Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո ձերբակալվել են փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:
ՀՀ ոստիկանությունից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: «Քրեական գործի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է»,- ասացին ոստիկանությունից:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ԶԼՄ-ներին մանրամասնել է, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման կասկածանքով: Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման կասկածանքով: