Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տողը հաստատում է ինքնության փաստը

Մայիս 11,2021 21:44

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ պոեզիան ունի այնպիսի բարձրակետեր, որոնք խորը շոշափում են իրականության ամենանուրբ թելերը, որոնցով կարկատված է ներկան ու այնքան է ամրանում, որ գալիքի հանդեպ ուժը տողի տրամաբանությամբ ավելի հասունանում է՝ հավատի ու ուժի ներգործության շնորհիվ:

Վարդան Հակոբյան գրողի լեզվամտածողության պոռթկումների մասին պատկերացում կարելի է կազմել ընդամենը կարդալով նրա խոստովանությունը, որտեղ գրողն իր ապրած կյանքի ամեն ակնթարթ դարձնում է բառ ու խտացրած տողերի մեջ պահում ցավն ու կարոտը, ուրախությունն ու թախիծը: Նա հիշում և խոստովանում է, ներում և սպասում է:

Ես նորից հիշում եմ քեզ,
և պահը ունենում է խորհուրդ,
և օրը ունենում է արև,
և սիրտը ունենում է կարոտ,
և դու իմն ես դառնում ավելի։

Ես նորից ներում եմ քեզ,
և լույսը ունենում է աղջիկ,
և հույսը ունենում է ճամփա,
և միտքը մոտենում է ափին,
և դու իմն ես դառնում ավելի։

Մենք տեսնում ենք սիրո և հավատարմության ամբողջացումը, թե ինչպիսի մտախոհական դասավորությամբ է հեղինակը թղթին հանձնել, ինչ զգացողություններով ու ինչ է ցանկացել ասել: Այս ամենն անթեղված են ստվերված ու հաճախ չերևացող ներկայի հետ, բայց պարզությամբ ու հույսի մղումներով են զուգակցված: Վ. Հակոբյանի տողերում հնչում են ապրելու համար կարևոր նշանակություն ունեցող շեշտերը, դրանք դառնում են այցեքարտ ընթերցողի համար՝ դեպի նոր ու մեծ կյանք: Կյանքի բավականին մեծ փորձը ցույց է տալիս, որ տողը կարող է հմայք ձևավորել և ունենալ մեծ ներգործություն ապագայի համար: Իսկ դեպի ապագան տանող արահետները կառուցում է մարդը, որի ճամփան ունենում է ետդարձ:

Ես նորից կանչում եմ քեզ,
և ճամփան ունենում է ետդարձ,
և խոտն ունենում է ծաղիկ,
և հավքն ունենում է երգեր,
և դու իմն ես դառնում ավելի։

Դու հավերժ տանջում ես ինձ,
և ցավը ունենում է պսակ,
և հոգին ունենում է երազ,
և չի ունենում սերը սահմաններ,
և դու իմն ես դառնում ավելի։

Տողը նաև վարակիչ հատկություն ունի, քանի որ այն մեծ ու խորհրդանշական տարբերություններ է դնում իրականի ու անիրականի, ասելիքով ու անելիքով լցված ներկայի ու անկանխատեսելի ապագայի մեջ:  Անկաշկանդ ու զգայուն տողը  թույլ է տալիս նաև նոր եզրահանգումներ անել: Անկասկած, Վարդան Հակոբյանի ստեղծած գրականությունը, այսպես ասած, մարդու երակներից շատ երակներ ունի և զարկերակի առումով ամենաուժեղն է բաբախում: Երբ ասելիքն է ստեղծում անորսալի տառերի չափն ու քանակը, ապա ստեղծագործության կատարելության աստիճանը պարզ է դառնում այն ընթերցելու առաջին վայրկյանների ընթացքում:

Իսկ արդեն խոսելով «Քրիստոսի ծաղիկները»  ասքի մասին, կարելի է միանգամից ասել, որ ամեն ինչ հարթ է՝ սկզբից մինչև վերջ, որովհետև գրողը բացարձակ անկեղծություն է ներդրել իր ասքի մեջ: Վարդան Հակոբյանն իր ասքը նվիրել է Արցախյան համահայկական շարժման 30-ամյակին, մեր հերոսական գոյամարտի սուրբ նահատակներին և սրբազան պայքարում զոհված իր՝ հեղինակի, զոհված անմոռաց զինակիցներին:

