Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամենապարարտ հողն է եւ ամենահարմար ժամն է, որ փրկիչի լուսապսակ հագած՝ Ռոբերտ Քոչարյանը փորձի վերադառնալ քաղաքականություն». Արուսյակ Ջուլհակյան

Մայիս 12,2021 00:15

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»,- մայիսի 9-ի հանրահավաքին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Այդ հանրահավաքից հետո սլաքներն ուղղվեցին դեպի իշխանություն, թե ինչո՞ւ «մեր վզին փաթաթեցիք» Քոչարյանին ու վերադարձրեցիք քաղաքական դաշտ:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Սասուն Միքայելյանը լավ խոսք ունի, նման առիթներով ասում է՝ վա՜յ, սիրտս լցվավ: Հիմա Ռոբերտ Քոչարյանին լսելով՝ իմ սիրտը նույնպես լցվեց: Թե ինքը իր համար հանգիստ տանը նստած էր, թոշակի էր գնացել, բայց որ եկան սաղ տվեցին ավիրեցին, ինքը ուղղակի գալիս է, որ փրկի մեր ժողովրդին այն ահավոր վիճակից, որում հայտնվել է մեր ժողովուրդն ու երկիրը եւ միակ փրկիչը, որ կարող է լինել՝ Ռոբերտ Քոչարյանն է: Պետք է շեշտեմ, մեր ժողովուրդը մի կերպ է փրկվել Ռոբերտ Քոչարյանից եւ նրա իշխանության տարիներից: Քոչարյանի փրկության կարիքը ժողովուրդը բնավ չունի եւ դա ցույց կտա հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ»:

Ինչ վերաբերում է իրենց ուղղված մեղադրանքներին, Ջուլհակյանն ասաց. «Շատ ակնհայտ է եղել Ռոբերտ Քոչարյանի փորձերը դեռեւս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին վերադառնալու մեծ քաղաքականություն, այսինքն, բնավ չէր համակերպվել իր «ամենաերիտասարդ թոշակառու» լինելու տիտղոսի հետ: Դեռեւս 2012-ից նա ամեն ինչ անում էր, որ վերադառնար մեծ քաղաքականություն, նաեւ հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո: Հիմա ամենահարմար ժամանակն է նրա համար, երբ Հայաստանը գտնվում է հետպատերազմական ծանր վիճակում, երբ հնարավոր ամեն ինչում կարող է մեղադրել գործող իշխանություններին՝ դավաճանություն, հողատվություն, հնարավոր ամեն ինչ՝ Քենեդու սպանություն եւ այլն: Ամենապարարտ հողն է եւ ամենահարմար ժամն է, որ փրկիչի լուսապսակ հագած՝ Ռոբերտ Քոչարյանը փորձի վերադառնալ քաղաքականություն: Բայց հայ ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչեր է տեսել նրա իշխանության տարիներին»:

Ամեն դեպքում, Ջուլհակյանը համոզված է, որ անգամ իրենցից հիասթափվածները Քոչարյանի մեջ չէ, որ կարող են տեսնել իրենց փրկությունը:

Դիտարկմանը, որ եթե հեղափոխությունից հետո «մերանի» դեր կատարեիք, հասարակությանը համախմբեիք, արգելապատնեշներ չստեղծեիք նախկինների ու ներկաների՝ այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց, որ իրենք վերափոխվելու հնարավորություն են տվել նախկիններից շատերին, օրինակ, Օսիպյանին, որը հիմա Քոչարյանի կողքին է. «Հիմա այդ շանս ստացածները աշխատում են մեր, ժողովրդի դեմ»:

Պատգամավորն ընդունում է, որ գուցե անընդհատ «նախկին թալանչիների, կոռուպցիոներների, Բադեն-բադենների ու փարիզների առանձնատների, լափամաների» մասին խոսելու փոխարեն ճիշտ կանեին ավելի շատ գործեին ու ճիշտ կազմակերպեին քննչական մարմինների աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31