Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կոնֆլիկտը կապվում է Էրդողանի անվան հետ». Իսրայելցի քաղաքագետ

Մայիս 11,2021 21:03

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակը Գազայի հատվածում՝ իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը նշեց. «Այս պահին ընթանում են ամենածանր մարտերը, Իսրայելը զորքերն այնտեղից դուրս է բերել 17 տարի առաջ, եւ սա առաջին ռազմական բախումը չէ, սակայն ամենածանր պատերազմական իրավիճակն է: Արձակվել է ավելի քանի 1000 հրթիռ Իսրայելի հարավային շրջանի քաղաքների բնակելի թաղամասերի, մասնավորապես Աշքելոնի ուղղությամբ: Բարեբախտաբար իսրայելական պաշտպանական համակարգն այնպես է աշխատել, որ հրթիռների 98 տոկոսը չեն խփել նշանակետին, թեեւ ավելի քան 100 վիրավոր եւ երկու սպանված կա իսրայելական կողմում: Եվ եթե այդ 1000 հրթիռները նշանակետին հարվածեին, մեծաթիվ սպանվածներ կունենայինք:

Նրանք հատուկ նշանառության տակ են վերցնում բնակելի Իսրայելի թաղամասերը: Սա պատերազմ չէ բանակների միջեւ, սա բնակելի թաղամասերի միտումնավոր թիրախավորում է: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, Իսրայելը դեռեւս զորք չի մտցրել այնտեղ, առայժմ գործել է միայն օդից: Որքանով տեղյակ եմ, Իսրայելին հաջողվել է շարքից հանել նրանց ենթակառուցվածքները, ինչը կապված է ոչ միայն կոնկրետ ահաբեկիչների լիկվիդացման հետ, այլեւ խոսքը հրթիռների եւ ռազմական սպառազինության արտադրության մասին է, նաեւ այն ստորգետնյա թունելների, որտեղ ծրագրվում են ահաբեկչական գործողություններ Իսրայելի դեմ»:

Հարցին՝ ի վերջո ո՞րն էր այս բախման պատճառը, խոսքը սադրանքի՞, թե այլ բանի մասին է, իսրայելցի քաղաքագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ սա Իսրայելի դեմ է, հատկապես որ Համաս շարժումը մահմեդական եղբայրների օֆիցիալ մասնաճյուղն է, որի գլխավոր աջակիցը՝ եւ ֆինանսապես եւ քաղաքականապես , Թուրքիայի նախագահ էրդողանն է: Հենց Էրդողանն էլ նրանց մղել է իրավիճակի կտրուկ սրման քայլերի»:

Քաղաքագետը նշում է, որ Գազայում պետք է ընտրություններ տեղի ունենային, որոնք չեն կայացել. «Համասը փորձել է այս ֆոնի վրա գրգռել զանգվածային ցույցեր ընդդեմ Իսրայելի, բայց ոչինչ չի ստացվել: Այո, Երուսաղեմում եղան անկարգություններ մի քանի հարյուր երիտասարդների մասնակցությամբ, բայց ոչ տասնյակ հազարավորների, ինչպես իրենք էին ծրագրել: Երբ չհաջողվեց ծրագրածը իրականացնել, իրենք սկսեցին խփել Երուսաղեմին, հրթիռներ արձակվեցին նաեւ այն թաղամասի վրա, որտեղ ինքս եմ ապրում: Արդյունքում, այժմ Իսրայելի հարավում ռազմական գործողություններ են ընթանում, որոնք բնորոշ են ծանր մարտերին»:

Ավիգդոր Էսկինը հավելեց, որ այս պահին հնարավոր չէ գնահատել, թե ինչ հաջողությամբ Իսրայելը կկարողանա խփել մյուս կողմի ենթակառուցվածքներին եւ հանգեցնել նրան, որ հակառակ կողմը դադարեցնի կրակը: «Խնդրի լուծման միակ ուղին պայմանավորված է նրանով, որ մի կողմից պետք է ահաբեկիչներին զրկել սպառազինելուց, մյուս կողմից քաղաքական աջակցությունից: Քանի դեռ Էրդողանը եւ Թուրքիան նրանց ցուցաբերում են ռազմական եւ քաղաքական աջակցություն, նման սադրանքները կարող են շարունակել: Իսրայելը պետք է օգտագործի իր բոլոր լծակները՝ սառեցնելու մեր ողջ երկրի տարածքում ռազմական գործողություններ հրահրելու Էրդողանի ցանկությունը: Շեշտում եմ՝ այս կոնֆլիկտը կապված է Էրդողանի անվան հետ»:

Հարցրինք, թե իր գնահատմամբ ինչպիսին է միջազգային հանրության վերաբերմունքը այս կոնֆլիկտի վերաբերյալ: Այդ հարցին ի պատասխան էլ Ավիգդոր էսկինն ասաց. «Այսօր միջազգային հանրությանը շատ քիչ են հետաքրքրում այստեղ կատարվող իրադարձությունները, ի տարբերություն նախորդ տարիների: Ամերիկացիները եւ ռուսները հեռու են քաշվել այս ամենից, քաղաքական գործընթացների մեջ փորձում են խորանալ Էրդողանն ու Թուրքիան: Հենց սա պետք է թույլ չտա Իսրայելը, որովհետեւ ցանկացած ակտիվ թուրքական միջամտություն կարող է բերել կոնֆլիկտի հետագա սրման: Սա շատ կարեւոր փաստ է, որը պետք է հաշվի առնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Ավիգդոր Էսկինի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31