Առանձին հատվածներում զգում ենք, որ ինչքան էլ ցավը խեղդում է գրիչը, մեկ է՝ գրողը դեղահաբի փոխարեն իր սրտի թեթևությունը ամեն կերպ ջանում է փոխանցել մտքին, որպեսզի ընթերցողը այն ծանրությունն այնպես չզգա, ինչպես իրականում կա: Բայց ինչքան էլ ցանկանում ես շրջանցել, չի ստացվում: Այն ճիշտ այնպես գալիս ու կանգնում է մտքիդ ծալքերում՝ որպես անցյալի ու ապրածդ այժմյան կյանքի չսպիացող պահ, նկարագիր, ցավ ու ուրախություն: Այո, չսպիացող ուրախություն նույնպես լինում է, քանզի ամեն անգամ չէ, որ մենք իրերն իրենց անուններով ենք կոչում, ու հաճախ պատահում է, որ չենք զգում մեր սխալը, բայց մեկ է, անում ենք այն, ինչ մեզ ուրախություն կպատճառի: Վ. Հակոբյանը թողնում է, որ ընթերցողը գնա երազափայլ մտորումների գիրկը, բայց ապրի կյանքի ուրախությունը՝ ընկերների ու հայրենիքի սերը:

Ձեռքս բաց չթողնես, որ այն շարունակի

ուսումը կայանալու:

Երազը-ահա մեր առաջին հանդիպման վայրը:

Երազը-ահա մեր ժամադրավայրը վերջին:

Իսկ դրախտավայրը կայանում է միայն կորսվելուց հետո:

Պատկերներ ստեղծելը գրողի համար կարևոր նշանակություն ունի այս պարագայում: Ընթերցելով տողը՝ մենք տեսնում ենք երազի գեղեցկությունը, թե այն ինչերի է ընդունակ և ինչքան գաղտնիքներ ունի իր մեջ:

Այժմ պահն է խոսելու սրբավայր երկրի մասին, որին քառատում են, սպանում, կոտրում, բայց որը միշտ վերածնվում է, ծաղկում ծաղկի պես ու երազում նոր օրվա բարեկեցության մասին:

Ահա՛ մի հատված ասքի այն մասից, որը հեղինակը վերնագրել է «Երկիր սրբավայր».

Խոտերի ծայրին երազների երկինքը
քայլում է այնպե՜ս,
որ ոչ մի ծաղիկ չի ճկվում և չի թեքվելո՜ւ,
քանի դեռ սուրսայր բեղիկները խոտի կամ հասկի
չեն դիպչում ամպերին,
որոնք պայթում են փուչիկների պես ուռճացած օրվա
և տեղիք տալիս հորդ տեղումների։

Անձրևաթանձր մառախուղների ետևում
ճերմակամորուս աստվածներն՝ անընդհատ
մոլորումների մեջ,
ափեափ են նետում իրենց.
չէ՞ որ մի վայրկյանում (իմ, քո, նրա ձեռքերով)
հազար ու մի ճակատագիր են փոխում երկրում։

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը  գրելով Վարդան Հակոբյանի «Քրիստոսի ծաղիկները»  ասքի մասին, կարևոր շեշտադրում է անում. «Երբ բանաստեղծի խոսքի կարելիությունները առանձին թվարկելու չափ անհնարին բազմազան են, երբ բանաստեղծության դրսևորման ձևերը ներառում են հայտնի ու անհայտ գրեթե բոլոր պոետիկական հնարքները, երբ ասելիքը ձգտում է ընդգրկել ասված ու չասված ամեն ինչ և անընդհատ բեռնավորվելով  նոր լիցքերով, ապա անպայման գրվում, նույնիսկ կարելի է ասել՝ ինքնագրվում-ինքնաստեղծվում է մի գործ, որ հավակնում է այդ ամենի հանրագումար-ամբողջությունը լինել: Գործ ունենք թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չափազանց ինքնատիպ մի ստեղծագործության հետ, որի արժեքը հատկապես պատերազմական թեմայով գրված վերջին տարիների ստեղծագործական ձեռքբերումների համապատկերներին էլ ավելի ակնառու է դառնում»:

