Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրում գրված չէ, որ այդ ճանապարհը հենց Մեղրիով պետք է անցնի, թե որտեղով կանցնի՝ մենք կորոշենք. Արա Քառյան

Մայիս 11,2021 19:55

Տնտեսագետ Արա Քառյանն առաջարկում է Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակումն իրականացնել մուլտիմոդալ տարբերակով, որի մեջ կմտնի ե՛ւ ավտոճանապարհը ե՛ւ երկաթգիծը ե՛ւ գազամուղը ե՛ւ նավթամուղը ե՛ւ բարձր լարման հոսանքը:

«Ճանապարհների ապաշրջափակման հարցը նոր չէ, ուղղակի պատերազմն այդ հարցն արագացրեց»,-այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում պատասխանելով հարցին՝ ինչ կտա Հայաստանին ճանապարհների ապաշրջափակումը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրով, ասաց «Տրամաբանություն» անկախ գործարար եւ ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոն ՀԿ նախագահ, ԵՊՀ եւ ՌՀՀ դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Արա Քառյանը: Նրա խոսքով, Մինսկի խմբի փաստաթղթերի մեջ էլ այդ կետը կա եւ սկսած՝ Քի-Վեսթից, Կազանից բոլոր այդ փաստաթղթերում ճանապարհների ապաշրջափակման հարցը դրված է:

«Աշխարհը մտահոգված է այդ հարցով, որովհետեւ Արեւելք-Արեւմուտք ենթակառուցվածքներից մեկը, որն անցնում է Հայաստանով, Ադրբեջանով, փակված է, որն աշխարհի համար անընդունելի է, եւ այդ պատճառով բոլոր նախագծերում դա եղել է: Մի կողմից, եթե ասենք՝ չէ, մենք համաձայն չենք աշխարհի տրամաբանության հետ, դա այդպես չի կարող լինել, մյուս կողմից՝ մենք պետք է առաջանցիկ դիրք գրավենք»,-ասաց պարոն Քառյանը: Ըստ նրա, համաձայնագրում գրված չէ, որ այդ ճանապարհը հենց Մեղրիով պետք է անցնի. «Ալիեւը շեշտում է Մեղրին, քանի որ Զանգեզուրի խնդիրն է ուզում լուծել, մենք  էլ ասում ենք՝ դա մեզ համար անվտանգության խնդիր է եկեք տարանջատենք՝ մի բան է որ մենք ենթակառուցվածքները ձեր համար բացենք, մի բան է անվտանգության խնդիրը: Մենք պետք է ասենք՝ Ադրբեջանի համար բացում ենք մուլտիմոդալ ենթակառուցվածքների ճանապարհ, թե որտեղով կանցնի՝ մենք կորոշենք, որն ի վերջո մտնելու է Նախիջեւան, Նախիջեւանից էլ՝ Թուրքիա: Մուլտիմոդալի մեջ կմտնի ե՛ւ ավտոճանապարհը ե՛ւ երկաթգիծը ե՛ւ գազամուղը ե՛ւ նավթամուղը ե՛ւ բարձր լարման հոսանքը: Հինգ ենթակառուցվածք կբացենք, բայց պետք է այդ ենթակառուցվածքի համար վճարել»:

Արա Քառյանի խոսքով, կարող ենք որպես ներդրողներ ներգրավել Չինաստանին, Հնդկաստանին արաբական երկրներին եւ նրանք էլ կհանդիսանան այդ մուլտիմոդալի եւ հետեւաբար Հայաստանի երաշխավորը. «Մուլտիմոդալի պարագայում մենք ենք որոշում խաղի կանոնները: Մեր դիվանագիտությունը պետք է նախաձեռնողական լինի»:

Ինչ վերաբերում է Մեծ Թուրանի վերաբերյալ մեկնաբանություններին, ըստ տնտեսագետի, պետք չէ Թուրանով ոչ մեկին վախեցնել, քանի որ չի կարող ստեղծվել թուրքալեզու ժողովուրդների էթնիկ կայսրություն: Ըստ նրա, աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ կայսրությունները երբեք էթնիկ բնույթի չեն եղել. «Դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Նրանք այդ համերաշխության ակումբն արդեն ստեղծել են եւ արդեն գործում են, եկեք սրանով ավելորդ աղմուկ չբարձրացնենք, Մեծ Թուրանն, ըստ էության գործում է եւ իր ճանապարհներն էլ ունի:

Որովհետեւ նա մեծ հաջողությամբ գործարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Էլ չեմ ասում երկու գազատարները: Այսինքն՝ նա ենթակառուցվածքների խնդիր չունի: Բայց Հայաստանով անցնող ճանապարհի դեպքում ավելի էժան կլինի եւ մենք էլ պետք է հասկանանք՝ ինչու ենք խոչընդոտում, եթե մենք ասում ենք՝ Հյուսիս-հարավից կարող ենք շահել, թող սրանից էլ շահենք, մյուս կողմն էլ թող շահի, բոլորը թող շահեն: Մենք էլ տնտեսապես շահենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31