«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների և զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաև՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։
Ասուլիսին մասնակից Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցելու հարցը։
Կարդացեք նաև
Չնայած ՌԴ դիվանագետը խոսեց նաև մեզ համար կարևոր համարվող ռազմագերիների վերադարձման կարևորության մասին, սակայն նկատենք, որ այս բոլոր հարցերը քննարկվեցին նույն հարթության մեջ։
Ու սա այն դեպքում, որ ռազմագերիների, գերիների, զոհվածների աճյունների դրույթն ի տարբերություն ականապատ դաշտերի քարտեզների, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է և մինչև այժմ գործընթացն ավարտված չէ։
Ի դեպ, Լավրովը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու անհրաժեշտությունը գիտակցում են և այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։
Իսկ թե ինչ քայլերի մասին է խոսում ՌԴ ԱԳ նախարարը, դեռ պարզ չէ։
Ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն Ադրբեջանը շարունակում է ձգձգել՝ դրա ամբողջական կատարման դիմաց նոր զիջումներ պահանջելով Հայաստանից։
Ընդ որում՝ Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են»։