Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան տարի առաջ մայիսի 1-ին փաստաբանների երկու միությունները պատրաստվեցին գործադուլի

Մայիս 12,2021 13:30

Ինչի մասին էր գրում «Առավոտը» 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսին

Այս օրերին մենք հաճախ ենք լսում հետեւյալ հարցը. ինչո՞ւ էիք լռում 20, 30 տարի շարունակ, բա գրեիք: Ներկայացնեմ, թե ինչի մասին էինք ահազանգում, բարձրաձայնում, ինչն էր հրապարակայնացնում «Առավոտը», հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ երրորդ սերնդի ներկայացուցիչները բավարարվում են գուգլյան որոնումներով, եւ արխիվների հետ աշխատելու խնդիրներ ունեն: Անդրադառնանք դատական, իրավական գործընթացներին:

Մայիսի մեկին փաստաբանները պատրաստվեցին գործադուլի: Փաստաբանների միջազգային միությունը (նախագահ՝ Տիգրան Ջանոյան) եւ Հայ փաստաբանների միջազգային միությունը (նախագահ՝ Տիգրան Տեր-Եսայան) ապրիլի 28-ին հրավիրել էին համատեղ ընդհանուր ժողով։ Փաստաբան-մասնակիցներն այդ ժողովը համարեցին պատմական՝ նախեւառաջ, այն պատճառով, որ մեզանում առաջին անգամ էր երկու միությունների համատեղ ժողով հրավիրվում, եւ երկրորդ, որովհետեւ փաստաբանները հայտարարեցին համակարգող խորհրդի ստեղծման մասին, ինչը քայլ է փաստաբանների 2 միությունների միավորման, ինչպես նաեւ ռազմավարության փոփոխության։ Քննարկվել էին նաեւ այդ ժամանակ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին քրեական պատասխանատվության կանչելու փաստի (ՓՄՄ ղեկավար մարմնի դիրքորոշման), ինչպես եւ Համատեղ համակարգող խորհրդի ստեղծման մասին հարցերը։ Իր ելույթում փաստաբան Տիգրան Ջանոյանն անդրադարձել էր փաստաբանների մասնագիտական-անհատական պաշտպանվածության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փաստերին: Տեղեկացրել էինք Ռուբեն Սահակյանի ելույթի մասին, ով ներկայացրել էր իր գործընկեր-պաշտպանյալ Նիկոլայ Բաղդասարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին, դատական գործընթացի, երբ Կենտրոնի դատավոր Գայանե Կարախանյանին անգրագետ անվանելով՝ փաստաբանը նրան բացարկ էր հայտնել:

«Ամբաստանյալներից երկուսի հարազատները» հրապարակմամբ տեղեկացրել էինք. «Հոկտեմբերի 27» գործի դատաքննությանը երեկ առաջին անգամ ներկա գտնվեցին ամբաստանյալներ Ավետիք Մինասյանի քույրն ու Արմեն Գասպարյանի եղբայրը։ Թե ինչո՞ւ նրանք չէին գալիս դատարան, բացատրվեց նրանով, որ իրենց ասել էին՝ տեղ չկա: Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը շարունակեց դատաքննական ցուցմունքներ տալ, մասնավորապես անդրադառնալով 1999թ. մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին իր եւ Մուշեղ Մովսիսյանի, Շանթ Հարությունյանի, Ալիկ Հարությունյանի հետ հանդիպումներին։ Երեկ մի տեսակ ընկճված տեսք ուներ ամբաստանյալը, իսկ նրա բառամթերքում գերիշխում էին հետեւյալ «եթե չեմ սխալվում», «կարծեմ», «հավանաբար», «իբր թե ասել եմ», «որքան որ հիշում եմ» բառերն ու բառակապակցությունները։ Նա ներկայացրեց իր եւ Մուշեղ Մովսիսյանի հանդիպումը, որը տեղի էր ունեցել Այգեկ գյուղում։ Մեկնել էին ամբաստանյալ Միսակ Մկրտչյանի հետ։ Խոսել էին երկրի վիճակի, 1995թ. խորհրդարանական ընտրությունների մասին, ուր Մուշեղը, ըստ ամբաստանյալ Հունանյանի, «պատմեց, որ իբր ուզել է իր թեկնածությունը դնել իրենց տարածքում, սակայն Վազգեն Սարգսյանը ստիպել է հանել թեկնածությունը, չմասնակցել ընտրություններին, որպեսզի ընտրվի Շահեն Պետրոսյանը»։

«Այս եզրակացության ես հանգում՝ հաշվի առնելով, որ մեղադրողներն այս անգամ էլ 6 տարվա ազատազրկում են պահանջել» հրապարակմամբ տեղեկացնում ենք, որ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է կրթության եւ գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի գործով բողոքի քննությունը: Այդ օրը դատարան էին ներկայացել եւս 5-6 հոգի, որոնք վկայություն չէին տվել առաջին ատյանի դատարանի առջեւ։ «Առավոտը» գրել էր. «3-ը շատ կարեւոր եւ էական վկաներ էին, որոնց նախաքննական ցուցմունքների վրա էր նաեւ խարսխված մեղադրանքը։ Որքան էլ տհաճ լինի Երեւանի դատախազության համար՝ բոլոր այս նոր վկաների դատավարական ցուցմունքներում Աշոտ Բլեյանի հասցեին ոչ մի բացասական խոսք չհնչեց։ Ոմանք պատմեցին, թե ինչ միջոցներով էր նախաքննության մարմինը պարտադրել մեղադրական բնույթի ցուցմունքներ տալ, ինչպես էին խեղաթյուրել իրենց ասածները եւ այլն։ Սակայն մեղադրողներն իրենց ճառում հաջողությամբ շրջանցեցին դատարան ներկայացած վկաների բացահայտած հանգամանքները՝ դարձյալ շեշտադրելով նրանց նախաքննական ցուցմունքները: Տանիքների շինարարությունը թեեւ հիմնական պատճառն է Բլեյանի համար 6 տարվա ազատազրկում պահանջելու, բայց կան այլ դրվագներ էլ, որոնց վերաբերյալ անպատասխան մնացած հարցադրումները բազմաթիվ են։

Ապրիլի 3-ին Աշոտ Բլեյանը պահանջել էր ապացույցներ ներկայացնել, որ ինքը որեւէ սովորողի արգելել է դպրոց հաճախել կամ՝ որ ինքը պետությանը վնաս է հասցրել եւ բյուջեից գումար հափշտակել։ Եվ եթե վերաքննիչ դատարանի որոշումն էլ է հիմնված լինելու նախաքննական կասկածելի ցուցմունքների եւ անապացույց մեղադրանքների վրա, ուրեմն իսկապես դատավարությունները միայն ժամանակի անտեղի կորուստ են»։

Գեղարքունիքի մարզի գրադարաններից մեկում ազատումներ էին եղել: 1999թ. գրադարանը ունեցել էր 850 ընթերցող, սակայն վիճակագրական հաշվետվությունում ցույց է տվել 3000 ընթերցող։ Դուրս գրված գրականությունը (մակուլատուրան) բեռնատար ավտոմեքենայով տարվել էր անհայտ ուղղությամբ։ Տնօրենն ազատել է գրադարանի աշխատակիցներին, առանց արհմիության կոմիտեի եւ քաղաքապետարանի իրավախորհրդատուի կարծիքը հաշվի առնելու:

«Առավոտի» մայիսի 3-ին ստացած ահազանգի համաձայն՝ Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետ Վաղինակ Սայադյանի վարորդը եւ վարչության աշխատակից Մուշեղ Գրիգորյանը վաճառել էին դպրոցներին հասանելիք դիզվառելիքը եւ բարձրացած աղմուկից հետո ստիպված են եղել նրանց աշխատանքից ազատել։ Բայց քանի որ Վ. Սայադյանն ու Մ. Գրիգորյանը ՀՅԴ մարզային կոմիտեի անդամներ էին, այսինքն՝ Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանի կուսակիցները, այդ ազատումը ձեւական բնույթ էր կրում եւ իրականում նրանք շարունակում են աշխատել։ Արագածոտնի մարզպետը չէր հաստատել այս տեղեկությունները՝ պնդելով, որ նման ոչ մի դեպք իրենց մարզում չի արձանագրվել։ Հաստատել էր միայն, որ կրթության վարչության պետը ՀՅԴ անդամ է, բայց Մուշեղ Գրիգորյանը դաշնակցության հետ որեւէ կապ չունի։ Հրայր Կարապետյանը նաեւ հայտնել էր, որ Վաղինակ Սայադյանի վարորդն ու Մ. Գրիգորյանը ազատվել են աշխատանքից, սակայն՝ սեփական դիմումի համաձայն: Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունը, հարկային մարմինները ստուգումներ էին անցկացրել եւ ոչ մի օրինախախտում չեն արձանագրել:

«Հայաստանում երեխաների իրավունքների չարաշահման դեպքերը բազմաթիվ են» հրապարկմամբ անդրադարձ է եղել հատուկ հաստատություններում սովորող երեխաների իրավունքներին։ Կոնկրետ Գյումրիի օրինակի վրա բերվող փաստերը ազդեցիկ էին ու խիստ տխուր. «Գմյուր-Կարապետյանը ինքն էլ որոշ փակագծեր չբացեց, մասնավորապես, չհրապարակելով Գյումրիի այն գիշերօթիկ դպրոցի անունը, որտեղ «երեխայի իրավունքները ոտնահարվում են համարյա բոլոր հոդվածներով» եւ նաեւ սեռական չարաշահման դեպքեր են եղել։ Երբ զեկուցողից առանձին փորձեցինք ճշտել դպրոցի անունն ու այլ մանրամասներ, Արմինե Գմյուր-Կարապետյանը նպատակահարմար չգտավ դրանք հրապարակել, քանի որ սեռական չարաշահման է ենթարկվել դպրոցի աշակերտուհին՝ ավելի տարիքով մեկ այլ աշակերտի կողմից»:

Քսան տարի առաջ ապրիլի 30-ին ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչները եղել էին Սամվել Բաբայանի բնակարանում՝ գույքագրման պատրվակով։ Մենք հեռախոսազրույց էինք ունեցել ԼՂՀ ազգային հերոսի կնոջ՝ Իրինա Բաբայանի հետ։ Նա վրդովված ասել էր. «Արդարադատության ներկայացուցիչները զգուշացրել էին նաեւ, որ Սամվել Բաբայանի ողջ գույքը կառգրավվի 10 օր հետո, ըստ ԼՂՀ ԳԴ որոշման։ Իրինա Բաբայանը եւ 3 անչափահաս երեխաները, փաստորեն, ստացվում է, որ ոչ մի իրավունք չունե՞ն Մամիկոնյան 19, բնակարան 9/10-ի նկատմամբ եւ, առհասարակ, ամուսնու, հոր ունեցվածքի հանդեպ։ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչները հասկացրել են նաեւ, որ Ի. Բաբայանը կարող է դիմել դատարան 50% գույքային պահանջով։ Մեր այն հարցին, թե արդյոք մտածո՞ւմ է դիմել դատարան, տիկին Բաբայանն ասաց, որ ոչ։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Սամվել Բաբայանը Շուշիի բերդում է, եւ վերջին անգամ ամուսնուն տեսակցել է ս/թ ապրիլի 3-ին։ Ի դեպ, 2 ամիսը մեկ անգամ թույլատրվում է սննդամթերք (մինչեւ 50 կգ), իսկ 3 ամիսը մեկ՝ տեսակցություն։ Ս. Բաբայանին թերթեր չի տրվում, կապ չկա արտաքին աշխարհի հետ եւ «բեսպրիդելը շարունակվում է»:

