Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ահավոր բառդակ է եղել, հրամանատարները՝ դիտակետերում պախկված, իրենք էլ՝ առանց կասկա, առանց ժիլետ, առանց զենք». «Հայկական ժամանակ»

Մայիս 12,2021 09:30

Շարքային Մուշեղ Վարդանյան, կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյան, կապիտան Հրաչ Մակարյան. Երեւանի Էրեբունի վարչական շրջանի միեւնույն (Ջրաշեն) թաղամասում ապրող այս երեք երիտասարդները հերոսացան ու անմահացան Արցախյան 44-օրյա պատերազմում: Նրանց անունները այսուհետ կմեկտեղվեն Ջրաշենի իրենց հարազատ դպրոցի բակում կանգնեցված խաչքարին:

Ցույց տալով որդու նկարները՝ Նելլի Մակարյանը կանգ առավ պատերազմի օրերին արված լուսանկարի վրա, որտեղ Հրաչը մարտական ընկերների հետ է: Հրաչի վերջին լուսանկարներից էր դա, ռազմաճակատ մեկնելու առաջին օրն էին նկարվել: «Այս խմբից միայն մեկ հոգի է ողջ մնացել, երկուսն էլ համարվում են անհետ կորած, բայց իրենց լուսանկարներն էլ ադրբեջանական կայքերում որպես մահացած են ներկայացված եղել, հարազատներն են տեսել»,- ասաց նա:

Նելլի Մակարյանի խոսքով՝ լուսանկարում երեւացող տղաների ընտանիքների հետ հարազատի պես են դարձել. ամիսներ շարունակ հույսով փնտրել են իրենց որդիներին, միասին հազար ու մի դուռ թակել, միասին ԴՆԹ անալիզների պատասխանների սպասել, «աչքալուսանք» տվել, երբ հայտնաբերված աճյունների մեջ ոչ ոքի հարազատը չի եղել:

«Հրաչը գրադի մասնագետ էր, որպես կապիտան էր գնացել, բայց իրենց մոտ միայն ավտոմատներ են եղել ու 1937 թվի պուշկեք: Շատ ահավոր բառդակ է եղել, հրամանատարները՝ դիտակետերում պախկված, իրենք էլ՝ առանց կասկա, առանց ժիլետ, առանց զենք…»,- ասաց Նելլի Մակարյանն ու վրա բերեց՝ որդու քառասունքը համընկավ հարսանիքի օրվա հետ, Տրնդեզի օրը՝ 7-ն էր, կրակը գերեզմաններում են վառել:

Պատերազմի առաջին օրվանից Մուշեղն արդեն դիրքերում է եղել: Սկզբի օրերին հարազատներից թաքուն է պահել այդ փաստը: Ավելի ուշ ծառայակից եւ իրենց ծանոթ տղաների միջոցով են հարազատներն իմացել: Մոր խոսքով՝ գրեթե ամեն օր կապի մեջ են եղել, որդին պատասխանել է հեռախոսին ու գոնե մեկ բառով ասել, որ ամեն ինչ լավ է:

«Էն սկզբի օրերին, երբ շատ անհանգիստ էի, ինձ ասում էր՝ մամ, էդ ֆեյսբուքները քիչ մտի, լուրեր էլ մի նայի, դու ինձ լսի, ամեն ինչ լավ է: Ինձ հանգստացնում էր, ջղայնանում, որ առանց հաց ուտելու չմնամ: Ասում էր՝ մենք ստեղ գիտե՜ս ինչեր ենք ուտում, այնինչ հետո ենք լսել, որ օրերով կիսասոված են եղել»- պատմեց մայրը՝ Լուսինեն:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31