Հարցազրույց կինոռեժիսոր Հայկ Կբեյանի հետ
– Շուրջ 15 տարի դուք գործում եք կինոարվեստի մի քանի ոլորտում միաժամանակ։ Ձեր վերջին գործերից են «Քաոս», «Կորած օրագիրը», «Վերջին ուսուցիչը» հեռուստատեսային, փաստավավերագրական «Կոստան Զարյան. Հայ գրականության մենակը», լիամետրաժ «Գործակալ 004», «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմերը։ Չե՞ք կարծում, որ մեզ մոտ վերջին տարիներին վերացել է ամենակարեւորը՝ կինոմթնոլորտը։
– Միանշանակ ասել, թե մթնոլորտ չկա՝ այդպես չէ։ Ինչից է ձեւավորվում այդ կինոմթնոլորտը. ֆիլմ ստեղծելու ավանդույթներ, ճանաչված կինոգործիչների հետ հանդիպումներ եւ փորձառության փոխանցում, այսինքն կինոգործիչներ, ովքեր իրենք են երիտասարդ տարիներին սովորել, ներծծել այն մթնոլորտը, որը ստեղծում էին այն ժամանակվա գործող կինոգործիչները, ընթացքում էլ, գուցեեւ իրենց աշխատանքներով, հերքում իրենց սովորածը, կատարելագործում նախորդը, մերժում եւ նորովի պատկերում հինը, այսինքն, իմ պատկերացմամբ՝ սերնդեսերունդ կինոն փոխանցվող երեւույթ է, որը չկա։ Համոզված եմ, որ այն եղել է, բայց ինչ-որ պահի, ինչ-ինչ իրավիճակներից ելնելով ընդհատվել է։ Գուցե հենց Խորհրդային Միության փլուզումն է եղել պատճառը։ Կարող էր պատճառ հանդիսանալ նաեւ ֆիլմարտադրության սակավությունը։ Չէ, կրկնում եմ՝ միանշանակ ասել, թե կինոմթնոլորտ չկա՝ այդպես չէ։ Տեսեք՝ երիտասարդները, թեկուզ լոկալ, բայց ստեղծագործելու համար ունեն միջավայր։ Յուրաքանչյուր կինոռեժիսոր նաեւ ինքը պետք է իր համար ստեղծի պարարտ մթնոլորտ, քանի որ ֆիլմարտադրությունը երկարատեւ պրոցես է ու մթնոլորտի կարեւորությունը կայանում է նաեւ նրանում, որ ինչ խանդավառությամբ, ոգեւորությամբ սկսում ես աշխատանքը, կարողանաս այն հասցնել մինչեւ ավարտը։
– Կուզեինք լսել ձեր կարծիքը ֆիլմերի ֆինանսավորման մասին։ Որոշ կինոռեժիսորներ համոզմունք են հայտնում, որ գումարն այնքան էլ էական չէ ֆիլմարտադրության համար, մի մասն էլ պնդում է, թե հենց ֆինանսավորումը մեծ կապ ունի բարձրարժեք ֆիլմ ստեղծելու համար։
– Ֆինանսը առաջին պատճառը չէ։ Կոնկրետ ինձ համար կապ ունի մթնոլորտը։ Ի վերջո, գոնե այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը ֆիլմարտադրությունը ֆինանսավորելը չէ… Բայց նկատենք, որ ֆիլմարտադրության զարգացումը նաեւ քանակով է պայմանավորված: Ինչքան շատ ֆիլմ, այնքան շատ արտահայտման հնարավորություն։ Կարճ ասած՝ լավը վատից կառանձնացվի։ Խոսքս միայն կինոռեժիսորների մասին չէ, այլ ողջ անձնակազմի։
– Դուք ի՞նչ կարծիքի եք «Կինոյի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։
– Ինձ «Կինոյի մասին» օրենքի լինելը կամ բացակայությունը չի խանգարում, որ նկարահանեմ այն կինոն, ինչը կուզենայի նկարահանել, որը կլիներ ի՛մ ֆիլմը եւ կներկայացներ ինձ։ Մեծ հաշվով՝ հենց դա է շարժիչ ուժը։ Իսկ երբ ֆիլմս նկարահանելուն պատրաստ լինի եւ առաջանան ինչ-ինչ խոչընդոտներ, այդ դեպքում կառնչվեմ «Կինոյի մասին» օրենքի հետ։
