Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-ն որոշել է բուժաշխատողների ռեգիստեր ստեղծել, տվյալներն այլ բազաներում էլ կընդգրկվեն

Մայիս 12,2021 14:00

Առողջապահության նախարարությունը որոշել է հաշվառել հանրապետության բոլոր բուժաշխառողներին եւ ստեղծել բուժաշխատողների ռեգիստեր։ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բուժաշխատողների ռեգիստրի ձեւավորման եւ վարման կարգը հաստատելու մասին» որոշումը։

Նախագծի հեղինակների տեղեկացմամբ՝ այս որոշման նպատակն է առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը եւ օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումը:

Այս որոշման գաղափարն, ըստ էության, ծնվել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ ծագած խնդիրներին բախվելուց հետո։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «2020 թվականի կորոնավիրուսային հիվանդության եւ նույն թվականի ռազմական իրավիճակը ցույց տվեցին բժշկական անձնակազմի տեղակայման արդյունավետ պլանավորման եւ կառավարման կարեւորությունը: Կենտրոնացված բժշկական աշխատուժի տեղեկատվական համակարգի եւ տվյալների հավաքագրման իրավական կարգավորման բացակայությունը դժվարացրեց անձնակազմի արդյունավետ տեղակայման եւ կորոնավիրուսային հիվանդության բուժման վերաբերյալ անհրաժեշտ դասընթացների կազմակերպումը։ Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահական տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնը բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններից հավաքագրում է տարեկան վիճակագրական հաշվետվություններ: Հավաքագրված տեղեկատվությունը պարունակում է միայն ամփոփ տեղեկատվություն` բժշկական հաստատություններում աշխատող բժշկական մասնագետների մասնագիտացումների, սեռի, դրույքի մասին, որոնք ամփոփվում են հանրապետության, մարզի, բժշկական հաստատության մակարդակով»։

Հեղինակների կարծիքով՝ առողջապահական աշխատուժի պլանավորման, բժշկական մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպման, առողջապահական մասնագետների հավաստագրման համար խիստ անհրաժեշտ է ճշգրիտ եւ իրական ժամանակում թարմացվող առողջապահական աշխատուժի շտեմարանների առկայությունը` տվյալ պահին աշխատող, չաշխատող եւ կլինիկական օրդինատուրայում սովորողների (քանի որ արտակարգ իրավիճակներում իրենք նույնպես ներգրավվում են, որպես բժշկական սպասարկում իրականացնողներ) վերաբերյալ ամբողջական տեղեկատվության եւ հետագա վերլուծության եւ կանխատեսման համար:

Այս որոշման նախագծում նշվում է, որ ռեգիստրը բժշկական անձնակազմի տեղեկատվության հիմնական աղբյուրն է, իսկ առողջապահական ծառայություններ մատուցողները առաջնային աղբյուր են բժշկական ծառայության եւ բուժառուի հետ կապված տվյալների էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրման համար:

Նախագծով նախատեսվում է ռեգիստրն ինտեգրել տվյալների պետական այլ բազաներում, օրինակ՝ ՊԵԿ-ի «Հարկատու-3», ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր», արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության «Ազգակցական կապերի համակարգ», ԿԳՄՍ նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ: Սրա արդյունքում, ինչպես նախարարությունն է պատճառաբանում, հնարավորություն կտա առողջապահության ոլորտում մարդկային ներուժի վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենալ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31