Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ ճգնաժամային իրավիճակում իրական հատվածը ճռռում է, իսկ բանկային հատվածը խրախճանքի մեջ է. Արա Քառյան

Մայիս 11,2021 18:35

Հայաստանը համավարակի հետեւանքները մեղմելու հակաճգնաժամային ծրագրերին ուղղել է ՀՆԱ-ի 3,5 տոկոսը, Իտալիան՝ ՀՆԱ-ի 42 տոկոսը: Այսօր այս մասին ասաց «Տրամաբանություն» անկախ գործարար եւ ֆինանսատնտեսական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ԵՊՀ եւ ՌՀՀ դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Արա Քառյանը:

«Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում Արա Քառյանն ասաց, որ հակաճգնաժամային ծրագրերի համար պետության հատկացրած շուրջ 240 միլիարդ դրամի մոտ 80–ը բաժին է հասել բանկերին`որպես վարկերի տոկոսների սուբսիդավորում, ինչն ամենեւին էլ աջակցություն չէ տնտեսվարողներին. «Այդ միջոցներն ուղղված են տնտեսվարողներին, բայց ասել, որ տնտեսվարողները դրանից ուղղակի կշահեն՝ չէ, նրանք այդ միջոցների հաշվին ուղղակի հնարավորություն են ստանում պահպանել այն վիճակը, ինչ-որ ունեին՝ աշխատատեղերը պահել, եւ մնացած ծախսերն իրականացնել: Նրանք որպես այդպիսին, եկամուտներ չեն քաղում: Վարկավորման դեպքում ամբողջ ռեսուրսը գնում է իրական հատված, բայց վերջնական շահողը բանկերն են»:

Տնտեսագետի խոսքով՝ ստացվում է ճգնաժամային իրավիճակում իրական հատվածը ճռռում է, իսկ բանկային հատվածը խրախճանքի մեջ է: Ըստ նրա հավասարակշռությունը կորչում է. «Եթե մենք ճգնաժամի մեջ ենք պետք է հավասար այդ բեռը կրենք՝ պետությունը տնտեսվարողները եւ ֆինանսական հատվածը: Պետությունն իր մասնաբաժինը կատարում է՝ վնասներն ազգայնացնում է, իրական հատվածը կարողանում է վերականգնվել, իսկ մյուս հատվածը ստանում է նաեւ հավելյալ օգուտներ, ինչը արդարացի չէ: Պետությունը պետք է եւս մեկ անգամ վերաբաշխում կատարի եւ բանկերի համար լրացուցիչ հարկեր սահմանի: Հարկվեն այն ակտիվները, որոնք բերում են հավելյալ եկամուտ: Ինչը կբերի հավասարակշռության: Բոլոր երեք կողմերը հավասարապես կկրեն իրենց բեռը»:

Արա Քառյանի խոսքով, նույն միջոցառումը, նույն ձեւաչափով իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց այդ երկրի վարչապետը բանկերից պահանջում է, որ բանկերն այդ միջոցառումների համար շատ ցածր տոկոսադրույքներով վարկերը հատկացնեն. «Իհարկե, բանկերն ըմբոստանում են, բայց ասում են՝ հանգիստ նստեք տեղներդ, որովհետեւ ՌԴ-ում խոշոր բանկերը պետական մասնակցությամբ են: Մեզ մոտ նման հնարավորություն չկա, տոկոսներն էլ շուկայականի սահմանում են կամ մի քիչ ցածր: Այս պորտֆելի ակտիվը բանկերի համար ստացվում է շատ շահավետ, եկամտաբեր, որովհետեւ պետությունն իր վրա է վերցնում ռիսկերը»:

Թե երբ կվերականգնվի տնտեսությունը, պարոն Քառյանն ասաց՝ անցյալ տարի 7,8 տոկոս անկում ենք ունեցել, այս տարվա առաջին եռամսյակում եւս 2 տոկոս, եւ, առնվազն, երկու տարի պետք է, որ գանք նախնական դիրքին, ինչից որ հետ ենք գնացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31