Գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեք ստեղծելու նոր մշակաբույսեր աճեցնելու եւ վերամշակելու համար կառավարությունը հավանություն տվեց տեխնիկական կանեփ աճեցնելու նախագծին:
«Տրամաբանություն» անկախ գործարար եւ ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոն ՀԿ նախագահ, ԵՊՀ եւ ՌՀՀ դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Արա Քառյանը, սակայն, գտնում է, որ տեխնիկական կանեփի արտադրությունը մեծ վտանգներ է պարունակում: Այսօր նա «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում ասաց, որ նախագծի հիմնավորումը, թե այդ կանեփի աճեցմամբ կարող ենք օգտագործել հանրապետությունում չօգտագործվող հողատարածքները, տարօրինակ է, քանի որ դրանից վնասներն ավելի շատ են լինելու քան՝ օգուտը: Արա Քառյանը հիշեցրեց կառավարության նիստում գլխավոր դատախազի մտահոգությունը, որին ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ հարցերը կկարգավորեն ենթաօրենսդրական ակտերով. «Բայց, կներեք, մենք գործ ունենք մարդկանց հետ: Տասնյակ անգամներով թմրամոլությունը կբարձրանա եւ կբախի յուրաքանչյուրի դուռը: Մարդիկ մեկ էլ կպարզեն, որ իրենց երեխան հայտնվել է այդ ծուղակում»:
Այն դիտարկմանը, թե տեխնիկական կանեփի դեպքում վտանգ չկա, պարոն Քառյանն ասաց՝ «Ոչ ոք չի կարող պնդել, որ դրանից թմրամիջոց չի ստացվում: Ես դա շատ կասկածելի եմ համարում»:
Նրա խոսքով, ասում են դրանից այս կամ այն բաները կարող են ստանալ, բայց ոչ մի հաշվարկ, հիմնավորում չկա դրա տակ, իսկ սոցիալական հետեւանքները ահավոր են լինելու, որի մասին ահազանգեց նաեւ գլխավոր դատախազը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Վրաստանը, ԱՄՆ-ն եւ այլ երկրներ վերջերս մարիխուանայի վաճառքը լեգալացրել են, եւ ոչ մի սարսափելի ցուցանիշներ այդ երկրներում կարծես թե չեն արձանագրվել, մասնավորապես Վրաստանը երկու տարի առաջ է այդ քայլին գնացել, Արա Քառյանն ասաց, որ դրա հետեւանքները կերեւան տասնյակ տարիների ընթացքում. «Երբ որ տասնյակ տարիներ հետո տեսնենք դրա ազդեցությունը ոչինչ անել չենք կարող: Դրա ազդեցությունը շատ դանդաղ է, մեկ տարում չեք զգում: Այն ինչ այսօր տեղի է ունենում գենդերի հետ դրա հետեւանքներից մեկն է: Նույնը կարող ենք ասել ծխախոտի համար: Ծխախոտն առաջին հայացքից այդպիսի վտանգավոր բան չի ներկայացնում, բայց ծխախոտի դեմ պայքարը շատ բարդ է: Մարիխուանայի դեպքում կգանք այդ բարդ պայքարին կհանգենք, իսկ արդյունքներն ակնհայտ կլինեն՝ ինչի է նա հանգեցրել: Այնպես որ պետք չէ դատողություն անել մեկ տարվա կտրվածքով, դրա արդյունքները կզգանք առնվազն մեկ տասնամյակ հետո»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