Ինչո՞ւ էր Սեւադա Ղուկասյանը որոշել հենց ավանակով Նիկոլ Փաշինյանին հետ տանել Իջեւան, կարող էր ասենք՝ ձիով տանել, ընդ որում, Քրիստոսն էր ավանակի վրա նստած մտել Երուսաղեմ։ Սեւադա Ղուկասյանն այս հարցին ի պատասխան ասաց․ «Ես շեշտել եմ՝ Փաշինյանին էշին թարս նստեցրած եմ տանելու, դա արդեն լրիվ ուրիշ բան է դառնում։ Քրիստոսն էլ է էշի վրա նստել, բայց նրան նորմալ են նստեցրել ու տարել։ Իմ շրջապատի շատ լուրջ հոգեւորականներին բացատրել եմ, իրենք լրիվ հասկացել են, նեղված չեն»։
Ղուկասյանն ասաց, որ փորձել է վերականգնել մոռացված ավանդույթը․ «Էշի վրա միշտ դավաճաններին թարս նստեցրել են, կապել ու բաց թողել քաղաքով մեկ, որ բոլորը ճանաչեն։ Ավանդույթը դարերի ընթացքում վերացել է, ես փորձեցի վերականգնել, ու նենց չի, որ հանձնվելու եմ, կոտրվելու եմ ու չեմ անելու։ Մինչեւ վերջ գնալու եմ, ամեն ինչ անելու եմ, որ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստեցրած տանեմ, հասցնեմ էնտեղ, որտեղ պլանավորված է։ Թե՝ որտեղ, կիմանաք, ընթացքը ցույց կտա, կարող է մեր ժողովուրդը էյֆորեայից դուրս գա, չթողնեն տեղ հասցնեմ, էնքան ճանապարհին քարկոծեն՝ մի բան պատահի։ Աստված չանի ՝ տենց բան լինի, ես կուզեմ երկար ապրի, որ երկար տանջվի»։
Սեւադա Ղուկասյանը երեկ ավանակ էր բերել Բաղրամյան պողոտա, այդպես, ըստ նրա, բողոքի ցույց էր անում, եկել էր Նիկոլ Փաշինյանին հետ տաներ Իջեւան։ Նա 2013 թվականից ՀՅԴ անդամ է, Աչաջուր համայնքի ավագանու անդամ:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել, նրա մոտ թմրամիջոցի նման մի զանգված են հայտնաբերել։ Այս առնչությամբ Սեւադա Ղուկասյանն ասաց՝ ոստիկանության գործողություններն անհասկանալի են մնում․ «Բայց ես կպարզեմ, որովհետեւ ամեն ինչ էն գլխից նենց եմ պլանավորել, որ հասկանալի լինի։ Չեմ հասկանում՝ ոստիկանությո՞ւնն է այսքան էժանացել, թե՞ մեր իշխանություններն են էսքան էժան պատվերներ տալիս։ Իրենք չեն ուզում ինձ դատել, ուզում են վարկաբեկել, պրիմիտիվ սարքոցի է։ Ես էլ զարմացել էի՝ ինչի՞ են էդքան լավ վերաբերվում, հետո հասկացա՝ ամեն ինչ ի վերուստ պլանավորած էր։ Ես էնքան հիմա՞ր եմ, որ գիտակցելով ինչ ակցիայի եմ գնում, եթե նույնիսկ ես էդ բանն օգտագործում եմ, նման բա՞ն եմ հետս վերցնում։ Ոստիկանությունում անկաշկանդ տեղաշարժվել եմ, զուգարանից մի քանի անգամ օգտվել եմ, եթե նույնիսկ չէի հասցրել դա չեզոքացնել, խառն էի, զուգարան էի մտել, կգցեի, ջուրը կքաշեի։ Նախ՝ ինձ ոչ ոք չի խուզարկել։ Վերջում, որ պիտի բաց թողնեին, ասացին՝ մի հատ գրպանիդ պարունակությունը դատարկի, իմ ձեռով եմ դա հանել, չգիտեմ էլ կարող է կանեփ չի, ավելի վտանգավոր նյութ է, փորձաքննության պատասխանը չի եկել»։
Մեր հարցին՝ նկատե՞լ է, որ իր գրպանն ինչ-որ բան են գցում, Ղուկասյանը պատասխանեց․ «Թե ոնց է դա հայտնվել իմ գրպանում՝ առայժմ իմ համար առեղծված է։ Իրենց ուզածն ինձ վարկաբեկելն է, որովհետեւ էդ անտերի քանակությունը շատ քիչ էր, դրա համար կարող է վարչական տուգանք էլ չհասնի։ Իրենց պետք էր մի հատ ռոլիկ պտտացնեն, մի երկու մեկնաբանություն գրվի՝ էս մարդը դեղերի ազդեցության տակ է եղել եւ այլն»։
Սեւադա Ղուկասյանն ասաց, որ երբեւէ թմրամիջոց չի օգտագործել․ «Ես եմ պահանջել ինձ տանեն ստուգեն։ Կարող է ամենավերջին չգիտեմ ով հանեն ինձ, չագուչն էլ է իրենց ձեռը, մեխն էլ: Կարող է մեր տունն էլ խուզարկեն, կարող է պարզեն, որ ես սրանից երեք տարի առաջ զենք-զինամթերքի առուվաճառքով եմ զբաղվել։ Ամեն ինչի էլ հավատում եմ։ Ես էդ ֆիգուրը չեմ, որ իմ վրա էդքան կենտրոնացել են, բայց եթե իրենք համարում են, ինձ համար ավելի լավ, իմ «րեպուտացիան» բարձրանում է, ինչքան լուրջ մարդ կա՝ հասկանում է՝ ինչ է կատարվում, իսկ ինձ պետք է, որ լուրջ մարդիկ ինձ ճանաչեն»։
Նա ասաց, որ ավանակին անվտանգ ուղարկել է հետ, չբացառեց, որ նորից կզգա նրա կարիքը, մի անգամ էլ կբերի Երեւան։ Թե որքան է վճարել ավանակի համար, Ղուկասյանն ասաց․ «Տարբեր գների կան, ես թանկն եմ առել՝ 120 հազար դրամով»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