Դար ու դարեր գնում ենք միշտ և միշտ չենք հասնում,
բայց կանգ չենք առնում ոչ մի անգամ,
քանզի հավատում ենք, որ հասնելու ենք։
Թեկուզ գնում ենք միշտ և միշտ չենք հասնում։

Մարդու ինքնաբացահայտումը և ժամանակի անդառնալիությունը հեղինակն ամենատարբեր հնարքներով է արտացոլում իր տողերում: Արդարև, զգացածի ու արարածի արդյունքը կարող է գոհացնել ընթերցողին, եթե վերջինս իմանա, թե ինչի համար է բացում և կարդում, և ինչ է ուզում ստանալ Քրիստոսի ծաղիկներից. հայրենասիրության իրական դա՞ս, թե՞ ազատամարտի բովանդակալի գաղափարախոսություն՝ գրական բարձունքներին հասած:

Վարդան Հակոբյանը տեղի ու ժամանակի առումով չուշացող ու միշտ ժամանակին տող հյուսող գրող է, որ կլանում է ժողովրդականության գրականության բազմաթիվ շերտեր և խտացնում այն ամենն, ինչը իսկապես բարձրաձայն ասելու և կաղապարված կոնտեքստից դուրս հանելու կարիք ունի:

Իսկ Ավոն, ահա, Մելքոնյան Մոնթեն, զավակների հետ երկրի տնտղում է ափի մեջ տիեզերական փոշին աստղապեծ՝ վերագտնելու
առասպելները հինավուրց հողի՝ իրեն իսկ պատկերով, դեռևս չքանդակված ոչ արծաթե,
առավել ևս՝ ոչ ոսկե մետաղադրամի վրա։ Խաչենագետի կամրջից մոտիկ, ուր որ ջրի մեջ  Ոսկե ձկնիկն է ապրում, գետն է մտել Շոպենհաուերը,
և ուշանում է և, ուշանում է՝ այս էլ քանի տարի, և դուրս չի գալիս՝ աշխարհը իր կամքն է. իսկ ջրի ճողփյունը «մետաֆիզիկական
շեմին» հայտնված լիրիկների ոտքերի տակ փշրվող ափսեների ձայն է հիշեցնում։ Գետը մեկ կորչում է ժայռուտներում ահարկու, մեկ աչքերեւ է դառնում՝ մեջքին մեկընդմերթ փայլեցնելով ափքարի մեջ խրված պայռ մի՝ վրիպված նետի։

Ինչ վերաբերում է Էլիոթին, նստել է, ասում են, սուրբ կենդանու մեջքին և Վաշինգտոնից թե Լոնդոնից ճանապարհ ընկել ուղիղ դեպի Ղարաբաղ։ Սև սամումը եղեռնական մոլեգնում է Արցախա սուրբ լեռների մեջ։ Յուրաքանչյուր վայրկյան, որ նոր է գալիս, մեզ տխրեցնում է առավել, քանզի ավելի խորն ենք ապրում նախորդ վայրկյանի ողբերգությունը։

Մեր պատկերացումներում յուրաքանչյուր հերոսական արարք, եթե փառաբանվում է, ապա այն մշտարթուն իրողության նման հավերժ այցի է գալիս ու ինչ-որ չափով գաղտնիքի մեջ կամ գաղտնիքից դուրս շարունակվող կերպարների է հանդիպում: Իսկ շարունակվող հաղթական կերպարի անունը օգտագործելը ավելի է հարստացնում տողերի հմայքն ու նոր բովանդակություն հաղորդում գրողի այն ստեղծածին, որը թերևս ընդգրկում է մեր բազմադարյա կենսագրությունը՝ առանց ընդհատումների: Հավաքական համաստեղությունների լայն ընդգրկումը թույլ է տալիս ներկապնակի բոլոր գույներին ծանոթանալ և չկենտրոնանալ միայն սև ու սպիտակի վրա: Նկարագրածս հենց Վարդան Հակոբյանի բացահայտած գալիք հրավերքն է ու դադարները՝ կտրուկ շրջադարձերով: Դրանք լավագույնս են ներկայացնում մեր պատմության անաղարտ ընթացքը, որը գրողի ներկապնակում ավելի գունեղ է, քան մեր պատկերացրած աշխարհում:

