Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հարյուրավոր հասարակական ավտոբուսները երթուղագիծ դուրս չեն եկել. Դիզելային վառելիք չունեն

Մայիս 12,2021 12:38

Այսօր առավոտից մոտ 250 ավտոբուս, որը սպասարկում է Երեւանի բնակչությանը աշխատանքի դուրս չի եկել: Ավտոբուսների վարորդները վաղ առավոտից չեն կարողանում լիցքավորել ավտոբուսները, որպեսզի դուրս գան երթուղի:

Նրանց խոսքով վառելիք չկա, Երեւանի քաղաքապետարանն էլ, չի պարզաբանում՝ խնդիրն ինչ է: Վարորդների ենթադրությամբ, քաղաքապետարանի մրցույթը շահած նոր ընկերությունը, որը պետք է մատակարարի վառելիք, չի կարողանում: Վարորդներն էլ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով լուծել վառելիքի խնդիրը, որպեսզի կարողանան գիծ դուրս գալ: Նրանց խոսքով, երբեւէ նման խնդրի առաջ չեն կանգնել, բայց արդեն քանի օր է ե՛ւ վառելիքի ե՛ւ պահեստամասերի խնդիրներ կան, երկուսի մատակարարումն էլ ուշացումներով է լինում: Վարորդների խոսքով, երեկ իրենց ուժերով ավտոբուսները լիցքավորել են, որ սպասարկեն, բայց այսօր դա էլ հնարավոր չէ:

Ըստ նրանց, Երեւանի տրանսպորտի 80 տոկոսն այս պարկին է պատկանում, եւ առավոտից մարդիկ կանգառներում անհույս սպասում են, բայց այդպես էլ ոչ մի համարի ավտոբուս չի կարողացել երթուղագիծ դուրս գալ:

«Մենք աշխատանքից հետո լիցքավորում ենք, երեկ եկել ենք չկա, այսօր չկա: Երկու ժամ գիշերն ենք ուշ տուն գնում, երկու ժամ շուտ գալիս ենք աշխատանքի, որ ավտոբուսները լիցքավորենք: Գերհոգնած ենք: Վառելիք չկա, գոյություն չունի, պակաս են տալիս: Ավտոպահեստամասերի խնդիր ունենք, խցանումներն էլ մի կողմից: Ոչ ոք ավտոբուսներին ուշադրություն չի դարձնում: 45 րոպեանոց ճանապարհը մեկ ու կես ժամում հազիվ ենք անցնում: Ոչ մի բան չի համապատասխանում ավտոբուսի երթեւեկությանը, կանգառներում տեղ չկա կանգնելու, բոլորը բռնագրաված են տաքսիներով: Երրորդ շարք ենք կանգնում, մի հատ գիծ ենք տրորում՝ 5 հազար դրամ տուգանք է գալիս, քրտնաջան աշխատանքով մի հատ էլ տուգանքներ ենք վճարում` սխալ կազմակերպված երթեւեկության պատճառով: Մի հատ վթար է լինում այդ մեքենաները ժամերով կանգնում են փողոցում, ոչ ոք չի հանում, որ երթեւեկությունը կարգավորվի, խցանումները վերանան«,-ասում են վարորդները, որոնք վաղ առավոտից ավտոպարկում սպասում են վառելիքի: Նրանց խոսքով, անգամ, եթե հիմա վառելիքը տեղ հասնի, արդեն չեն էլ կարող գիծ դուրս գալ, ժամանակ է պետք լիցքավորել, սպասել, որ ժամանակ անցնի՝ նոր միայն կարողանան վարել:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարզաբանեց, որ վարորդները ոչ թե բողոքի ցույց են անում, այլ դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների խնդրի պատճառով այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտից չեն կարողացել սպասարկել հանրությանը: Ըստ Հակոբ Կարապետյանի, այս պահին խնդիրը մասամբ լուծված է. «Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31