– Վերջերս դուք ամերիկյան Academy films-ի հետ ավարտել եք դեռեւս մինչ համավարակի բռնկումը սկսած «Քավարան» 16 մասանի հոգեբանական թրիլլերի նկարահանման աշխատանքները, դրանց մասնակցել է նաեւ կինոռեժիսոր Մայքլ Քեյսին։ Սա առանձին զրույցի թեմա է, բայց կուզեինք հարցնել հետեւյալը. կինոաշխարհում շրջանառվում է տեսակետ, թե մեզ մոտ պետականորեն չի խրախուսվում համատեղ կինոարտադրությունը, թեեւ նախադեպեր կան։
– Համաձայն չեմ, թե հատւկ չի խրախուսվում։ Հարցին այլ տեսանկյունից պետք է դիտարկել՝ թե պետական մակարդակով ինչ է արվում օտարերկրյա կինոարտադրողներին գրավելու համար, որպեսզի այստեղ ֆիլմեր նկարահանեն։
– Կարծիքներ կան, որ մեզանում արմատացած սերիալների մշակույթը մեծ հաշվով խանգարում է բարձրարվեստ կինո ստեղծելուն։ Օրինակ՝ հնդկական կամ բրազիլական սերիալներում, ինչպես մեր սերիալներում, գերակշռում են անիմաստ սյուժեները, բայց գոնե նրանք գրավում են գույնով, ինտրիգով, գեղեցիկ հագուկապով, ոճով…
– Բարձրարժեք ֆիլմը արվեստ է, սերիալը՝ առաջին հերթին եկամուտ հետապնդող արտադրանք։ Հայաստանում հեռուստատեսությամբ մեծամասամբ արվում է հեշտը կամ արդեն արվածը, էժանը եւ արագը։ Սա ընդունեք որպես անկեղծ պատասխան։ Արդարության դեմ չմեղաչելու համար ասեմ, որ ժամանակին ես նույնպես այդ ամենի մի մասն եմ կազմել։
– Ինչո՞վ կբացատրեք, որ հեռուստաֆիլմերի, էլ չասենք՝ սերիալների դեպքում, մեծ մասամբ հանդիպում ենք նույն դերասաններին…
– Նման բան կա։ Հեռուստաֆիլմերի պատասխանատուների մոտ համոզմունք կա, որ ճանաչված դերասանները հաջողության գրավական կարող են լինել։ Իսկ հեռուստատեսությունները առաջնորդվում են վարկանիշով։ Հանրայինով ցուցադրված իմ «Վերջին ուսուցիչը» եւ 16 մասից բաղկացած «Կորած օրագիրը» ֆիլմերում կերպարների մեծամասնությունը երիտասարդներ էին։
– Դուք ստեղծել եք նաեւ կոմերցիոն կինո, օրինակ՝ հենց «Փախիր կամ ամուսնացիր»-ը։ Ի՞նչ է կոմերցիոն կինոն ձեր ձեւակերպմամբ։
– Դա, իհարկե, շահույթ հետապնդող ֆիլմն է, որտեղ հաշվի են առնվում հանդիսատեսի նախասիրությունները. իմ պատկերացմամբ՝ եթե լինում է ցածրարժեք ֆիլմ, որն ունենում է բարձր վարկանիշ եւ մեծ դիտողականություն, ապա այդ հասարակությունը որոշակի խնդիրներ ունի։ Բայց միեւնույն ժամանակ կարելի է ասել, որ խնդիրներ ունեն բոլոր հասարակությունները եւ նմանատիպ ֆիլմեր նկարահանվում են ամենուրեք։ Այստեղ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ է ձեռնարկվում ի հակադրություն այդ երեւույթի, ի՞նչ է նկարահանվում, որպեսզի «վատ կերակուրին» զուգահեռ հրամցնես լավը։
– Կուզեինք լսել նաեւ ձեր պատկերացումը մշակութային քաղաքականության մասին։
– Մեզ անհրաժեշտ է ունենալ առանձին գործող մշակույթի նախարարություն։ Որպեսզի մեր զրույցը շատ տխուր ավարտ չունենա, փաստեմ, որ վերջին տարիներին ձեռքբերումներ էլ ենք ունեցել։ 2015թ. Սուրբ Ղազար կղզում անցկացված Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի տաղավարը ճանաչվեց լավագույնը՝ արժանանալով «Ոսկե առյուծ» մեծ մրցանակին։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.05.2021