«Ճանապարհը հուշարար է։ Ճանապարհը ասում է՝ դուք չեք գնում, երբ հեռանում եք։ Ինչպես կարող եք ձեր սիրտը դեն նետել, մի կողմ թողնել ապրած օրերի հուշը, ծննդավայրի առաջին սիրո ճամփան, ձեր հարազատների շիրիմների վրա վեր ու վար ճախրող հրեշտակներին ու հեռանալ, սփյուռվել։ Դուք պարզապես մասնատում եք ձեզ, բաժան-բաժան եք անում, քաղցրությամբ դյութող թույնի թմբիրներով տրվում եք թվացյալ «դրախտին» ու անարթնանալի, անարթնանալի մշուշով խորը քնում եք։ Դուք չեք գնում, երբ որ գնում եք». կարդում ենք ասքում: Հեղինակի մտահոգությունն ու պարզ բացատրելու ունակությունը  ընթերցողը կարող է հասկանալ այս տողերի միջոցով, քանի որ ամենքս առնչվում ենք այս երևույթի հետ: Ճանապարհի դժվարին ընթացը, կամ ինչպես ինքը՝ հեղինակն է ասում՝ հուշարար ճանապարհը, ասում է, որ մենք չենք գնում, երբ հեռանում ենք: Իսկ իրականությունից ու պարզապես մեզ շրջապատող երևույթներից հեռանալ պետք չէ: Հեղինակը այստեղ նաև շատ հստակ շեշտադրում է անում՝ հուշըմ սիրո ճամփան, հարազատների շիրիմների վրա վեր ու վար ճախրող հրեշտակներին համադրության մեջ դնելով: Հայի հավաքական դիմագիծը գրողի գրչով նոր պոռթկումներ է անում՝ կեցվածք ու միասնական նպատակ ձևավորելով, հարատևության ջահը վառ պահելով ու առաջ տանելով:

«Էս կռիվը մեր կռիվն է, հեռու երկրներում չէ, օտար աշխարհներում չէ, մեր հանդում է, մեր տանն է. եռանկյուն, կնքված չեն գալիս նամակները, մի կտոր թղթի վրա հասնում են, երբեմն՝ ժամանակին, զինվորն է բերում, հետն էլ «ոնց եք, ոնց չեք»-ը լրացուցիչ գուրգուրանքներով, գյուղի մարդկանց հին ու նոր հուշապատումներով։ Շատ հաճախ նամակի կարիք էլ չի լինում։ Դիրքերը հեռու չեն։ Գյուղացիք հերթով հաց են տանում։ Հասմիկ հարսը մի օր էլ զինվորական զգեստներ հագավ, թե՝ էս անգամ տղերանց համար ես հաց կտանեմ։ Ոչ ոք չառարկեց։ Հակոբը զարմանքից ու ուրախությունից չգիտեր, ինչ ասեր։ Դիրքի տղերքը հասկացան՝ յոթ ամսվա պսակվածներ են, ասին՝ Հակոբ, ոչինչ, մի քիչ զրուցեք։ Հակոբը տեսավ, որ Հասմիկը կարմրեց։ Չկարողացավ հրաժարվել։ Սարի վրա վանք կա, մի քանի մոմ վառեցին, համբուրեցին պատերը, հետո կտուց կտցի մեծ կաղնու տակ զրուցեցին։ Նրանց համբուրվելը, իրարից կարոտ առնելն Աստծո սրտովն էլ էր։ Վանքի խաչի ստվերը ձգվել, ընկել էր նրանց վրա, դրա համար էլ, երբ ծնվեց առաջնեկ տղան, անունը դրին Խաչիկ։ Կռիվները շարունակվում են։
Խաչիկը հիմա, արդեն ինը տարեկան քաջորդի է։ «Տղաս զինվոր է ծնվել, թող զինվոր էլ մեծանա, հետո, որ խաղաղություն լինի, հետո, հեշտ է այն ժամանակ»։ Հայի «հետոն» տեսնես ե՞րբ կգա։

