Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի նկատմամբ սերը մեզ բոլորիս պետք է համախմբող դեր ունենա». Մակունցը շնորհակալություն հայտնեց Թագուհի Թովմասյանին՝ իր նախաձեռնության համար

Մայիս 11,2021 17:27

Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ ծնունդով շուշեցի հայազգի ճարտարապետների գործունեությունը ներկայացնող նյութերի ցուցադրություն:

Այն ստեղծագործություններն էին ընտրվել, որոնց իրականացմամբ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի:

Իր խոսքում Թագուհի Թովմասյանն ասաց. «Այս տարի մեզ համար շատ ծանր էր Եռատոնը, որովհետեւ զրկված ենք Եռատոնը նշելու հնարավորությունից եւ տրամադրությունից: Շուշին մերը չէ, բայց սա չի նշանակում, որ պիտի չշարունակենք պայքարել: Պիտի նայենք առաջ ու շարունակենք մեր պայքարը հանուն այն տարածքների, որոնք գտնվում են այսօր Ադրբեջանի կազմում եւ նրանց վերահսկողության տակ:

Նույնիսկ նոյեմբերի 9-ի ամենաոչ հայանպաստ փաստաթղթում հստակ կա մի հատված, որ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ շատ տեսանելի է այն ապագան, որ մենք կարող ենք հասնել Շուշիի, Հադրութի եւ մյուս բնակավայրերի այն նախկին վիճակին, որ ունեինք: Պարտավոր ենք հզորանալ, այլընտրանք չունենք: Իսկ կա ոսկե կանոն՝ միայն ուժեղի հետ են հաշվի նստում»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց Թագուհի Թովմասյանին՝ նման նախաձեռնության համար:

Նա ասաց. «Այս ցուցադրությունը լավ առիթ է՝ վերհիշելու, թե 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին Բաքվի հայկական համայնքը ինչպիսի դերակատարում է ունեցել ոչ միայն քաղաքի մշակութային եւ տնտեսական զարգացման կյանքի, այլեւ քաղաքաշինության մեջ: 1885-1915-ը Պետերբուրգում ուսանած հայ ինժեներներ՝ մոտ 115-ը, այնուհետեւ Անդրկովկասում ուսանելուց հետո նախագծային աշխատանքներ են իրականացնում, որոնց մի մասը՝ նաեւ Բաքվում: Նրանց շարքում եւ Բաեւը, Հովհաննես Տեր-Հովհանիսյանցը եւ այլն»:

Մակունցը նշեց, որ Բաեւը եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը եւ իր օրոք ստեղծվել է մի մշակութային կոթող, որն այսօր ծառայում է Բաքվում՝ որպես Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն. «Հայերը, որտեղից էլ ծագել են, այդ թվում՝ Շուշիի հայեր, եղել են առաջադեմ հայացքների տեր, հայկական մշակույթը տարածող ու մշակույթով հարստացնող հայրենակիցներ, ովքեր ի տարբերություն այսօր Ադրբեջանի որդեգրած քաղաքականության, հայկական մշակույթի տարրերով հարստացրել են հենց նրանց մշակույթը: Շուշիի նկատմամբ սերը մեզ բոլորիս պետք է համախմբող դեր ունենա: Այն հարցը, որն այսօր դրվում է բանակցային սեղանի օրակարգում՝ դեօկուպացիայի հարցը պետք է մեզ համար լինի կարեւոր գերխնդիր»:

Մշակույթի գործիչ Անուշ Տեր-Մինասյանն էլ հավելեց, որ 19-րդ դարում, երբ հայտնաբերվեց նավթը ու խոշոր ներդրողների համար Բաքուն դարձավ գրավիչ, ձգտեցին Բաքվում ինչ-որ բաներ անել, Բաքվի ոչ միայն արդյունաբերությունը սկսեց բուռն զարգացում ապրել, այլ նաեւ մշակույթը ու դրան նպաստեցին շատ հայեր, որոնք մեծ մասամբ Գանձակից էին, Արցախից էին ու գնացել էին այնտեղ աշխատելու. «Հայ երիտասարդները, որոնք փայլուն կրթություն էին ստացել, ներդրում ունեցան Բաքվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31