Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ հիշել անցյալի լուսավոր պահերը

Մայիս 12,2021 13:00

Ինչպես էր կազմակերպվել «Երիտասարդների ստեղծագործություն-81» երիտասարդական ուսանողական փառատոնը

Այս օրերին ընթանում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որտեղ հնչում է մեր ժամանակակից արվեստագետների երաժշտությունը: Ինձ համար դա կարեւոր իրադարձություն է՝ անգամ ավելի կարեւոր (մի՛ զարմացեք), քան ընտրությունները: Ուրիշ հարց, որ քաղաքական գզվռտոցը որպես լրագրողական նյութ շատ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Այս սպասվելիք իրադարձությունն իմ մեջ արթնացրեց հիշողություն մեկ այլ փառատոնի մասին, որը տեղի ունեցավ ուղիղ 40 տարի առաջ, ավելի ճիշտ՝ 1981 թվականի աշնանը: Այդ փառատոնը կոչվում էր «Երիտասարդների ստեղծագործություն-81». Խորհրդային Միության տարբեր կոնսերվատորիաներից եկան ուսանողներ եւ կատարեցին իրենց ստեղծագործությունները, իսկ երաժշտագետները զեկույցներ կարդացին տարբեր թեմաներով:

Փառատոնն ունի մի փոքր նախապատմություն: Այնպես ստացվեց, որ նույն թվականի գարնանը Տերտերյան Ռուբենը եւ ես (կոնսերվատորիայի այդ ժամանակվա 4-րդ եւ 3-րդ կուրսեցի ուսանողներ) հավակնում էինք Կոնսերվատորիայի ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության նախագահի պաշտոնին: Ռուբենը տաղանդավոր երաժշտագետ է եւ օժտված է ինձնից անհամեմատ ավելի մեծ կազմակերպչական շնորհներով: Բայց այնպես ստացվեց, որ ՈՒԳՍԸ նախագահ դարձա ես՝ թե ինչու, այլ պատմություն է: Այդ ժողովից անմիջապես հետո մենք միասին դուրս եկանք կոնսերվատորիայի շենքից եւ պայմանավորվեցինք, որ միասին «լավ գործեր» ենք անելու: Իսկ դրա համար պետք էր «գրավել» մեկ այլ պաշտոն՝ բուհի կոմերիտական կազմակերպության ղեկավարի, եւ Ռուբենը շուտով ընտրվեց այդ պաշտոնում:

Դրանից մոտ մեկ ամիս անց ծնվեց այդ փառատոնի գաղափարը: Առանց կոմերիտմիության՝ այն ժամանակ անհնարին էր որեւէ երիտասարդական միջոցառում կազմակերպել, բայց կոնսերվատորիայի դեպքում այդ կազմակերպությունը բացարձակապես որեւէ գաղափարախոսական կամ քաղաքական բովանդակություն չուներ: Պարզապես պետք էր «վերադասների» ձեւական համաձայնությունը: Բարեբախտաբար, Մյասնիկյանի շրջկոմի առաջին եւ երկրորդ քարտուղարներ Արտավազդ Յախշիբեկյանը եւ Աշոտ Ջազոյանն ամբողջությամբ մեր կողմից էին եւ պատրաստ էին մեզ աջակցել ամեն ինչով:

Բայց նման համամիութենական միջոցառում վերջնականապես թույլ տալու խնդիրը չէր լուծվում այդ մակարդակով՝ առանց հանրապետության առաջին դեմքի դա չէր կարող տեղի ունենալ: Բարեբախտաբար, մենք ճանաչում էինք մի մարդու, որը կարող էր Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի, ինչպես ասում են, դուռը հեշտությամբ բացել: Այդ մարդը Կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանն էր: Գնացինք Դեմիրճյան փողոց՝ Կոմպոզիտորների միություն, պատմեցինք մեր մտահղացման մասին: «Դե, տղաներ, շատ մեծ եք բռնացրել», – խորամանկ ժպտալով, ներքին գոհունակությամբ ասաց Միրզոյանը: Նա կարողացավ խնդիրն արագ համաձայնեցնել «վերեւների» հետ:

Երկու խոսք՝ Դեմիրճյանի մասին: Որպես պետական գործիչ՝ նա հրաշալի հասկանում էր, որ Հայաստանի ողնաշարը պետք է լինեն ոչ միայն տնտեսությունը, արդյունաբերությունը (որի նրբությունները նա հասկանում էր նաեւ իր մասնագիտությունից ելնելով), այլեւ մշակույթը, որի երկրպագուն եւ քաջ գիտակն էր նա: Տարիներ անց, 1998-ին, երբ ես հարցազրույց էի վերցնում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանից, աչքս ընկավ նրա նստած տեղի ֆոնին մի քանի տասնյակ CD-ների վրա: Հետո, երբ տեսագրությունն ավարտվեց, ես տանտիրոջ թույլտվությամբ դրանք աչքի անցկացրեցի: Ինչպիսի՜ ճաշակով էին հավաքված դասական երաժշտության նմուշները:

Իսկ այն ժամանակ, որի մասին պատմում եմ, առաջին քարտուղարը մասնակցում էր Կոմպոզիտորների միության (վստահ եմ նաեւ՝ ստեղծագործական այլ միությունների) համագումարներին: Մի անգամ, նկատելով միջանցքում մեզ, 20 տարեկան ուսանողներիս, նա շուռ եկավ դեպի Միրզոյանը եւ կեսկատակ բարկությամբ հարցրեց՝ «էս երեխեքը ստեղ ի՞նչ են անում»: Միրզոյանն էլ շատ հանգիստ պատասխանեց՝ «մուտքն ազատ է, Կարեն Սերոբովիչ»: Իսկ մենք այնտեղ էինք, քանի որ մեզ հետաքրքիր էր. համագումարն իրենից ներկայացնում էր համերգների շարք՝ նոր ստեղծագործություններից բաղկացած, որին հետեւում էր քննարկումը՝ չափազանց ազատ եւ անկաշկանդ ոճով: Հիշում եմ, երբ երաժշտագետներից մեկն իր ելույթում անդրադառնում էր, թե որքանով էր տեղին տվյալ ստեղծագործության մեջ պուանտիլիստական հնարքների կիրառումը, Դեմիրճյանն աշխուժացավ ու սկսեց Կենտկոմի քարտուղար Կառլեն Դալաքյանի հետ ինչ-որ բան քննարկել: Գիտեմ, որ այն ժամանակվա հանրապետության առաջին դեմքը շատ լավ հասկանում էր նաեւ գեղանկարչությունից:

«Երիտասարդների ստեղծագործություն-81» ուսանողական փառատոնը, մի խոսքով, կայացավ: Հնչեց «ամենաավանգարդ» եւ «ամենամոդեռնիստական» երաժշտությունը, որը կարելի էր պատկերացնել 1981 թվականին Խորհրդային Միությունում: Գիտաժողովի ժամանակ զեկույցները խիստ քննադատական էին. հիշում եմ, Թբիլիսիից մի աղջիկ իրենց օպերայի երկացանկն այնպես քննադատեց, որ քարը քարին չթողեց: Համերգները տեղի էին ունենում Կոմպոզիտորների միության դահլիճում, իսկ գիտաժողովը, որը ես էի վարում՝ կոնսերվատորիայում: Մի օջախ, որտեղ (հիմա ավելի լավ եմ հասկանում) ապահովված էր առավել ազատ ստեղծագործական մթնոլորտը: Իհարկե, նախեւառաջ կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանի շնորհիվ:

Նրա մասին մի քանի անգամ գրել եմ: Բայց պատկերացնելու համար, թե ինչպիսի հարաբերություններ էին ձեւավորվել ուսանողների եւ դասախոսների միջեւ, եւ ինչպես էին դրանք պահպանվել հետագայում, նշեմ մի փաստ: Ես արդեն 50-ն անց մարդ էի եւ Հ1-ով վարում էի «Պարականոն» հաղորդաշարը՝ երաժշտության մասին, եւ ինձ համար շատ բնական էր գնալ իմ ռեկտորի տիկնոջ, պրոֆեսոր Արաքսի Սարյանի տուն՝ հաղորդման հետ կապված խորհուրդներ հարցնելու համար:

Հիշողություններս գուցե ցաքուցրիվ ստացվեցին: Բայց ասեմ, թե ինչի համար եմ ես այդ ամենը պատմում: Ոչ թե ինչ-որ կարոտախտից ելնելով, ոչ թե անցյալը գովերգելու՝ «բա մեր վախտ…» ծերունական ինտոնացիայով: Պարզապես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից ենք մենք գալիս: Այդ «տեղերում» (որտեղից եկել ենք) եղել են ե՛ւ լուսավոր, ե՛ւ ստվերոտ «վայրեր»: Բայց այսօր ես ուզում եմ հիշել լուսավորը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ես ալ 56 տարեկան եմ: Եօթը կամ ութը տարեկան էի, ընտանիքով գացինք՝ Հայաստան: Ոչ միայն քոյրս կար (մեր եավրիկ Ցոլինէն, որ երկու տարի առաջ, վաղաժամ մահացաւ – 58 տարեկանին -), այլ նաեւ մամայիս մաման՝ Բերկրուհի Մեծաս:

    Անկէ ետք, բազմաթիւ երկիրներ այցելեցի, մի քանի տեղ՝ ամիսներով ապրեցայ: Բայց այդ, մեր ընտանեկան Հայաստանի ճամբորդութեան յաջորդող մի քանի ճամբորդութիւններէն, շատ քիչ բան կը յիշեմ, կամ որեւէ բան չեմ յիշեր: Մինչ Հայաստանի այդ այցելութիւնը – ուրեմն՝ 1970ական թուականների սկիզբը -, ցայտուն կերպով կը յիշեմ: Գրեթէ ամէն բան: Եւ՝ միայն լաւ բաներ է, որ կը յիշեմ:

    Հակառակ որ, դաշնակցական միջավայրի հայորդի եմ…

    Անձնապէս, հաստատ կրնամ վկայել, որ այդ Հայաստանը, շատ, շա՛տ աւելի լաւ էր, անհամեմատօրէն աւելի լաւն էր – ամէ՛ն տեսակէտէ – , քան թէ՝ այժմու այս Հայաստանը:

    Բայց… թերեւս այդպէս եմ ասում, քանի որ էն վախտ, քոյրս եւ մեծ-մամաս ողջ էին…
    եւ, Հայաստանի յարգը գիտցող անձեր էին…

    • Հ.Շ. says:

      Լիբանանէն գացինք, Հայաստան
      մեզի համար՝ նոր աշխարհ էր
      Պէյրութ, ծնողքս չէր ձգեր որ պաղպաղակ ուտենք… իրենց յայտնած պատճառը այն էր, որ ջուրը, որմով պաղպաղակը կը պատրաստեն, աղտոտ էր
      չեմ գիտեր եթէ այդ էր բուն պատճառը, բայց այդպէս ըսուած էր մեզի, մեր այդ տարիքի մեր կեանքի բացարձակ ղեկավարներուն կողմէ, որ կը կոչուին՝ ծնողք

      բայց Հայաստան որ հասանք, մէկէն, ջուրն ալ, եւ հետեւաբար՝ պաղպաղակն ալ, մաքուր, ապահով եւ վստահելի դարձան

      ԲԱՅՁ, ուրիշ ծնողական խիստ կանոն մը կար՝ օրուայ ընթացքին, պէտք է որ… քնանայինք.

      պէտք է որ՝ սիյէսթ! ընէինք

      այդ օրերուն, մեզի պէս ախպարներուն համար, Երեւանի մէջ երկու հատ հօթէլ կար՝ Անի, եւ Արմենիա
      մենք, Արմենիա «իջած» էինք
      պապաս եւ մամաս, մէկ սենեակ,
      ես, եղբայրս, քոյրս եւ մեծաս, ուրիշ սենեակ
      այդ պարտադիր սիյէսթի պահը, մեր պաղպաղակի պահն էր
      քիչ մը կը սպասէինք որ, քովի սենեակը, պապան եւ մաման քնանան
      (կամ ընեն… ինչ որ կ’ուզեն… որ այն ժամանակ, գոնէ ես, չէի գիտեր որ ինչ կրնայ ըլլալ),
      եւ մեծաս ինծի – ինծի՛ – պէտք եղած ռուբլիները կամ կոպէկներ կու տար,
      կ’իջնէի վարը, Արմենիա հօթելին առջեւ, շարժական կառքով պաղպաղակ ծախողէն, չորս հոգիի համար պաղպաղակ կը գնէի
      գունաւոր թուղթի մէջ, քառակուսի խոշոր կտոր մը պաղպաղակ էր… կաթ, կամ շոքոլա…
      կը գնէի, եւ արագ վազելով, հիւրանոցին սենեակը կը հասնէի – պապայենցս դուրին առջեւ, սիրտս տրոփելով –
      եւ ներսը, «մեր» սենեակը՝ հայաստանեան պաղպաղակի խնճո՛յք
      պաղպաղակը, բացառիկ էր… գերազանց…
      բայց թուղթը որուն մէջն էր… չէ… խնդիր էր…
      լեղի էր
      եւ մինչեւ որ ես սենեակ հասնիմ, այդ թուղթը – որ կանաչ կը յիշեմ կոր -, հալած պաղպաղակին հետ խառնուած կ’ըլլար
      բայց մեծ հաճոյքով կ’ուտէինք,
      պաղպաղակն ա՜լ, խմոր դարձած կանաչ թուղթն ալ, հետը
      սուսիկ-փուսիկ հրճուելով, որ յանկարծ մաման պապան չլսեն

      շատ երկիրներ ապրեցայ ատկէ ետք
      բայց մէյ մըն ալ կեանքիս մէջ այդքան համեղ պաղպաղակի թուղթ չեմ կերած
      որեւէ գոյնով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31