Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի զրոյական դերակատարությունն այնքան աճեց, որ այսօր դարձել է ամենապահանջված գործիչներից մեկը, շնորհավորում եմ Իմ քայլին». Թագուհի Թովմասյան

Մայիս 11,2021 20:20

Երեկ ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց «Իմ քայլը» լքած պատգամավորների մասին, թե ինչպես են խոսել պատգամավոր գնելու մասին ու նույնիսկ բորսայի գներին անդրադարձավ, ասաց 25 հոգու ուզել են գնել, միլիոններ ծախսել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլից» հեռացած պատգամավորներից մեկը՝ Թագուհի Թովմասյանն ասաց. «Մեկնաբանելու ցանկություն չկա, որովհետեւ եթե կա ասելիք, պետք է հնչի անվանական: Երբ որ մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը կտա իմ անունը, նոր ես համապատասխան արձագանքով հանդես կգամ: Այլապես չեմ համարում, որ ինձ է պատասխանել, կամ ինձ է վերաբերվում իր ասածը»:

Հետաքրքրվեցինք, թե այս ընտրություններին ինչպես ու ինչ ձեւաչափով է մասնակցելու: Պարզվեց՝ դեռ չի որոշել: Խոսելով սպասվող ընտրությունների մասին՝ Թագուհի Թովմասյանն ասաց. «Իսկապես ծանր ընտրություն է այն իմաստով, որ թեկնածուները շատ չեն, քարոզարշավի տեղատարափը սկսվել է արդեն ու նաեւ ագրեսիվ վերաբերմունք կա: Քաղաքական ուժերը միմյանց նկատմամբ ունեն անասելի ագրեսիա ու ես չեմ կարող պատկերացնել, թե այս ագրեսիայի պայմաններում մենք ուր ենք հասնելու: Արդյոք կունենանք այնպիսի ընտրություններ, որի արդյունքները վիճարկելի չլինեն եւ արդյոք կունենանք այնպիսի ընտրություններ, որի ժամանակ վիրավորներ ու զոհեր չենք ունենա»:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի՝ մայիսի 9-ի հանրահավաքին անդրադառնալով՝ Թագուհի Թովմասյանն այդ առիթով շնորհավորեց «Իմ քայլին». «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանի զրոյական դերակատարությունն այնքան աճեց, որ այսօր դարձել է ամենապահանջված գործիչներից մեկը, որ կարողանում է Ազատության հրապարակ լցնել ու որպես փրկիչ, որպես ապագայի տեսլական ունեցող մարդ, որպես կարող ուժ ներկայանալ հանրությանն ու ընդունելության արժանանալ: Իսկապես շնորհավորելու առիթ է»:

Փոխանցեցինք իմքայլականների բացատրությունը՝ ի՞նչ էիք ուզում, իրավական գործընթաց չսկսեի՞նք, մենք ընդամենը իրավական գործ ենք բացել՝ Թովմասյանը պատասխանեց. «Իրավական գործընթաց սկսելու համար պետք է ունենալ հեռանկար ու պետք է նաեւ ունենալ այդ գործընթացի վերջը տեսնելու հնարավորություն: Իսկ վերջը, երբ մենք տեսնում ու ասում էինք՝ մեզ չէին լսում: Իրենք տեսա՞ն, համոզվեցի՞ն՝ շնորհավորում եմ»:

Հարցին՝ կստացվի՞ Քոչարյանի ռեւանշի փորձը՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ընտրության արդյունքները ցույց կտան: Այնուամենայնիվ, ունենք այսօր մի իրավիճակ, որ ընտրությունը մեծապես գնում է Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31