Լրահոս
Օրվա լրահոսը

Գլաձորի բնակիչները պահանջում են ընդունել որոշում, որով կարգելվի համայնքի տարածքում հանքավայրեր շահագործել

Մայիս 12,2021 11:55

Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները 2021թ-ի մայիսի 11-ին թույլ չտվեցին հանրային քննարկումներ անցկացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նպատակով «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու կամ չտալու վերաբերյալ։

Նրանք փակել էին դպրոցի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար այդ քննարկումը՝ թույլ չտալով նախաձեռնող ընկերության մուտքն այդ տարածք։ Այսպես նրանք արտահայտեցին իրենց դեմ լինելն այս ծրագրին ու մեկ անգամ ևս վերահաստատեցին դեռ 2019թ-ին 2152 ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրի միջոցով մետաղական հանքարդյունահանման հետ կապված ցանկացած գործունեություն Գլաձոր համայնքի տարածքում չթույլատրելու իրենց որոշումը։

Հիշեցնենք, որ 2019թ-ի ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին.

1. Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2. Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Համայնքի ավագանին 2019թ. ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Տեղեկացնենք նաև, որ 2018-2019թթ նմանատիպ հանրագրեր և որոշումներ կայացվել են նաև Նոյեմբերյան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Արենի և Մալիշկա համայնքներում:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31