Ալավերդունց Օսեփը հեռու էր եւ՛ «հակա», եւ՛ հակա «հակա» լինելուց, բայց ոնց իրեն ձեռ էր տալիս, այնպես շրջում-բերում, նրան էլ էին այս կամ այն ափում հայտնաբերում։ Շրջկենտրոնից վերադառնալիս, ասացին՝ Ստալինի կիսանդրին տար գյուղի գրադարանին հանձնիր։ Մարդ էր, վերցրեց ու բերեց։ Բայց էշի բեռը ծանր էր, ճամփին ծռվեց, մարդը չուզեց քար դնել՝ ավելո՜րդ ծանրություն ստեղծել։ Օսեփը բեռը ուղղելու համար, թեթեւ հակից կախեց արձանիկը՝ պարանը օղեփոկ արեց, նեղ մասը վիզն էր, հագցրեց ու եկավ, մտավ գյուղ՝ առանց որեւէ հետին մտքի ու «հակա»-ի։ Բայց արձանիկին սրտատրոփ սպասող Նուրվարդը, որ տեսավ Ստալինի այդ վիճակը, ուշքից գնաց։ Հետո նրան ուշագնացության համար շրջանային հիվանդանոցում գովասանագիր տվին, իսկ ուշագնացության պատճառի համար Օսեփին բանտ նստեցրին։ Վերջինս ինչքան փորձում էր Զառունց գժերի հետ ազգակցական կապ գտնել՝ ազատվելու համար, չկարողացավ։ Իր խաչը տարավ մինչև վերջ։ Ծանր էր»։

Ընթերցողը պատկերացնում է տրամաբանորեն՝ մտովի հավաքելով, միացնելով նույն նպատակի համար միասնաբար ոտքի ելած մարդկանց բազմությունը: Այն բազմությունը, որ կռիվը համարում է ազատության միակ ելքը, քանզի հայի ազատատենչությունը չի չափվում մետրերով կամ կիլոմետրերով: Այդ ազատատենչ ոգին Վարդան Հակոբյանը իրեն յուրահատուկ հանգստությամբ չափեց բառով ու բառի մեջ տեղավորեց և հավատ, և ձգտում, և վերջնական ու շարունակվող կյանքի լուծումներ: Լուծումներ, որոնք բովանդակային առումով հարուստ են, ունեն կարևոր կետեր, առանձնանում են իրենց համաչափությամբ ու նուրբ արվեստային երանգավորմամբ:

«Քրիստոսի ծաղիկները» նրանք են, ովքեր իրենց անունը փառքով ու լույսերով պսակեցին, չերկմտեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործը կատարելիս, եղան հողի իրական տերն ու տիրակալը՝ գրկելով այդքան աստղավորված հողը: Եվ ինչպես Վարդան Հակոբյանն է գրել՝ հողը դառնում է զարմանալի բուրիչ ու անդավաճան:

Տարիների հեռվից թեկուզ դժվար ու ցավոտ է  թվում  խոսել այն եղածի մասին, որը շատ անգամ մարդու ներսն է խառնում՝ կարևորն առանձնացնելով երկրորդականից ու, որ ամենակարևորն է՝ տողը դարձնելով նախահիմքը այն ամենի, ինչը մեզ հաճախ է տանջում ու հարցեր առաջացնում, որոնք և անպատասխան չթողնելու համար պետք է զգուշորեն ընկալենք անխուսափելի կյանքի օրենքները: Այդ օրենքների մեջ նաև հանուն հող հայրենիի պայքարն է, արդա՛ր պայքարը:

«Ամեն երգող ինքն իր վրա լաց է լինում: Իսկ ինչ բառերով ասվում է՝ չի ասվում, աղավաղվում է: Եվ դեռ ոչինչ չի ասվել աշխարհում»:

Ասքն ավարտվում է «Շրջանակից դուրս» ենթավերնագրով՝ հենց այս տողերով, որոնք կրկին իրականությունն են ներկայացնում՝ բացառելով աշխարհի կեղտոտ խաղերը: Այո, դեռ ոչինչ չի ասվել աշխարհում:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31