որ բիրժայում գները բարձրացել են: Բիրժայում՝ միայն թուրքական եւ ադրբեջանական բիրժայում գները բարձրացել էին, որով հենց իրենց հարմար գներով գնեցին: Իսկ ինձ որեւէ մեկը չի կարողացել գնի: Ինչպես իրենք, այնպես էլ որեւէ քաղաքական գործիչ: Չկա որեւէ մարդ, որ կարողանա ինձ հետ սակարկի որեւէ բան: Իսկ իրենց հետ սակարկելով՝ հայրենիք ձեռքից առան: Իրենց թողնելով ոչինչ՝ մեր ձեռքից խլեցին 5000 երեխա, մեր հայրենիքի մի մեծ մասը, իսկ իրենց տվեցին ընդամենը գրոշներ եւ տանջանք, որի համար պետք է իրենք պատասխան տան, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը: Նա, առանց անհարմար զգալու, միգուցե շատերին ուզում է ինչ-որ բան ասել, բայց բոլորին նույն արշինով չափելով՝ ելնել ցինիզմով խոսե՞լ նման բան: Եթե կարծում է, թե իրեն շատերը կներեն, ապա իմ նման ազնիվ մարդը երբեք չի ների: Եվ իր գինն է, որ ադրբեջանական բիրժայում մի փոքր փորձեց թանկացնել, բայց չի թանկացրել, նույն էժանն է»:

Դիտարկմանը, որ Փաշինյանն ասաց, որ «Իմ քայլում» մնացել են նրանք, ովքեր հավատարիմ են իրենց արժեքներին ու հրապարակեց այն գները, որոնցով պատրաստվում էին գնել իմքայլականներին, ստացվեց՝ ովքեր հեռացել են, ծախվել են ու դավաճանել այդ արժեքներին՝ Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. «Եթե այդպես է համարում, ապա ազգային անվտանգությունն էլ է իր ձեռքը, ոստիկանությունն էլ: Ով որ ըստ իրեն գնվել է, արդեն իսկ հրապարակավ փաստերով հայտարարած կլիներ, ներկայացրած կլիներ: Բայց քանի որ ոչինչ չունի ինքը, որովհետեւ ավելի էժան է, քան իր գնահատմամբ մարդիկ, դա ինձ չի վերաբերում: Հարգանքը կորում է իր անձի հանդեպ այն ժամանակ, երբ իջնում ու նսեմանում է այնքան, որ կարողանում է թույլ տալ մեզ նման ձեւով արտահայտվել: Ինչ վերաբերում է հեղափոխության արժեքներին, անձամբ ինքը եւ իր թիմն ամբողջությամբ, իհարկե, բացառությամբ այն մարդկանց, ովքեր իրապես այդ արժեքների կրողն էին, ինքն է դավաճանել բոլորին, որովհետեւ ոչ մի սկզբունք չի պահվել… Թե՛ հովանավորչությունը մասսայական կա եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որովհետեւ ես փաստերով եմ ներկայացրել միայն Շիրակի մարզում, թե իր իսկ բերած պատգամավորն ինչպիսի հովանավորչություններ է անում: Թե՛ ամբողջ հանրապետությունում, թե՛ նախարարների կողմից ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմներ է գնում: Մարդիկ տեսնում են եւ գիտեն: Ո՞րն է այդ արժեքները: Եթե ինքը համարում է, որ մարդիկ չեն խոսում, նաեւ՝ ես զուտ ներքին խժդժություններ չառաջացնելու համար չեմ խոսում եւ ինքը կարող է բարոյականության սահմանն անցնել այնքան, որ նման արտահայտություններ անի, մարդը ամբողջությամբ կորցնում է հարգանքը, նշո՛ւյլն անգամ, որը մնացել է իր անձի հանդեպ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31