«Արարատ» մարզային թերթը միակ լրատվամիջոցն էր, ում գործը գտնվում էր այդ տարի դատարանում։ 2000թ. հունիսի 30-ին «Արարատ» թերթում տպագրվել էր Խաչփար համայնքի 150 անդամների նամակը գյուղապետական ընտրությունների նախաշեմին ստեղծված ներգյուղական իրավիճակի մասին։ Նամակում խոսք էր գնացել նաեւ Խաչփար գյուղի բնակչուհի, գյուղապետի թեկնածու Մարինե Գաբրիելյանի մասին, որը հոկտեմբերի 4-ին դիմել էր խմբագրությանը՝ պահանջելով հերքում։ Հերքման ժամկետը, ըստ էության, խախտվել էր, եւ թերթը կարող էր այն չտպագրել։ Կարող էր չտպագրել նաեւ այն պարզ պատճառով, քանզի Մ. Գաբրիելյանը սխալ էր գրել անգամ իր ազգանունը, հայրանունը, իր «դիմումում» հիշատակելով, թե հրապարակվել է իր անձը «զրպարտող մեղադրանք»՝ նա չէր նշել, թե խոսքը ի՞նչ մեղադրանքի մասին է, չէր գրել հերքման բուն տեքստը, մի խոսքով, թերթի համար պարզ չէր հերքման առարկան։ Վեճը տեղափոխվել էր Արարատի մարզի 1-ին ատյանի դատարան: «Հայցն առավել մոդայիկ է. Մ. Գաբրիելյանի հայցն ընդդեմ «Արարատ» թերթի խմբագիր Կարինե Աշուղյանի է՝ «Պատվի եւ արժանապատվության պահանջի մասին»։ Հիշեցնեմ, սա այն դեպքում, երբ պատասխանող լրատվամիջոցը պատրաստակամություն էր հայտնել հերքում տպագրել, հերքում, որը տվյալ դեպքում պիտի գրեր ոչ թե պատասխանողը, այլ պահանջատերը՝ հայցվորը»,-տեղեկացրել էինք մենք: 23.04.2001թ. դատական նիստի ժամանակ գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանը հայտնել էր, որ «մարդկանց մի մեծ խումբ էր եկել ինձ մոտ։ Ստուգել եմ ստորագրությունները, նյութը տպագրել եմ համաձայն դիմումի, իմ կողմից ավելացում չի եղել»։ Դատավոր Գ. Սարգսյանի բացարկը մերժվել էր այլ դատավորի՝ Լ. Արազյանի կողմից։ Հետեւել էր հայցվորի՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին» դիմումը՝ ուղղված Արդարադատության խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Լրատվական ծառայությունների պատասխանատուներն այդ տարիներին նույնպես մամուլի քննադատության մաս էին կազմում:
Մեր լրատվամիջոցը քննադատել էր Երեւանի քաղաքապետարանի լրատվականին. «Քաղաքապետարանի լրատվականը նույնիսկ չի տալիս իրենց վարչությունների համարները, որպեսզի պարզաբանենք մեզ հետաքրքրող հարցերը։ Իրենց բացատրությամբ, դա իրենց «չինովնիկների» հրամանն է եւ, որ իրենց՝ լրատվականի աշխատակիցների դերն անչափ կարեւոր է։ Ցանկացած հարց պետք է նախ իրենց ասենք, իրենք՝ իրենց «շեֆերին», վերջիններս էլ թե երբ կբարեհաճեն լրատվականի միջոցով մեզ տեղեկացնել, Աստված գիտե։ Շատ կարեւոր է պարզել՝ վերը նշված լրատվականի «ցրողական» պատասխանները դարձյա՞լ «շեֆերի» հրամաններն են, թե՞ լրատվականի հիմար խաղերը»:
Այդ օրերին աղմկահարույց էր «Լոբու գործը»: Ճանաչված իրավաբան, ԱԽ անդամ Ռոբերտ Ավագյանը ասուլիսներ էր տալիս` Սեւանա լճից ապօրինաբար որսած 100-120 տոննա ձկան հետ կապված:

2001թ. փետրվարի 23-ին Ռ. Ավագյանը «Հակաստվեր» լրագրողական կազմակերպության կազմակերպած ասուլիսին մեղադրել էր ԱԺ պատգամավոր Ալեքսան Պողոսյանին (նշելով միայն նրա «Լոբի» մականունը)՝ պետությանը նվազագույնը 20 մլրդ դրամի (40 մլն դոլարի) վնաս հասցնելու մեջ։ Հետեւել էր պատգամավոր Ա. Պողոսյանի պատասխան ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարել էր, թե դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռ. Ավագյանին «քրեորեն պատժելու հայցով», քանի որ վերջինս «զրպարտել է իրեն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31