Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թշնամանքի մենեջմենթը

Մայիս 12,2021 10:00

Երկուշաբթի օրը, ելույթ ունենալով խորհրդարանում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստացի իրեն եւ իր թիմին վերագրեց այն, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները եւ նախագահ Ջո Բայդենը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եթե մենք չուզենայինք՝ դա տեղի չէր ունենա», – պնդեց Փաշինյանը, հավելելով, որ նախկին իշխանությունները ԱՄՆ ղեկավարներին խնդրում էին, որ նրանք Ցեղասպանությունը չճանաչեն:

Ճիշտն ասած, կասկածում եմ, որ թե՛ այս երեք տարիների ընթացքում եւ թե՛ դրանից առաջ մեր իշխանությունը լծակներ ուներ Միացյալ նահանգների ղեկավարության վրա՝ նրանց համոզելու ընդունել կամ չընդունել Ցեղասպանությունը: Եթե համոզելով լիներ, ապա թող համոզեին ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, որ այդ երկրները կանխեին Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա:

Բայց այս ամենն, իհարկե, տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակներում: Ամեն մի իշխանություն ընտրարշավի ժամանակ պետք է «գլուխ գովա»՝ նորմալ է: Այստեղ կա ավելի խորքային հարց` թշնամանքի մասին: Իշխանության կողմից առաջարկվում է հետեւյալ բանաձեւը. այո, մենք թշնամիներ ենք, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել:

Ես համացանցում տարբեր լեզուներով «գուգլեցի» «թշնամանքի կառավարում» բառակապակցությունը եւ ոչ մի նորմալ բացատրություն չգտա: Հավանաբար, դա, ինչպես միշտ, «աննախադեպ» երեւույթ է քաղաքագիտության կամ գուցե մենեջմենթի տեսության մեջ: Կարծում եմ, խոսքն այն մասին է, որ հայկական եւ թուրքական էթնոսների միջեւ գոյություն ունի թշնամանք, եւ ահա այդ զգացմունքը կամ դրանից բխող գործողությունները Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ ձեւով կառավարի: Ենթադրում եմ նաեւ, որ Փաշինյանի թիմը չի կարող կառավարել թուրքերի եւ ադրբեջանցիների թշնամանքը մեր նկատմամբ, եւ խոսքը հայերի թշնամանքի կառավարման մասին է: Հավանաբար, այդ կառավարումը սահմանափակվում է Հայաստանի քաղաքացիներով, որովհետեւ պարզ չէ, թե ինչպես է մեր իշխանությունը կառավարելու ամերիկահայի կամ լիբանանահայի թշնամանքը:

Այնուհետեւ հարց է առաջանում՝ թշնամանքի ո՞ր դրսեւորումները պետք է սահմանափակվեն եւ ինչպես: Դա պետք է լինի գրաքննությո՞ւն, ազատ խոսքի կամ գուցե հավաքների ազատության սահմանափակո՞ւմ: Եվ վերջին հարցը՝ իսկ ինչի՞ համար է պետք այդ թշնամանքը կառավարել, պետական ո՞ր նպատակի համար:

Անձամբ ես դեմ եմ որեւէ թշնամանքի՝ նաեւ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ: Թուրքիա եւ Ադրբեջան պետություններն ունեն նպատակներ եւ ծրագրեր, որոնք տրամագծորեն հակառակ են Հայաստան պետության, հայության նպատակներին: Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ կարողանանք առաջ տանել մեր ծրագրերը: Այսքան բան:

Թշնամանքը հնարավոր չէ կառավարել, փոխարենը՝ այն հնարավոր է հրահրել: Եվ այս առումով արժանին մատուցենք այս ընտրարշավի ֆավորիտներին՝ Փաշինյանին եւ Քոչարյանին՝ նրանք ներքին կյանքում թշնամանք հրահրելու մեծ վարպետներ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31