Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի, իսկ պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան: Վերջինս նաեւ հայերեն գիտեր։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։
Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին: Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։ 19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում, ինչը վկայում է Շուշիի մշակութային, հոգևոր կյանքի բարձր մակարդակի մասին: Այս գրքերն այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում։
1928 թ Շուշիում տպագրված առաջին գիրքը «Պատմութիւն Սուրբ գրոց»-ը, պահվում է Հայաստանի ազգային գրադարանում եւ ցուցադրվում Գրատպության թանգարանի՝ «Հայ գրատպության առաջնեկները» սրահում։ Իսկ գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Հայաստանի ազգային գրադարանի «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում։
Կարդացեք նաև
Մինչև 1920 թ. Շուշիում լույս է տեսել 22 անուն լրագիր ու հանդես, որից 2-ը՝ ռուսերեն Шушинский листок, Шушинская жизнь ։ Շուշիի մամուլի առաջին անունը 1874 թ. տպագրված «Հայկական աշխարհ» հանդեսն է։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ», «Գործ», «Ծիածան», «Աշակերտական թերթ», «Ազգագրական հանդես», «Կռունկ» եւ այլ պարբերականներ։
Օրերս Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի նախաձեռնությամբ կայացավ Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։
Ներկայացվեցին Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Շուշիի հրատարակությունները`մասնավորապես՝ տպագրված գրքերից և պարբերական մամուլից օրինակներ: Անձեռնմխելի գրականության բաժնի աշխատակից Արմինե Մկրտչյանը ներկայացնելով բացառիկ նմուշները` խոսեց Շուշիի տպարանների գործունեության մասին: Նա մասնավորապես անդրադարձավ Ավգուստ Դիտրիխի և Ֆելիցիա Զարեմբայի (Բողոքական միսիոներների) տպարանին, որը գործել է 1827-1833թթ, ինչպես նաեւ Սրբազան մետրոպոլիտ Բաղդասարի տպարանին, Հայոց հոգևոր դպրոցին: Վերջինս գործել է 1837-1902թթ։
Ցուցադրությանը առանձնակի տեղ էր զբաղեցնում 1881 թվականին Շուշիում բացված Միրզաջան Մահտեսի Հակոբյանի տպարանի հրատարակությունների հատվածը, որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր:
Առաջին անգամ առանձին գրքով այստեղ են լույս տեսել Րաֆֆու «Խենթը», Լեոյի «Վե՞պ, թե պատմություն», «Վահան Մամիկոնյան», «Իմ հիշատակարանը», Ա. Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» արժեքավոր երկերը: Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն»(1893թ.), Ա. Դոդեի, Ջ. Դրեպերի և այլոց գործերը։
1912-ին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Թեոդիկը Կ. Պոլսում հրատարակվել է «Տիպ ու տառ» շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը:
1912թ. Կոստանդնուպոլսում հրատարակված Թեոդիկի «Տիպ ու տառ» ուշագրավ ուսումնասիրությունը եւս որոշ փաստեր է պարունակում Շուշիի տպագրական գործի և տպարանների մասին: «…ՇՈՒՇԻ առաջին անգամ տպագրական գործունէութիւն ունեցած են ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԻՍԻՕՆԱՐՔ…»,- նշում է Թեոդիկը։1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է 1920 թվականին։ Այդ ժամանակամիջոցում հրատարակվել են բազմաթիվ գրքեր: Իսկ 1874 թվականից սկսած մինչև 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել 2 տասնյակից ավելի անուն թերթ և հանդես, իսկ առաջին պարբերականը` «Հայկական աշխարհը», անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարները` Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից